
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում հանրային դժգոհությունների ալիք է բարձրացել: Բնակիչներն ավագանուն լիազորել են արտահերթ նիստ գումարել ու իրենց անհամաձայնությունը հայտնել խոշորացման նախատեսվող տարբերակին: Առաջիկայում նախատեսվում է 15 գյուղերով նոր փունջ ձևավորել, 15-ից մեկն էլ լինելու է Մարգահովիտը։ Կենտրոն դառնալու է Փամբակը, որը Մարգահովիտից հեռու է 30 կմ և որի հետ Մարգահովիտը չունի ընդհանուր սահման: Գյուղի 400-ից ավելի բնակիչ իրենց անհամաձայնությունն են հայտնել ինքաբուխ ստորագրահավաքի տեսքով։
Մարգահովիտ համայնքի ավագանին արտահերթ նիստում համայնքի անունից անհամաձայնություն հայտնեց սեպտեմբերի 8-ին կառավարության հավանությանն արժանացած խոշորացման նախագծին: Խոշորացման այս տարբերակին մարգահովիտցիները դեմ են։
«Համաձայն չեն մարդիկ, որ միանանք, որովհետև մեր գյուղն օրինակելի գյուղ է եղել՝սուբվենցիոն ծրագրերի կատարման մեծ քանակով։ Եթե համեմատենք հարևան գյուղերի հետ, մեր գյուղը բոլորից առաջ է, մեզ ո՞ւր են տանում միացնում մի ուրիշին, թող ուրիշը բերեն էստեղ, էդ օրինակելի ծրագրերը կտեսնեն, հա՛մ կսովորեն, հա՛մ առաջ կգնան»:

«Ինչո՞ւ հենց Փամբակ կենտրոնով». Մարգահովիտցիները փնտրում ու չեն գտնում՝ որտեղ է տրամաբանությունը.Փամբակի հետ իրենց գյուղն ընդհանուր սահման չունի։ 400-ից ավելի ստորագրություններով գյուղի բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնել կառավարության նախագծին։ Ավագանու անդամ Սերյոժա Սարդարյանի խոսքով՝ խնդրին տեղյակ է նաև մարզպետը: Հավաստիացրել է, որ իրենց ձայնը կհասցնի վերևներին.
«Մեր խնդրանքն ու պահանջը ամբողջ համայնքի անունից այն է, որ հարցը ԱԺ—ում պարտադիր դնեն քննարկման, անպայման լսեն»:
2021 թվականի սեպտեմբերի 8-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց 441 համայնքի միավորում նախատեսող նախագիծը: Ըստ այդմ՝ 3600 –ից ավելի բնակչով Մարգահովիտը 14 գյուղերի հետ կմիավորվի 1 փնջում: Համայնքի կենտրոնը կլինի 380 բնակիչ ունեցող Փամբակը: Կառավարության նախագծով ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը չեն խոշորացվելու։ Մինչդեռ Մարգահովիտը միակ գյուղն է, որ գտնվում է 2 մոլոկանաբնակ գյուղերի միջև: Կարելի էր միավորվել այդ գյուղերի հետ՝ Մարգահովիտ կենտրոնով: Մարգահովիտի բնակիչ Էմիլիա Մարտիրոսյանն ասում է, որ խոշորացումն այս ձևով հակասում է համայնքների խոշորացման հայեցակարգին.
«Հայեցակարգն ասում է, որ հարակից համայնքներն են խոշորանում, որոնք ունեն վարչական սահման, և կենտրոնը պիտի լինի առնվազն 3000 բնակչով, պետք է իրարից 20 կմ հեռու չլինեն: Աշխարհագրորեն մեր 2 կողմերն ազգային փոքրամասնություններ են, կա հատուկ կետ, որ ազգային փոքրամասնությունները չեն խոշորացվում, և իրենք որոշել են օգտվել իրենց այդ իրավունքից: Հայաստանում օրենքը պետք է պահպանվի: Հայեցակարգով այլ կետեր էլ են նշված, որոնք չեն պահպանվում: Մենք ընդամենը խնդրում ենք կառավարությանը, որ Մարգահովիտը չխոշորանա օրենքների խախտումով: Չէ՞որ, մենք դա մերժել ենք 2018 թվականին»:

