
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը Ուզբեկստանում, պաշտոնական այցի ընթացքում, հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում սոցիալական և հումանիտար գիտությունների գծով տնօրեն Գաբրիելա Ռամոսի հետ։ Նախարարն ընգծել է Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտ կապերը՝ հիշեցնելով, որ Մեհրիբան Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է։ Այս նախաբանից հետո Քերիմովը ասել է, թե պետք է սկսել համագործակցության նոր փուլ, ու խոսել է Արցախի գրավյալ տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական հանձնախումբ ուղարկել մասին։ Նրանք, իբր, պիտի տեսնեն, թե ինչպես են հայերը տարիներ շարունակ վանդալիզմի ենթարկել ադրբեջանական մշակույթը։ Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ սա Ադրբեջանի հերթական խորամանկ քայլն է, առարկայական ոչինչ ցույց տալու չունեն, և պիտի ձևափոխեն իրականությունն ու պատմությունը․
«Ադրբեջանը ավելի ընդարձակ է ներկայացնելու մշակութային ժառանգություն ասվածը ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Ներառելու է հին դպրոցներ, լքված շենքեր։ Մուսուլմանական կառույցներ կան, բայց դրանք վատ վիճակում չեն։ Կարծում եմ ՝ցույց պիտի տան Շուշիի որոշ կառույցներ, որտեղ ինչ-որ պատերին արձանագրություններ, գրվածքներ են եղել, որոնք մաքրվել են։ Աղդամի, Ֆիզուլիի մզկիթները գուցե ցույց տան, բայց դրանց ձեռք չենք տվել անգամ, ինչպես կան, այդպես էլ մնացել են։ Նաև հին ադրբեջանական գերեզմանոցներ կան, որոնք, էլի, ինչպես կային, մնացել են»,-ասում է Համլետ Պետրոսյանը։
Խնդրի շուրջ զրուցեցինք նաև Գագիկ Գյուրջյանի հետ․ նա «ԻԿՕՄՕՍ Հայաստան» կազմակերպության նախագահն է։ Նրա խոսքով՝ հարկավոր է ձեռնարկել ամեն քայլ, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը լինի համատեղ, այսինքն, ներկայացուցիչներ լինեն նաև Հայաստանից։ Գյուրջյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պահն օգտագործելու է և պատերազմի հետևանքով ավերված, ռմբակոծված աննշան մի բանն անգամ ներկայացնելու հանձնախմբին․
«Ադրբեջանը ներկայացնելու է Աղդամի լքված թանգարանը։ Կասեն, որ թալանել ենք։ Առհասարակ, ինչ կա, եթե անգամ ժամանակին իրենք են ավերել, կամ պատերազմի հետևանքով վնասվել, ամեն ինչ աղավաղելու են և վերագրելու են մեզ»,-ասում է Գագիկ Գյուրջյանը։
Ավելի վաղ, «Ռադիոլուր»-ի խնդրանքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ազգային հանձնաժողովի քարտուղարությունը ներկայացրել էր բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք խախտել է Ադրբեջանը՝ պղծելով կամ ավերելով Արցախի գրավյալ տարածքներում մնացած հայկական մշակութային արժեքները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային հանձնաժողովի քարտուղարությունից ասել էին, որ իրականացվում է ամեն բան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական հանձնախումբ Արցախի գրավյալ տարածքներ բերելու համար։ Հայկական կողմի ջանքերով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում 2020 թվականին ստեղծված հանձնաժողովի դեկտեմբերյան նիստում ընդգծվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցի անհրաժեշտությունը Արցախ։
Արձագանքելով հայտարարությանը՝ կառույցի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել էր, թե մի քանի անգամ արդեն դիմել են Ադրբեջանի իշխանություններին, սակայն դրական պատասխան չեն ստացել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական այցի առաջարկին չարձագանքելուց հետո Ադրբեջանի մշակույթի նախարարությունն ինքն է առաջարկում հանձնախումբ բերել Արցախ։ Ե՞րբ կլինի այդ այցը կամ կլինի, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։





