ԿարևորՀասարակություն

Պատվաստման ու թեստավորման արանքում. աշխատողները երկընտրանքի առջև են

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները 300.000-ից ավելի են։ Սպասվում է, որ հոկտեմբերի 1-ից այս թիվը նկատելիորեն կաճի՝ պայմանավորված 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջով։ Պարտադիր թեստավորում՝ 30,000-ով, թե՞ անվճար պատվաստում: Հոկտեմբերի 1-ին ընդառաջ՝ սա դարձել է հրատապ հարց բոլորի համար։

Լրագրող Անի Անտոնյանը Աստրա Զենեկայով է պատվաստվել: Իրենց պոլիկլինիկայում վերջացել էր Կորոնավակը: Նա նաև համաձայնագիր է ստորագրել: Պատվաստումից հետո որոշակի խնդիրներ ունի, որոնք պատվաստմանն է վերագրում ու լրջորեն անհանգստացած է։

«Նշված է 55+, դուք համաձայնում եք պատվաստվել մի պատվաստանյութով, որը 55+-ի համար է: Պատվաստանյութի 3-րդ օրից ոտքերում ունեցել եմ ուժեղ ցավ, 2 ոտքերի առաջնային հատվածում առաջացան երակներ: Ես ֆիթնեսով զբաղվում եմ արդեն 2 տարի, քայլում եմ օրական շատ, երբևէ վարիկոզ չեմ ունեցել: Խմում եմ հակաթրոմբային դեղեր, որովհետև ցավերը դեռ չեն դադարում»:

«Եթե եվրոպական որոշ երկրներ մերժեցին Աստրազենեկան, ինչո՞ւ է մեր երկիրն ընդունում նվիրաբերված դեղաչափերը»,- տարակուսանք է հայտնում Անին: Հիշեցնենք՝դեռ 2021-ի մարտին մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, Իսպանիան, ամբողջությամբ կամ մասնակի առժամանակ  դադարեցրին AstraZeneca-ի կիրառումը՝ կողմնակի հնարավոր ազդեցությունների պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, կոչ արեց խուճապի չմատնվել, քանի դեռ դա հետաքննված ու ապացուցված չէ։

Առաջիկայում Անին մտադիր է հետազոտվել՝ պարզելու պատվաստումը կապ ո՞ւնի ի հայտ եկած խնդիրների հետ, թե՞ ոչ: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը վստահեցնում է՝ հետպատվաստումային մոնիթորինգի տվյալներով՝ մեր երկրում չեն արձանագրվել անբարեհաջող դեպքեր:

«Աստրազենեկայի դեպքում 1 միլիոն պատվաստումից հետո դիտվի մինչև 4 թրոմբոէմբոլիայի դեպք, նույն դեպքերը կարող են գրանցվել նաև քովիդով հիվանդանալուց հետո, և այդ դեպքում հաճախականությունը մոտ 200 անգամ ավելի բարձր է. 1 մլն հիվանդից մինչև 800 դեպք կարող է գրանցվել: Աստրազենեկայից հետո գրանցվող հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը, ինչպես ցանկացած պատվաստումից հետո, ՀՀ-ում գրանցվում են, հաշվառվում, իրականացվում է մշտադիտարկում: Պատվաստումից հետո, չի նշանակում պատվաստման հետևանքով, դրանք տարբեր բաներ են: Հիվանդությունները, որոնք տվյալ տարիքային խմբում կային առանց պատվաստման, շարունակվելու են: Ցանկացած անձ, ով պատվաստումից հետո ունի որևէ անհանգստացնող երևույթ, պետք է դիմի իր բժշկական կազմակերպություն, ուր պատվաստվել է՝ հաջորդիվ  հետազոտությունների նպատակով»:

Վանաձորի կարի ֆաբրիկաներից մեկի կոլեկտիվի մի մասը ևս Աստրազենեկայով է պատվաստվել, ոմանք առողջական որոշ հարցեր վերագրում են պատվաստմանը։ Զրուցակիցս,  չցանկանալով ներկայանալ, ասում է «Բոլորն իրենց աշխատատեղերի համար են վախենում: Սոցիալական  վիճակն այնքան սուր է, որ շատերն են ստիպված պատվաստվել՝ աշխատատեղը չկորցնելու համար»: Լոռու մարզի Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Լիաննա Աբազյանի խոսքով՝ իրենց կոլեկտիվի 60%-ն արդեն պատվաստվել է: Ինքը չի պատրաստվում, թեև 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելն էլ էժան չի նստի,-ասում է:

«Եթե ստանում եմ 75.000, պիտի դառնա 45000-ով աշխատող: Տնօրինության կողմից ընդհանրապես  ոչ մի ստիպողաբար բան չկա, ընդամենը հարցնում են, պատվաստվել ես, այո-ոչ, որովհետև տվյալներ են անընդհատ լրացնում»:

Գործադիրի օգոստոսի 27-ի նիստում առողջապահության նախարարը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ  ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Նախարարի խոսքով՝բացառություն են պատվաստվածները, հղիներն ու ու հստակ առողջական հակացուցումներ ունեցողները:  Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով բազմաթիվ մտահոգիչ հարցերին՝ կապված պատվաստումային քաղաքականության հետ, շեշտել էր՝ վարակի տարածման աճին զուգահեռ կարևոր է բարելավել պատվաստման ցուցանիշը։ Չկա պարտադրանք, կա խիստ անհրաժեշտություն՝ ասել էր նախարարը։

«Այո, մեր ցուցանիշերը դեռ շատ բարելավելու տեղ ունեն: Մենք գնացել ենք այն ճանապարհով, որ նախ մարդկանց ճիշտ  տեղեկատվություն ենք փորձել տրամադրել, փարատել նրանց կասկածները: Կարծում եմ՝ մեզ դա շատ լավ հաջողվել է: Եթե 5-6 ամիս առաջ մենք ունեինք 10% քաղաքացիներ, ովքեր կողմ էին պատվաստմանը, այդ ցուցանիշն այսօր 40% -ից բարձր է: Մենք տեսնում ենք բավական լավ դինամիկա վերջին 1 ամսում, որը շարունակաբար մեծանալու է»:

Ըստ նախարարի՝ գործատուն կարող է խզել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը չկատարի ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը: Կառավարության այս որոշումը շատերին է թողել 2 քարի արանքում: Վանաձորցի Անահիտ Կարապետյանն առաջարկ ունի. կամ թող աշխատավարձը 30.000 դրամով ավելացնեն, կամ թեստավորումն անվճար դարձնեն: Նույն մտավախություններն ունեն նաև ուսուցիչները, թեև խուսափում են բարձրաձայնել։

Հոգեբան, ԵՊՀ դասախոս Իրինա Խանամիրյանի խոսքով՝ պատվաստման քաղաքականությունը մեր երկրում գրագետ չի տարվում: Հակասության ու չիմացության բերումով մարդիկ պարտադրված են գնալ քայլերի, որոնք հետո, միգուցե, իրենց առողջության վրա թանկ արժենան: Կառավարության այս որոշումը հոգեբանական ճնշման փորձ է.

Իրինա Խանամիրյան. «Եթե մարդիկ ունեն հարցեր, անբացատրելի կասկածներ, գտնում եմ, որ իրազեկումը թերի է տեղի ունենում: Կան շատ անարդար պահեր այս պատվաստման քաղաքականության մեջ, ուստի սա հոգաբանական  ճնշման և անարդարության զգացում է առաջ բերում մարդկանց մոտ: Այլ երկրների հետ համեմատելիս,  պիտի հասկանանք, որ մարդիկ   ունեն առողջապահության և պետության հանդեպ վստահություն, մեր երկրում սա շատ լուրջ խնդիր է: Պետք է այդ քաղաքականությունը լինի գրագետ, հիմնավորված, պիտի ունենանք տրամաբանական պատասխաններ»:

Արդյո՞ք վստահ ենք, որ մեծ վնաս չենք ստանալու այս փուլում լրիվ ու բավարար փորձարկում չանցած պատվաստանյութերի կիրառման արդյունքում,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱրաԶոհրաբյանը, շարունակելով՝ չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել, որովհետև դա հակասահմանադրական է:

«Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց ի ր համաձայնության, իսկ այս փուլում լիարժեք չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձի դասական օրինակ է: Եթե անգամ պատվաստանյութը մարդուն օգնում է թեթև տանել վարակը, միևնույն է՝ դա մարդու անձնական խնդիրն է: Հարց է ծագում, այս դեպքում ինչու եք ուզում ստիպել մեզ: Հարկադրանքի գործընթացը ոտքից գլուխ հակասահմանադրական է: Պատվաստվել, թե՝ոչ: Սա յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը պետք է լինի: Տվեք մարդկանց օբյեկտիվ տեղեկատվություն, թող իրենք որոշեն»:

Զոհրաբյանը նախաձեռնող խումբ է ձևավորել, որի կազմում են բժիշկներ, փաստաբաններ, մանկավարժներ և այլ մասնագետներ: Նախաձեռնության նպատակն է օգնել քաղաքացիներին օբյեկտիվ տեղեկություն ստանալ պատվաստման վերաբերյալ, նաև իրավական աջակցություն տրամադրել նման խնդրի բախված անձանց: Առողջապահության նախարարությունն էլ վստահեցնում է՝ սա հանրային առողջապահական շահի թելադրանքն է, սահմանադրական իրավունքի խախտում չկա։

Կարդացեք նաև

Back to top button