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանն ասում է, որ իրենց մշտադիտարկման արդյունքներով ամենաանհաջողը Փամբակի փունջն է, որը չի ենթարկվում որևէ տրամաբանության։ Նրանք նախաձեռնող խումբ են ձևավորել: Խմբի անդամներից Արբակ Սարգսյանը հորդորում է ավագանուն սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստին ընդառաջ դիմել Ազգային ժողովին՝ խնդրելով վերանայել այս մոտեցումը, քանի որ խախտվել է մասնակցային կառավարման սկզբունքը:
«Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ մասնակցային կառավարում այստեղ ընդհանրապես տեղի չի ունեցել»:
Մարգահովիտը կայացած, զարգացած ենթակառուցվածքներով, ինքնաբավ գյուղ է: Մարգահովիտցիները խոշորացմանը դեմ չեն, դեմ են Փամբակ փնջի մեջ՝ Փամբակ կենտրոնով միավորվելուն: «Համայնքների համաչափ զարգացմանը դեմ չենք, բայց ոչ մեր համայնքի հաշվին»,- հստակեցնում է դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը։ Նա խոշորացման իր տարբերակն ունի.

«Մի քիչ անհասկանալի է՝ այդքան խոշոր միավորում՝ և Փամբակ կենտրոնով: Ի՞նչ է նշանակում ազգային փոքրամասնություններ ունեցող համայնքները չեն միավորվում։ Իմ կարծիքով օրենքը բոլորի համար է։ Ամենառեալ տարբերակը. թող խոշորանա Մարգահովիտ-Ֆիոլետովո-Լերմոնտովո-Անտառաշեն գյուղերով, նորմալ համայնք է, ինչ է եղել: 50 միլիոն դրամ մենք խնայողություն ենք արել այն նպատակով, որ եկող տարի ևս իրականացնենք սուբվենցիոն ծրագիր։ Նորաստեղծ համայնքը կերաշխավորի՞, որ այդ 50 միլիոնը Մարգահովիտում է մնալու, և մենք ենք տնօրինելու»։
Մարգահովիտցիները հիշեցնում են 2018-ի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ տավուշյան հանդիպումից։ Նա վստահեցրել էր, թե այսուհետ առանց համայնքների համաձայնության՝ խոշորացման գործընթաց չի իրականացվելու: «Ինչո՞ւ հիմա որոշեցին առանց իրենց կարծիքը հաշվի առնելու խոշորացնել»,- ասում է մարգահովիտցի Նվեր Պոստոլակյանը:
«Եթե կա կայացած համայնք, ի՞նչ իմաստ ունի գործող համայնք տանեն միացնեն մի թույլ համայնքի հետ: Թո՛ղ թույլերը միանան իրար, ոչ թե հզորին տանեն թուլացնեն»։
Սուրեն Սարդարյանն է վրդովվում: Ասում է՝ կգնանք ծայրահեղ քայլերի, եթե դա օգուտ կբերի մեր որոշմանն ու մեր ժողովրդի ցանկությանը:

«Համայնքն իր համաձայնությունը չիտալու: Մենք որոշ ժամանակ առաջ ընտրություններ անցկացրինք, ձայններս տվեցինք մեծամասնություն ներկա իշխանություններին, բայց մեր ձայնն էլ պիտի լսելի լինի: Եթե պահը լինի, ծայրահեղ քայլեր կլինեն, ես դա հավաստիացնում եմ»։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ Փամբակը կենտրոն է ընտրվել՝ ելնելով կենտրոնական դիրքից, ինչ մնում է հանրային լսումներին, Գիլոյանի պնդմամբ՝ մարզում բազմաթիվ հանրային լսումներ են եղել:

«Ուղղակի օդից չի ընտրվել, դա ընտրվել է մարզպետարանում քննարկումների շարքի արդյունքում, համայնքների ղեկավարների, ավագանիների հետ: Էդ ձևաչափով փաստաթուղթը քննարկվել, եկել-հասել է Երևան: Ինձ բացատրել են, որ Փամբակը ճանապարհի վրա է, ամենակենտրոնական դիրք է գրավում այդ համայնքների փնջում, ինչպես նաև նորակառույց գյուղապետարանի շենք ունի, մոտավորապես նման բացատրություն են ստացել: Երբևիցե նման հարց մարգահովիտցիները չեն բարձրացրել: Տարբեր ձևաչափերով լսումներ եղել են: Հիմա կարող է հենց Մարգահովիտի մեջ չի եղել, կողքի գյուղում է եղել, որտեղ հրավիրվել են նաև մարգահովիտցիները»:
Հիշեցնենք՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ համայնքների խոշորացման քաղաքական որոշումն արդեն կայացված է: Չբացառելով դժգոհությունները՝ Փաշինյանը հորդորել էր նաև չտրվել սադրանքներին։




