ԿարևորՀասարակություն

Սևանն ապօրինությունից կմաքրի ազգային պարկը, ոչ թե կապալառուն

«Սևան» ազգային պարկում վերսկսվելու են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Այս անգամ դրանք իրականացնելու է ոչ թե կապալառու ընկերությունը, այս ազգային պարկը՝ սեփական տեխնիկայով։ Այս նպատակով 4 միավոր տեխնիկա է ձեռք բերվել, որը Հայաստանում կլինի մեկ ամսվա ընթացքում։ «Սևան» ազգային պարկի տնօրենի ժ/պ Արման Աբելյանը նշում է՝ սա միայն առաջին փուլն է, առաջիկայում նոր տեխնիկա ևս ունենալու են․

«Մինչև անցած տարի գործընթացը իրականացվել է մրցութային կարգով․ կառավարության հայտարարած մրցույթին համապատասխան կապալառուն է կատարել։ Այս տարի կառավարության հատկացրած գումարով որոշվել է տեխնիկա ձեռք բերել, ինչի արդյունքում ազգային պարկը կունենա ավտոպարկ և իր միջոցներով կիրականացնի ապամոնտաժման, մաքրման աշխատանքները»։

Պետության և կապալառուի միջև կնքված պայմանագրի պահանջով 2019-21 թվականներին պետք է մաքրվեր 750 հեկտար ջրածածկ տարածք, դրանից 250 հեկտարը՝ 2021–ին։ Կապալառուն պատշաճ չի կատարել իր աշխատանքը․ մանրամասնում է շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը․

«Պարզվեց, որ մաքրման աշխատանքները կապալառուի կողմից իրականացվել են պայմանագրով սահմանված պարտավորությունների որոշակի խախտումներով։ Շուրջ 50 հեկտար չէր մաքրվել։ Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ նախարարությունը միակողմանի հրաժարվեց կապալառուի հետ պայմանագրից, պայմանագիրը լուծվեց։ Խախտումների փաստաթղթերը ուղարկվել են դատախազություն, և հիմա ընթանում է այդ գործընթացը»։

Պայմանագրի խզումից հետո «Սևան» ազգային պարկը փորձել է իր միջոցներով կատարել մաքրման, ապամոնտաժման աշխատանքներ։

«Փետրվարին շուրջ 3 տասնյակ ապօրինի շինություն քանդվել է, սակայն հասկացանք, որ աշխատանքն ավելի մեծ ռեսուրսներ է պահանջում, ու քանի որ «Սևան» ազգային պարկը չուներ բավարար միջոցներ, մենք ձեռնամուխ եղանք սեփական միջոցների հզորացմանը։ Այն գումարով, որը նախատեսված էր տալ կապալառուին, ձեռք կբերվի սեփական տեխնիկա, և ազգային պարկը կկարողանա նորից լծվել քանդման աշխատանքներին»։

Արման Աբելյանը նշում է՝ ձեռք բերված տեխնիկայով մինչև տարեվերջ կանեն կապալառուի չարած գործը՝ կմաքրեն 50 հեկտարը։ Եթե տարածքում լինեն ապօրինի շենք-շինություններ, ապա դրանք ևս կապամոնտաժվեն։

«Գույքագրվել է 1630 շենք-շինություններ, որոնք գտնվում են 1901.5 մետր նիշից ներքև և  արդեն ջրածածկ են։ Դրանք ինքնակամ շինություններ են, չունեն պետական գրանցումներ և առաջնահերթ ենթակա են ապամոնտաժման։ Շենք–շինություն ասվածը կարող է լինել փոքր ցանկապատ, մեծ հիմնավոր շենքեր, այսինքն հարաբերական է»։

Առաջին գոտում գտնվող և արդեն ջրածածկ 1600 ապօրինի շինություններից ազատվելուց հետո հերթը հասնելու է  երկրորդ խմբի՝ 1905 մետր նիշից ներքև գտնվող շինություններին, որոնց գույքագրումն արդեն արվել է։ Նախնական տվյալներով՝ թիվը հասնում է 3800-ի։

Թվերի հակառակ կողմում հարցն է՝ ինչպե՞ս են կառուցվել այս շինությունները։ Դատախազությունը տարեսկզբին Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության վերաբերյալ ծավալուն ուսումնասիրություն էր իրականացրել ։ Դրա արդյունքում պարզվել էր, որ 1905 մետր բացարձակ նիշից ցածր տարածքում ընդհանուր շուրջ 110 հազար քմ տարածք զբաղեցնող հասարակական ու արտադրական նշանակության 110 շինություն կա: Դրանց նկատմամբ կառուցապատման, վարձակալության և սեփականության իրավունքները ձեռք են բերվել 2011-2020թթ.-ի ընթացքում:

Ըստ դատախազության՝  այս վիճակագրության  «ձևավորման» մեջ մասնակցություն ունեն  նաև ազգային պարկ ՊՈԱԿ-ի իրավասու ները․ նրանք,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել «Սևան» ազգային պարկի պահպանության իրենց պարտականությունները: Ուսումնասիրության արդյունքներով հարուցվել էր քրեական գործ։

Կարդացեք նաև

Back to top button