ԿարևորՔաղաքական

Շնորհավորական ուղերձների քաղաքական մեսիջները

Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ են հղվել։ Հիմնական շեշտադրումները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ են, բայց կան նաև տարբերվող շեշտադրումներ։ Ուշագրավ  են ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների ղեկավարների ուղերձները։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շեշտում են ՄԽ-ի շրջանակներում հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը, ՌԴ-ն մատնացույց է անում  2020թ․ նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները և կարևորում դրանց իրագործումը։

30 տարվա անկախության պատմություն՝ հաղթանակներ ու  պարտություն, վերելքներ ու վայրէջքներ, ուրախություն ու տխրություն, ժպիտ ու արցունքներ, ձեռքբերումներ ու կոուստներ, զարգացում ու հետընթաց։ Անկախ Հայաստանի հանրապետությունը ճաշակեց ամեն փորձություն, դիմակայեց ամեն հարվածի, ապրեց և ապրեցրեց ու դեռ պայքարում է վաղը անկախ և հզոր Հայաստանում ապրելու համար․․․ Մենք ապավինում ենք լույսի հրաշագործությանը։

Ի՞նչ են մաղթում ու ցանկանում անկախ Հայաստանի հանրապետությանը աշխարհի տարբեր երկրներն ու դրանց ղեկավարները։

Անկախության 30-ամյակի առաջին շնորհավորանքը ստացվեց հեռավոր ԱՄՆ-ից։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի նախագահ Ջո Բայդենը վստահեցնում է՝ կիսում է հայ ժողովրդի ցավն ու պատրաստ է աջակցել․ «Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավրների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ»։

Սա Միացյալ Նահանգներից միակ շնորհավորանքը չէ․ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես շեշտել է ՄԽ շրջանակներում հակամարտության տևական կարգավորման հասնելու անհրաժեշտությունն ու գերիների վերադարձը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել աջակցելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններում, ինչպես նաև ռազմական գործողությունների հումանիտար հետևանքները վերացնելու հարցում, այդ թվում և բոլոր գերիների ազատ արձակումը, անհետ կորածների ճակատագրերի պարզումը և աճյունների ամբողջական ու արագ փոխանակումը»:

Համանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձում ևս շեշտվում է ՄԽ-ի ձևաչափով լուծում գտնելու անհրաժեշտությունը։ «Ֆրանսիան նաև ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել և ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը», -ասվում է Մակրոնի ուղերձում:

«Մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև  Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում»:

Ֆրանսիայից հայ ժողովրդի լավ բարեկամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն իր ուղերձում  նշում է, որ  Հայաստանը պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ իր և իր ժողովրդի գոյության համար։ «Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսուհի ուզում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է  կարող է միշտ ապավինել նրա լիակատար աջակցությանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բուայեն:

Հայաստանի ռազմավարական գործընկեր, Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական կառույցում գտնվող, ՄԽ–ի համանախագահող մյուս երկրի՝  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում խոսք չկա ՄԽ–ի ձևաչափով կարգավորման հասնելու մասին, ուղերձում առավել կարևորվում է  նախորդ տարվա նոյեմբերի 9–ի ու այս տարվա հունվարի 11–ի հայտարարությունների իրագործումը։

«Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը»:

Պուտինը շեշտում  է նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում սերտ համագործակցությունը շարունակելու կարևորությունը։

Դաշնակից երկրից սա միակ ուղերձը չէ,  Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ուղերձում հիշատակվում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման,  ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությւունը։ 

ՀԱՊԿ անդամ  երկրի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս շնորհավորել է  Հայաստանի Անկախության օրվա առիթով, անդրադարձել է Մինսկի ու Երևանի միջև  երկարատև արդյունավետ համագործակցությունը խորացնելու կարևորությանը։

ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը նույնպես հայ–ղազախական հարաբերությունների զարգացման մասին է շեշտել։

Մեր հարավային հարևան երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին էլ մասնավորապես, ընդգծել է, որ տարածաշրջանում ու միջազգային հարթակներում առկա նոր իրողություններն անհրաժեշտ են դարձրել կապերի խորացումը, նախկին համաձայնագրերի կյանքի կոչումը և համագործակցության նոր ոլորտների բացահայտումը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը Հայաստանի կողքին լինելու հակամարտության ու համավարակի հետևանքները հաղթահարելու պատրաստակամության մասին է նշել։

Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը նշել է, որ ՄԹ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը»։

Շնորհավորանքներ ստացվել են նաև Չինաստանից, Կատարից, Օմանից ու Վիետնամից։

30-ամյա անկախ Հայաստանին ու հայ ժողովրդին օրհնանք ու խաղաղություն է մաղթել  Նորին Սրբություն Հռոմի  պապ Ֆրանցիսկոսը․ «Աղոթում եմ Ամենակարող Աստծուն, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման: Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության հետ»։

Հայրենիքի շուրջ համախմբվելու և պայծառ ապագա կերտելու պատգամով է դիմել հայ ժողովրդին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Անկարայի նկտրումներին ու Ադրբեջանից եկող վտանգներին է անդրադարձել, հիշատակել, որ Անկարան հողային պահանջներից հրաժարում է ուզում և Հայոց ցեղասպանության մոռացում։

«Դիվանագիտությունը պետք է ճկուն լինի, բայց ոչ պարտվողական։ Պետք է լինել իրատես, բաց ոչ զիջող։ Հեռատեսություն ու քաջություն պետք է՝ ոչ ասելու Հայաստանի գերագույն շահերը վտանգող իրավիճակներում»,-ասում է Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

Կարդացեք նաև

Back to top button