ԿարևորՀասարակություն

Հուշաղբյուր՝ Մհերի ու Էրիկի հիշատակին․ նրանք մանկության ընկերներ էին, որ հերոսացան պատերազմում

Երևանի  Նազարբեկյան 31 շենքի բակում է անցել նրանց մանկությունն ու պատանեկությունը։ Սեպտեմբերի  9-ին այստեղ բացվեց Արցախյան  44-օրյա պատերազմում  հերոսացած Մհեր Մուրադխանյանի և Էրիկ Սարգսյանի հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձան։

Այսուհետ Նազարբեկյան  31 շենքի բակում վեր խոյացող աղբյուր-հուշարձանը սրբատեղի է․ այստեղ էին Էրիկի եւ Մհերի ընկերները, դասընկերները, հարազատները, հյուրեր․

«Մարտնչեցին այնպես, ինչպես վայել է հայոց հողի իսկական մարտիկին եւ զոհվեցին այնպես, ինչպես զոհվում են իսկական հերոսները։ Նրանք ընտրեցին իրենց ուղին, եւ նրանց հիշատակը վառ կմնա հավերժ»։

«Նրանք արդարների ու սրբերի շարքում են, որովհետեւ հանուն հայրենիքի գիտակցված մարտի ելան՝ տալով ամենաթանկը»,- Մհերի և Էրիկի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանն ասաց հոգեհանգստյան կարգ մատուցած քահանան։   

Էրիկ Սարգսյանը լեգենդար «Եղնիկներ»-ի մարտական դիրքում զոհված երեք զինծառայողներից է: «Միշտ կենսուրախ էր, ու դա ինձ ուժ էր տալիս», -ասում է Էրիկի եղբայրը՝ Արսենը։

«Մեր հերոսը զոհվեց, թողեց մի անմոռաց ժպիտ ու մի անսպառ կարոտ»,-ընկերներն են հիշում Էրիկին․ 

«Անսահման լավն էր, ընկերասեր, տարբերվող։ Միշտ կենսուրախ, ժպիտը դեմքին, ջիգյարով։ Ինքը միշտ նրանց հետ է, ովքեր ճանաչել են իրեն»։

«Մարտնչեց այնպես, ինչպես վայել էր իրեն՝ խիզախ, անկոտրում, չհանձնվող։ Արյան գնով պահեց հայրենի  հողը՝ հավատարիմ մնալով իր խոսքին՝ «չե՛նք տալու «Եղնիկները»։ Իր անսահման բարությամբ հեռացավ մեզնից՝ անունը հավերժ թողնելով բոլորիս սրտում։ Հուշեր, որ երբեք չեն մոռացվի։ Կատակներ, որոնք հիշելով միշտ ժպտալու ենք՝ կարոտը խեղդելով կոկորդում»։

Մհեր Մուրադխանյանը մարզիկ էր՝ բազմաթիվ մրցումների մասնակից, հաջողություններ գրանցած։ Պատմում են, որ ֆեդերացիայի հետ միջոցառումներ էր կազմակերպում ու հասույթով բարեգործություններ անում։ 2020 թվականի հունվարից  ծառայության մեջ էր։

«Մհերը շատ ընկերասեր էր։ Դա անկասկած։ Ու դրա համար, երբ մի բան ընկերներով խոսում էինք, ու ինքը ինչ-որ բան էր ասում, իր խոսքը չէր քննարկվում, որովհետեւ ազնիվ էր ու իր խոսքի տերն էր միշտ»։

Մհերի մանկության ընկեր Հայկը հիշում է այն օրերը, երբ բակում պտտաձողերով պարապում էին․ ասում է՝ քաղցր հիշողությունները ծանրացել են ու միշտ ուղեկցելու են․

«Մենք միշտ երեքով էնտեղ պարապում էինք, բայց … էսօր էսպիսի վիճակ ա …. Շատ ցավալի է ինձ համար։ Ես ամեն օր …. չգիտեմ… իրանց կորուստը, իրանց պակասն զգացվում է մեզ մոտ»։

«Զուսպ, հավասարակշռված ու ազնիվ էր Մհերս»,-ասում է Մհեր Մուրադխանյանի պատմության ուսուցչուհի Կարինե Մանուկյանը․ «Միշտ եմ հիշելու նրա լուսավոր հայացքը… Մենք նույն բակում էինք ապրում։  Շատ խոհեմ էր։ Ես շատ ցավում եմ… ափսոսում եմ … Ես շատ սիրում էի իրեն… »

Աղբյուր-հուշարձանի մոտով անցնելիս  մի պահ կանգնելու ենք, խոնարհվելու և ի լուր աշխարհի ասելու՝ տղերք, ձեզ բացակա չենք դնի: Դուք Ձեր թասիբն ապացուցեցիք կռվի դաշտում, դուք նահատակվեցին, որ մենք ապրենք…. 

«Դուք միշտ եք ներկա։ Դուք կաք։ Ձեր երդումը մնաց մեզ։ Հիմա մենք պիտի երդվենք, որ ձեր լույսը անմար ենք պահելու։ Որ գալիք սերունդներին ժառանգելու ենք խաղաղ ու արժանապատիվ ապագա»։  

Մհեր Մուրադխանյանը և  Էրիկ Սարգսյանը պարգևատրվել են  «Մարտական ծառայություն» մեդալով, հետմահու։

Կարդացեք նաև

Back to top button