
ԱՀ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքն ունի 56 բնակիչ. պատերազմից հետո էլ բոլորը գյուղ են վերադարձել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը:
«Բնակիչների մի մասը պատերազմն ավարտվելուն պես վերադարձել է, իսկ մյուս մասը ժամանակավորապես բնակություն էր հաստատել Արցախի տարբեր գյուղերում, և գյուղ է վերադարձել գարնան սկզբին: Տեղահանված երեք ընտանիք է հաստատվել գյուղում՝ Հակարիից, Քիրսավանից և Հադրութից: Պատերազմից հետո գյուղի դպրոցը վերանորոգվել է, որտեղ սովորում է 8 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. մանապարտեզի ենթակա 7 երեխա ունենք գյուղում: Համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շենքերը կահավորված չեն. ունենք բուժկետ, մշակույթի տուն:
Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Ջրի խնդիր ունենք. պետք է նոր ակունք կառուցվի: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են բարվոք վիճակում: Պատերազմի ընթացքում գյուղի գրեթե բոլոր տները մասնակի վնասներ են կրել. այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում»,- նշել է Գ. Նասիբյանը:
Անդրադառնալով պատերազմից հետո բնակիչների զբաղվածությանը՝ նա ասալ է, որ պատերազմի ավարտից հետո գյուղ վերադարձած 16 ընտանիքների տրամադրվել են մեղվափեթակներ և ընտանի կենդանիներ, ինչը նախադրյալներ է ստեղծել տեղում անասնապահության և գյուղատնտեսության զարգացման համար:




