ԿարևորՀասարակություն

Հների հետ Սյունիքում կպայքարեն նոր ստեղծված ուժերը

2021 թ․հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Որոշ համայնքներում՝ հիմնականում փոքր գյուղերում, ընտրությունները մեծամասնական են։  Այս ընտրակարգով են ավագանու անդամներ ու համայնքի ղեկավար ընտրելու Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Շամիրամ, Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղերում։

Խոշոր համայնքներում  ընտրությունները համամասնական  ընտրակարգով են անցկացվելու։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում այս ընտրակարգով արդեն  2-րդ անգամ են ավագանու անդամներ ընտրելու, իսկ Գորիսում, Մեղրիում, Տեղում, Տաթևում և Դիլիջանում  ավագանու առաջին  համամասնական ընտրություններն են։ Մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները պետք է տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածուների ցուցակ ներկայացնեն։ Դրանցում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։ Երեկ ավարտվել է Ընտրական օրենսգրքով  առաջադրումների համար նախատեսված ժամկետը։ Թեժ ընտրապայքար է սպասվում Սյունիքում, հատկապես Գորիս համայնքում։ Այստեղ առաջադրվել է համայնքի կալանավորված ղեկավար Առուշ Առուշանյանը։ Մասնակցության հայտ են ներկայացրել նաև Հայաստանի կոմունիստները։ Նրանց ընտրական ցուցակի առաջնորդը կին է։

Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ և Տաթև բազմաբնակավայր համայնքներում հոկտեմբերի 17-ի ավագանու համամասնական  ընտրություններին հին ուժերի հետ պայքարելու են նաև նորաստեղծ կուսակցությունները։ Մեղրիում մասնակցության հայտ  է ներկայացրել 4 քաղաքական ուժ. ՔՊ–ի հետ ընտրապայքարին մասնակցելու են  Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն», Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր», Սամվել Բաբայանի  «Ազատական» կուսակցությունները։ Վերջինն առաջինն է պահանջվող փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով  ներկայացրել։  Ընտրական ցուցակում 19 թեկնածու  է, ցուցակը  գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը։ Կուսակցությունն արդեն կարգախոս ունի՝ «Հանուն Մեղրիի նոր ապագայի»։ Լսենք Խաչատուր Անդրեասյանին․

«Որպես համայնքի բնակիչ՝ ծանոթ եմ համայնքի խնդիրներին։ Դրանք շատ բազմաբնույթ են՝ սկսած անվտանգությունից  մինչև ոռոգման, գազաֆիկացման, միջհամայնքային ճանապարհների նորոգման հարցեր։ Հաջողության դեպքում, կարծում եմ, կկարողանամ թեթևացնել բնակիչների հոգսերը»։  

Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի արդեն նախկին պետ Բագրատ Զաքարյանը։ Այս ցուցակում նույնպես 19 թեկնածու է ընդգրկված։ Պահեստազորի գնդապետ թեկնածուն «Ռադիոլուրին» ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի թեկնածուների գրանցումից հետո, բայց մանրամասնեց, թե ինչու է ազատվել աշխատանքից։

«Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն։ Օրենքի պահանջ էր՝ կամ պիտի գնայի արձակուրդ, կամ աշխատանքից ազատվեի։ Ես նախընտրեցի երկրորդը։ Ազատվել ու նախապատրաստվել քարոզարշավի»։

Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցության Մեղրի համայնքի ավագանու 19 հոգանոց ընտրացուցակի առաջին համարը ՎՏԲ-Հայաստան բանկի  Մեղրու մասնաճյուղի հաճախորդների սպասարկման մենեջեր Արմեն Հայրապետյանն է։ Նա ևս նախընտրում է հարցերին քարոզարշավի մեկնարկից հետո պատասխանել։

«Քանի որ քարոզարշավը չի սկսել, եկեք հարցերին պատասխանեմ այդ ժամանակ»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանը։ Իշխող կուսակցության ավագանու անդամների ընտրական ցուցակում 45 թեկնածու է ընդգրկված։

Գորիս համայնքում ավագանու հերթական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել  4 քաղաքական ուժ։   Ընտրապայքարի մեջ է նաև  համայնքի կալանավորված ղեկավար Առուշ Առուշանյանը։ Նա գլխավորելու է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցություններից կազմված «Առուշանյան» դաշինքը, որի ցուցակում  50 թեկնածու է ընդգրկված։

Այստեղ մասնակցության հայտ է ներկայացրել  նաև  Հայ ազգային կոնգրեսը։  Ցուցակը գլխավորում է  Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում բացատրում է, թե ինչու է ՀԱԿ–ը որոշել  այս բարդ իրավիճակում մասնակցել ընտրություններին։ Կարեն Լազարյան.

