
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Վերջին տարիներին Հայաստանում կա՞ արդյոք ինքնասպանության դեպքերի աճ, թե՞ ոչ. ինչպես զարգացող երկրների մեծ մասում, այնպես էլ Հայաստանում հստակ վիճակագրություն գոյություն չունի: Հայաստանում ինքնասպանության տանող պատճառների ցանկում մասնագետներն առանձնացմնում են հատկապես կպչուն և սևեռուն խանգարումները, որոնք ինչ- որ առումով նաև ընտանեկան դաստիարակության արդյունք են։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 29-31-ը Երևանում կկայանա համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրասիան է» թեմատիկ գիտաժողովը, որին կմասնակցեն մասնագետներ աշխարհի տարբեր հեղիանակավոր կազմակերպություններից:
Գիտաժողովի շրջանակներում Երևանում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան-համաճարակաբան Քրիստինա Հովենն, ով պատանիների շրջանում հոգեկան առողջության խնդիրների ուսումնասիրման նպատակով Հայաստանում , ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներում, հետազոտություններ է իրականացրել 2003 թվականին: «Այդ հետազոտության նպատակն էր պարզել հոգեկան առողջության վերաբերյալ դպրոցներում տեղեկատվության տարածման առավել արդյունավետ մեխանիզմները: Սա իմ 5-րդ այցն է Հայաստան և ես ունեմ բոլոր նախադրյալները հավատալու, որ տեղի կառավարությունն ու հասարակությունն ունեն լուրջ ցանկություն ներգրավվելու երեխաների հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների լուծման գործընթացներում: Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած խնդրի կանխարգելումն առավել արդյուանավետ է, քան՝ դրա հետևանքների վերացումը: Հայաստանում ես նկատել եմ մի բան` այստեղ ծխախոտը չափազանց էժան է և հասանելի երեխաներին, ինչը խթանում է նրանց շրջանում ծխողների թվի ավելացմանը: Մինչդեռ՝ որպես կանխարգելման միջոց, ինչպես ընդունված է բազմաթիվ երկրներում, ծխախոտը պետք է անհասանելի լինի երեխաներին»: Քրիստինա Հովենի պնդմամբ՝ երեխաների հոգեկան առողջության առնչվող հարցերում ևս շեշտը պետք է դրվի կանխարգելաման միջոցառումների վրա:
ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի համոզմամբ՝ Երևանում կայանալիք գիտաժողովը հնարավորություն կտա դասեր քաղել մեզանում կուտակված խնդիրները լուծելու համար։ Հայաստանում այս ոլորտում նախ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, կարծում է նա։ Հասրակության հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից Խաչատուր Գասպարյանը կարևորեց հատկապես ԶԼՄ-ների դերը: Ի դեպ՝ նշենք, որ հայկական հոգեբուժական ասոցիացիան պատրաստել է ուղեցույց մեդիա մասնագետների համար, որը հնարավորություն կտա զերծ մնալ լրագրողական էթիկայի կոպիտ սխալներից, որոնք բավականին հաճախ թույլ են տրվում, մասնավորապես, ինքնասպանության դեպքեր լուսաբանելիս:




