
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում նախագահողի կարգավիճակից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, հիմնականն ու տեսանելին լինելու է կառույցի ղեկավար մարմինների նիստերի հյուրընկալումը Հայաստանում՝ կարծում է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ում նախագահելը, նրա դիտարկմամբ, հնարավորություն է տալու կառույցի օրակարգ բերել այն հարցերը, որոնք հայկական կողմի համար առաջնահերթ կարևորություն ունեն։
«Բայց պետք է հիշել ՀԱՊԿ-ի առանձնահատկությունը՝ բոլոր որոշումներն այստեղ ընդունվում են կոնսենսուսով, իսկ սուր խնդիրները քննարկվում են փակ ձևաչափով»-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է վերլուծաբանը։
Հայաստանն այսօր ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:
Ի՞նչ է ենթադրում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնումը, ի՞նչ գործնական հետևանքներ կարող է ունենալ և ինչպե՞ս է ազդելու այդ կառույցում մեր երկրի անվտանգային խնդիրներն արծարծելու վրա։




