ԿարևորՔաղաքական

Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերն ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:

Դեսպան Զոհուրին նկատել է, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում:

Երկուստեք շեշտվել է առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:

Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը: 

Անդրադարձ կատարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է: 

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button