ԿարևորՀասարակություն

Ֆիզիկայի գիտավանի բնակիչները շարունակում են բողոքել

Ֆիզիկայի գիտավանի բնակիչները շարունակում են պայքարը կառուցապատող  ընկերության  դեմ։ Այսօր արդեն «Ռատկո» ընկերությունը մեծ տեխնիկայով  է սկսել ծառահատումները։ Քաղաքացիները  դժգոհության իրենց ակցիան  շարունակել են քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետից րոպե առաջ կանգնեցնել,  իրենց ձևակերպումներով, ապօրինի շինարարությունը։  

Առավոտից Ֆիզիկայի գիտավանի բնակիչները նորից բողոքի են դուրս եկել։  «Ռատկո» ընկերության տեխնիկան շարունակում է տապալել  40-60 տարեկան  ծառերը։  Ինչպես բնակիչներն են ասում, չկա որևէ կառույց, որը կդադարեցնի,  իրենց ձևակերպմամբ, ապօրինի շինարարությունն ու  տեր կանգնի  ծառերին՝ մինչև իրավական կարգավորումները։ Գիտավանի մի բնակիչ ասում է․

«Ափսոսում ենք ու ցավում, որ ծառերն այս պահին տապալվում են, և չորրորդ օրն է։ Մեկ տեխնիկայով մեկ օրում ընդամենը 7-8 ծառ կարողացան  կտրել, այնուհետև երեք գերհզոր տեխնիկա են բերել, և երեք օր շարունակ ջարդը գնում է»։

Մինչ տեխնիկան  աշխատում է ֆիզգառադոկում, բնակիչները ելքեր են փնտրում։ Նրանք նախ գնացին Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը քննելու էր բնակիչների բողոքարկումը՝ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։ Եթե գործը ժամանակին հարուցվեր, հնարավոր կլիներ կանխել, բնակիչների որակմամբ, ապօրինի շինթույլտվության տրամադրումն  ու շինաշխատանքների մեկնարկը։ Նիստը, սակայն, պարզվեց՝ հետաձգվել է և կկայանա սեպտեմբերի  23–ին։

«Էլ ճանապարհ  չի թողնվում մեզ։ Այսինքն՝ քրեական գործը հարուցվել է, և չկա մի մարմին, որին մտահոգում է, որ այդ տարածքում ոչնչացվում են  ապացույցները։ Քննիչն ինչ–որ հորդոր, գրություն – միջնորդություն է ուղարկում քաղաքապետարան, սակայն   քաղաքապետարանը բավարար հիմք չի համարում կասեցնելու համար, բնակիչները գնում են դատախազություն միջնորդություն են ներկայացնում կասեցնելու, և այդպես անվերջ շրջապտույտի մեջ ենք»,-ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Դատարանից  հետո բնակիչները քաղաքապետարանի դիմաց էին, իսկ ներսում ընթանում էր ավագանու նիստը։ Ավագանու մի քանի անդամներ հանդիպեցին բնակիչներին, լսեցին, հետո «Իմ քայլից» ավագանու անդամ  Գրիգոր Երիցյանը խնդիրը ներկայացրեց նիստում։ Ասաց, որ ըստ բնակիչների՝ նախկինում տարածքում ապօրինի  օտարում և սեփականաշնորհում է եղել, երեկ քաղաքապետարանը գործով զբաղվող քննիչից ստացել է գրություն։ Ինչպե՞ս է այս գրությանն  արձագանքում քաղաքապետարանը։  

Քաղաքապետ Հայկ Մարության․ «Ուզում եմ ասել, որ Երևանի քաղաքապետարանն այստեղ գործում է բացառապես օրենքի շրջանակում։ Իմ ուշադրության կենտրոնում են այս բոլոր խնդիրները»։

Այս հայտարարությունից հետո քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիները  փակեցին  Արգիշտի փողոցը։ Երթևեկությանը խոչընդոտելու համար ոստիկանության աշխատակիցներն  ակցիայի մասնակիցներին ուժով նստեցրին ոստիկանական մեքենաներ ու տարան։

Բնակիչների  հետ հանդիպման  իջած «Իմ քայլը» խմբակցության  ավագանու անդամները  բնակիչներին բացատրում էին, թե քաղաքապետարանը կարող է կասեցնել  շինարարությունը, եթե իրավական  հիմքերն  ուղարկվեն  քաղաքապետարան։

Քաղաքացիների իրավապաշտպան  Դավիթ Ազիզյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պնդում է՝ վիճելի տարածքի վրա տարածվում են հողային օրենսգրքի 60–րդ հոդվածի սահմանափակումները։ Այն է՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են, կառավարության սահմանած ցանկով տրամադրված են պետական գիտահետազոտական կազմակերպություններին` մինչև սահմանված կարգով դրանց լուծարումը։

«Վեճի առարկա հանդիսացող հողամասը գտնվում է 60–րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա գույք չի եղել։  Այդ տեղեկատվությունը ստանալու համար բազմիցս ենք դիմել քաղաքապետարան, սակայն անհիմն կերպով մերժել են»։

Գիտավանի բնակիչների հետ հանդիպած ավագանու անդամները խոստացան անել ամեն ինչ՝ շինաշխատանքները կանգնեցնելու ուղղությամբ։ «Ծառահատումներ տարածքում չեն կատարվում, սակայն մայթերի բարեկարգման աշխատանքներ են սկսվել ն», -ավելի ուշ «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց Ֆիզիկայի գիտավանի բնակիչ Լուսինե Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Back to top button