ԿարևորՀասարակություն

Ընտրական օր խորհրդարանում

Ազգային ժողովի շարունակվող նստաշրջանում պատգամավորներն այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր են ընտրել։ Բարձրագույն դատական խորհուրդը  թափուր տեղի համար 3 թեկնածություն է առաջարկել։ Նրանց ներկայացրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքով  80  կողմ  ձայնով Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Հովսեփ Բեդևյանը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը։

Խորհրդարանականներն այսօր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ են ընտրել ։ Քվերակություններին  ընդդիմադիրները  չեն  մասնացել։

Հերթական նիստերի երկրորդ օրը խորհրդարանում ընտրական էր։ Պատգամավորները նախ կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի անդամ, ապա Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեցին։ Երկու հաստիքներն էլ թափուր են արդեն տևական ժամանակ, դրանք համալրելու գործառույթը Սահմանադրությամբ խորհրդարանինն է։

Հակակոռուպցիոն հանձնաժողովի թեկնածուի քննարկմանը  ընդդիմությունն արձանագրեց․ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում կենտրոնական դերակատարումը քաղաքական ընդդիմության է՝ որպես զսպող օղակի: Մինչդեռ   գործող մոդելը զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը` կարծում  է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Նրա դիտարկմամբ՝ սկզբունքային է հարցը, թե, ի վերջո, ինչպես են պատկերացնում հակակոռոպցիոն քաղաքականությունն ու պայքարը մեր երկրում։

«Իմ խորին համոզմամբ՝  հակակառուպցիոն քաղաքականությունը չի կարող ունենալ  դրական արդյունք, նախ այն պատճառով, որ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթը ու պատճառը իշխանական լծակն է թե ֆինանսական ռեսուրսների հասանելիության, թե դրանց բաշխման որոշումների կայացման մակարդակում»։

Խորհրդարանական ընդդիմությունը  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը չմասնակցեց ։ 66 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովի անդամ ընտվեց Մարիամ Գալստյանը։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, անկուսակցական, աշխատանքային գործունեությունը հիմնականում առնչվել է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը: 

Դատաիրավական ոլորտին վերաբերող քննարկումը շարունակվեց վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու վարչական պալատի թափուր տեղի համար առաջադրված երեք թեկնածուների ներկայացման ժամանակ։ Նրանց առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը։ Թեկնածուներին ներկայացնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր  Գագիկ Ջհանգիրյանի կարծիքը ԱԺ երեք պատգամավորների կալանավորման իրավաչափության վերաբերյալ։

«Մենք ունենք 3 գործընկեր, որոնք այս պահին անազատության մեջ են։ Ընդ որում՝ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Թեև որպես ԱԺ պատգամավորներ , ժամանակին ԿԸՀ  թույլտվությունն է եղել։ Խնդրում եմ որպես գիտնական–իրավաբանի ձեր կարծիքը։       

«Հարցը դատական բողոքարկումների փուլում է։ Եթե այդ հարցի վերջնական լուծման ընթացքում որևէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի, ԲԴԽ կազմից պետք է ինքնաբացարկ հայտնեմ, քանի որ այդ հարցի վերաբերյալ հրապարակած կլինեմ իմ կարծիքը»։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի գնահատմամբ՝ դատական իշխանությունն այսօր  անկախ է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունից։  Ջհանգիրյանի խոսքով՝  իր շփումները իշխանության ներկայացուցիչների հետ սահմանափակ են և խիստ կոնկրետ դեպքերում՝    երբ Ազգային ժողովում պետք է դատավորների թեկնածուներ ներկայացնի  կամ բյուջեի հայտ ներկայացնի գործադիր իշխանությանը։ Մնացած դեպքերում իշխանության որևէ ներկայացուցչի հետ չեմ համագործակցում, եթե նրանք իր անձնական ընկերները չեն՝ հայտարարեց Ջհանգիրյանը։  Ընդդիմադիրները հակառակ կարծիքին են։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն, օրինակ,   կարծում է, որ ԲԴԽ նախագահն  ուղիղ ազդեցություն ունի դատական համակարգի վրա։

«Դուք դատական իշխանությունը դարձրել եք գրպանային իշխանություն՝ ասաց Թագուհի Թովմասյանը։ Ջհանգիրյանն արձագանքեց՝ ԲԴԽ–ն որևէ  դատավարական գործառույթով օժտված չէ․ հիմա ես դժվարանում եմ պատկերացնել, թե խորհրդի մեկ անդամը ինչպես  կարողանում իրականացնել այդ  ճնշումները» ։

Գագիկ Ջհանգիրյանը կարծում  է, որ  դատավորները գերծանրաբեռնված են, նրանց աշխատավարձերը պետք է վերանայվեն։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց՝ դատավորների, դատախազների ու քննիչների աշխատավարձերը չկարողացան բարձրացնել, քանի որ քովիդով պայմանավորված բյուջեն խնդիրներ ուներ։ Նա հույս ունի, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի, բայց նաև հետաքրքվում է․

«Ո՞րն է դատավորի այն աշխատավարձը, որը հնարավորություն կտա իսկապես որակյալ կադրեր ներգրավել դատական իշխանություն։

«Այն աշխատավարձը, որը ԱԺ–ն կորոշի»։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքով  80  կողմ  ձայնով Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը։ Մինչ այժմ  նա զբաղեցրել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։

Կարդացեք նաև

Back to top button