ԿարևորՀասարակություն

Պատվաստում կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ հետազոտություն․ հրամանը կա, իսկ Աշխատանքային օրենսգիրքը փոփոխված չէ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության  հարցերը։ Հոկտեմբերի 1–ից աշխատանքի գնալիս կամ պետք է ունենալ քովիդի դեմ պատվաստման հավաստագիր, կամ՝ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան։ «Խստացումների ամենակարևոր նպատակը մահերից խուսափելն է»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավաննեսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ  կորոնավիրուսով վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։

Հակահամաճարակային կանոնների պաշտպանությո՞ւն՝ համավարակի դեմ պայքարի պատճառաբանմամբ, թե՞  մարդու իրավունքների ոտնահարում․ հոկտեմբերի 1–ից ուժի մեջ մտնող հրամանը դիտարկվում է հենց այս տեսանկյունից։ Առողջապահության նախարարի հրամանով   աշխատողները կամ պետք է համավարակի դեմ պատվաստվեն, կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ հետազոտություն անցնեն։ Մի կողմում պաշտոնական պարզաբանումն է՝ թեստավորվել կամ պատվաստվել՝ կոտրելով քովիդի տարածման  շղթան, մյուս կողմում՝ քաղաքացու նկատմամբ անուղղակի  պարտադրանքի կիրառումը։ Ընդորում, թեստավորման համար աշխատողը վճարում է իր գրպանից։ Արդյո՞ք սա շեղում չէ ՀՀ որդեգրած սոցիական քաղաքականությունից՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանին հարցնում է փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը․

«Ինձ նամակ էր գրել մի դպրոցի ուսուցչուհի։ Ասում էր, որ 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ցանկություն չունի պատվաստվելու, բայց չի էլ կարող ամիսը երկու անգամ ՊՇՌ հետազոտություն անցնել։ Ի ՞նչ է պատասխանում պետությունը՝ ի դեմս ձեզ, սոցիալական այս խմբի մարդկանց»։

Արդարադատության փոխնախարարը պետության տեսանկյունից է հարցը ներկայացնում։ Պետությունն իր միջոցներով անվճար  պատվաստում է քաղաքացիներին, սակայն, եթե նրանք չեն ցանկանում օգտվել այդ հնարավորությունից,  պետք է  ՊՇՌ թեստով հավաստի՝ հանրության ու սեփական անձի համար անվտանգ լինելը։

Պետությունը տալիս է անվճար պատվաստվելու հնարավորություն, բայց պատվաստված լինելը քովիդով չհիվանդանալու երաշխիք չէ, ավելի, պատվաստված մարդը կարող է ծանր հիվանդանալ և հայտնվել ծայրահեղ վիճակում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան․  

«Պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում, ինչպես նաև որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել հարյուր տոկոսով որևէ բան։ Կորոնավիրուսի դեմ ընդունվող դեղամիջոցները երաշխավորո՞ւմ են հարյուր տոկոս առողջացում, թվերը ցույց են տալիս` ոչ։ Ցավոք սրտի, վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր, իսկ 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»։

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող խստացումները նպատակ ունեն կանխելու, կանխարգելելու հիվանդացությունը, նվազեցնելու առողջությանը պատճառվող վնասները, կանխելու հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը։ Ամենակարևորը, սակայն, այն է, որ պատվաստումը օգնում է խուսափել մահերից,- վստահեցնում է  նախարարը։  Հայաստանում պատվաստումների ցուցանիշը ցածր է՝ ասում է Ավաննեսյանը։ Ստեղծվել է մի  վիճակ, երբ առողջապահական ու իրավական հարցերը զուգորդվում են։  «Պատվաստումների մասին հրամանը քաղաքացուն կանգնեցնում է փակուղու առջև․ պատվաստումը և ՊՇՌ հետազոտությունը  բժշկական միջամտություններ են, որից յուրաքանչյուր ոք կարող է հրաժարվել «Բժշկական օգնության ու սպասարկման մասին»  օրենքով։ Աշխատանքը չկորցնելու համար, սակայն, մարդը ենթարկվում է  պարտադրանքին»,- նկատում է փաստաբան Արա Զոհրաբյանն ու դիմում արդարադատության փոխնախարարին,- «Համաձա՞յն եք, որ պատվաստվելն ու թեստավորումը բժշկական միջամտություններ են»։

Փոխնախարարի խոսքով՝  հրամանի հիմքում  «ՀՀ բնակչության սանիտարահամաճակարային անվտանգության մասին»  օրենքն է։ Նախարարի հրամանը կա, կան հրամանով նախատեսված ընթացակարգ և պահանջներ, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին չպատվաստված կամ չթեստավորված աշխատողին ազատել աշխատանքից: Այս հստակ ամրագրումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանինն է․

«Եթե դիտարկում ենք Աշխատանքային օրենսդրության կարգավորումների համատեքստում այս խնդիրը, չկա որևիցե կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում, օրինակ, գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները»։

Նկատենք, որ շրջանառության մեջ դրված  «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծով, եթե աշխատողը չի թեստավորվում և 30 օր աշխատանքի չի ներկայանում, գործատուն կարող է աշխատանքից ազատել նրան։

Կարդացեք նաև

Back to top button