
Ադրբեջանական շարունակվող սադրանքների պատճառն անպատժելիությունն է՝ արձանագրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպում–քննարկմանը օմբուդսմեններն ամփոփում են հետպատերազմյան իրավիճակն ու խնդիրները։
Գեղամ Ստեփանյանն արձանագրում է՝ հիմնականը արցախցիներին բնակարաններով ապահովելու հարցն է։ Ըստ ՄԻՊ–ի տվյալների՝ շուրջ 22 000 արցախցի ցանկանում է, բայց չի կարողանում վերադառնալ Արցախ, քանի որ լուծված չէ կեցության հարցը։
«Պետության կողմից տրվող վարձավճարները չեն համապատասխանում շուկայական գներին։ Ես այս մասով առաջարկություն եմ ներկայացրել Արցախի կառավարությանը և գիտեմ, որ առաջիկայում փոփոխություններ են իրականացվելու։ Բացի դրանից՝ հասարակությունը, օգտվելով առիթից, բարձրացնում է բնակարանների գները, ինչն էլ ավելի բարդ իրավիճակ է ստեղծում տեղահանվածների համար»,- ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Խնդրի բաղադրիչներից մեկն էլ հյուրընկալողներին տրամադրվող սոցիալական աջակցության դադարեցումն է։ Գեղամ Ստեփանյանը պատգամավորներին կոչ է անում բարձրացնել հարցը և ապահովել Կառավարության սկսած ծրագրի շարունակականությունը, քանի որ խնդիրների բախվում են նաև Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիները։
«Աշխատանքային իրավունքի հետ կապված խնդիրներ կան․ բազմաթիվ մարդիկ մինչև այժմ հարկադիր պարապուրդի մեջ են։ Նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք աշխատում էին օկուպացված տարածքների պետական հիմնարկներում, կրթական հաստատություններում։ Իհարկե, կա պայմանավորվածություն, որ մինչև տարվա վերջ նրանք ստանալու են իրենց աշխատավարձի կեսը, բայց հնարավոր է հունվարից փոփոխություններ լինեն, և այդ մարդիկ մնան առանց աշխատանքի»։
Արցախի օմբուդսմենը հատուկ ուշադրություն է հրավիրում վերջին շրջանում Արցախում կապի բացակայության խնդրին։ Շեշտում է՝ Արցախի կապի օպերատորները փորձում են լուծել խնդիրը, սակայն չի հաջողվում։ Կապի խափանումները խնդիր են հատկապես սահմանապահ համայնքներում։

«Եթե, Աստված չանի, ինչ-որ բան տեղի ունենա, շատ դժվար կլինի դրա մասին տեղեկանալ և համապատասխան օգնություն ցուցաբերել։ Մենք կասկած չունենք, որ սա իրականացվում է Ադրբեջանի կողմից և կատարվում է հենց Շուշիի շրջանից։ Եթե նախկինում կապի խափանումներ լինում էին միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելում, օրինակ, Շուշի, ապա հիմա, կարծես թե, այդ խլացուցիչներն ընդհանրապես չեն անջատվում։ Եթե նախկինում բջջային կապի խափանումներ էին միայն, ապա հիմա տեղանքներ կան, որտեղ համացանցի կապն է բացակայում»,– ասում է Գեղամ Ստեփանյանը։
Գեղամ Ստեփանյանը կոչ է անում հայաստանյան մասնավոր ընկերություններին համագործակցությամբ փորձել լուծել խնդիրը: Պաշտպանի մատնանշած մյուս խնդիրը ջրի հարցն է։ Ըստ Ստեփանյանի՝ խնդիրը երկու բաղադրիչ ունի․ շոգ եղանակով և Ստեփանակերտի գերբնակեցմամբ պայմանավորված մայրաքաղաքում ջրի սակավություն խնդիր է առաջացել, բայց կա նաև «ադրբեջանական գործոնը»։
«Օրինակ՝ Մարտունու շրջանի սահմանամերձ դարձած համայնքները ջրային պաշարներից զրկված են, որովհետև դրանք սնուցող ջրային ռեսուրսները, ավազաններն անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսինքն՝ եթե Ստեփանակերտի պարագայում Ադրբեջանի գործոնն այնքան էլ մեծ չէ, ապա համայնքների դեպքում մեծ է»,– ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Հետպատերազմյան շրջանում Հայաստանում և Արցախում առաջացած խնդիրներից շատերը նույնաբնույթ են՝ արձանագրում է Արման Թաթոյանը։ ՀՀ տարածքում ևս կան գյուղեր, որտեղ պատերազմից հետո ջուր չկա․ խախտվում է մարդկանց սանիտացիայի հասանելիության իրավունքը։ Այս և նմանատիպ այլ խախտումներ փաստերով ներառվել են ՄԻՊ–ի սեպտեմբերի 8-ին հրապարակած զեկույցում։ Արման Թաթոյանը պնդում է՝ ադրբեջանցիների ներկայությունը հայկական բնակավայրերին խիստ մոտ ինքնին կյանքի իրավունքի խախտում է։
«Խոսքս վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի պարբերական կրակոցներին, որոնք արդեն դառնում են թիրախային, սկսում են տների ուղղությամբ կրակել։ Մեր երկիրը լիարժեք իրավունք ունի կյանքի իրավունքի խախտման պահանջներ ներկայացնելու։ Բացի դրանից՝ հարձակումներ կան նաև քաղաքացիական անձանց վրա, օրինակ` հովիվների, որոնք արածեցնում են իրենց կենդանիներին, կամ գյուղացիների, որոնք բերքահավաք են իրականացնում»։
Արման Թաթոյանը հիշեցնում է Սյունիքի գյուղերում, Կութում անասունների գողության դեպքերը և նկատում՝ իրենց կամքից անկախ բարդ իրավիճակում հայտնված գյուղացիները շարունակում են մարել գյուղատնտեսական նպատակներով վերցրած վարկերը։ ՄԻՊ-ն իր ուսումնասիրությունների արդյունքները և առաջարկությունները գրավոր ներկայացնելու է կառավարությանը։
«Մենք, ի վերջո, պետք է հասնենք ոչ միայն գերիների վերադարձին, այլ նաև այդ արարքները պատժելուն։ Ի՞նչ է, այս խոշտանգումների համար ադրբեջանական իշխանությունները պետք է մնան անպատիժ։ Այստեղ երկու հիմնական բաղադրիչ կա, նախ վերադարձ, հետո համապատասխան քայլեր պատժելու համար»,– Ադրբեջանը ամենամեծ լարվածությունը ստեղծում է գերիների հարցի շուրջ` չհրապարակելով գերիների թիվը և հոգեկան տառապանքներ պատճառելով անհետ կորած զինծառայողների ծնողներին՝ ընդգծում է Թաթոյանը։
Ադրբեջանական ինտենսիվ սադրանքների պատճառը, ըստ Արման Թաթոյանի, անպատժելիությունն է։ Նրա համոզմամբ՝ ադրբեջանցիներն այդ գործելաոճից չեն հրաժարվելու, քանի դեռ հայկական կողմը պաշտպանության ամուր երաշխիքներ չի ներդրել։