«Այսինքն նման իրավիճակում չի կարելի՞ առաջադրվել։ Առաջադրվել ենք, որովհետև վստահ ենք, որ կարող ենք ի շահ Գորիսի ծառայել»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  35 հոգանոց  ցուցակի առաջին հորիզոնականում Վլադիմիր Աբունցն է։ Նա Ագարակի մաքսակետի նախկին տնօրենն է, այժմ չի աշխատում։  Պայքարից չի վախենում է, կարծում է՝ առողջ մրցակցություն է սպասվում։

«ՔՊ վարչության փակ նիստում երկար քննարկումներից հետ կանգ առան իմ թեկնածության վրա։ Հաշվի է առնվել իմ երկարամյա աշխատանքային փորձը պետական համակարգում, իմ անցած ճանապարհն ու համայնքի բնակչության մեծամասնության կարծիքը»։

Գորիսի ավագանու ընտրություններին կմասնակցի  նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 թեկնածուով։ Ցուցակի առաջին համարը 73–ամյա Ալվարդ Իսախանյանն է. Գորիսում երկար տարիներ ֆրանսերեն է դասավանդել։ Մտավախություն չունի, որ մրցակիցներն ավելի երիտասարդ են,  ասում է՝ թող մասնակցեն ու հաղթեն։ Ալվարդ Իսախանյան։

«Ես որոշեցի մասնակցել, որովհետև ինչքան նայում եմ շրջապատիս, ոչ մի կուսակցություն սրտանց չի կպնում մեր Հայաստանի ցավոտ հարցերին։ Հույսս դրել եմ կոմունիստական կուսակցության վրա, գիտեմ՝ ոնց են աշխատել։ Անկախ նրանից ՝կընտրվեմ թե չէ, գոնե մի լումա կթողնեմ մեր Գորիսում»։

Տաթևի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագրի»  ցուցակը գլխավորում է Տաթևի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթևոսյանը։  Նա ընտրությունները պայքար չի համարում։ Ասում է՝  ընտրողն է որոշելու, թե ով  աշխատի։

Տաթևի ավագանու ընտրություններին մասնակից երկրորդ ուժը Շահեն Հարությունյանի «Շանթ դաշինք»–ն  է։  Ցուցակը գլխավորում է  նախկին զինվորական Սամվել Լալայանը։  

«Ինչու որոշեցի, որովհետև իմ կարիքը կզգացվի։ Ես նախկինում զինվորական եմ եղել, ուզում եմ աշխատենք, որ թույլ չտանք հետագա պարտությունները։ ՔՊ–ից կա մասնակից, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, և քանի որ իմ նպատակները մոտ են  «Շանթ դաշինքի» գաղափարներին, որոշեցի նրանց հետ առաջադրվել»։

«Ապրելու երկիր» կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը գլխավորելու է  Մարատ Գերասիմյանը, որը Տաթևի նախկին համայնքի ղեկավարի տեղակալն էր։ 

Տեղ համայնքի ավագանու ընտրություններում ուժերը չափելու է երկու կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիրը»։ Վերջինի ցուցակը գլխավորելու է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Թեկնածուն «Ռադիոլուրին» ասաց, որ ժողովրդի պահանջով է առաջադրվել։

«Հաշվի առնելով իմ անցած ուղին՝ գիտեմ, որ բարդ է աշխատանքը, մասնակցել եմ 3 պատերազմների, համայնքի ժողովրդի հետ շփված, հզոր մարդկանց հետ շփված, հաշվի եմ առել այդ ամենը և առաջադրվել»։

Արգամ Հովսեփյանը մրցակցին ՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Ղուլունցին որպես աշխատող երիտասարդ է բնութագրում։ 45–ամյա թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է, իր հաղթանակի հարցում կասկածներ չունի։ Դավիթ Ղուլունց․

«- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել։

— Համայնքը զարգացնելու համար, գյուղատնտեսություն, սահմանային հարցեր, սրանք առաջնահերթ են։ Մենք սենց ենք մտածում, էս մտածելակերպը ունենք»

Ըստ  ընտրական ժամանակացույցի ՝տարածքային ընտրական հանձնաժողովները  թեկնածուներին  կգրանցեն  մինչև սեպտեմբերի 17-ը, իսկ քարոզարշավի կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։

Back to top button