ԿարևորՀասարակություն

Պաշտոնական Երեւանը պատրաստ է կոմունիկացիաների վերաբացման խաղաղ օրակարգին

Ցամաքային ճանապարհներ ու երկաթուղային ենթակառուցվածքներ․ տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները «քողարկվում են» տնտեսականի քողի տակ։ Ապաշրջափակման ու ենթակառուցվածքների հարցն օրակարգում հայտնվեց նախորդ տարեվերջին, երբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև արցախյան պատերազմի դադարի մասին փաստաթուղթ ստորագրվեց։ Տարածաշրջանում խաղաղության ու ապաշրջափակման մասին այսօր էլ է խոսել Հայաստանի վարչապետը, նշել, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ։ «Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ Փորձագիտական դաշտում ընդգծում են՝  տարածաշրջանային քարտեզի վրա  երկաթուղու կապ  արդեն  գոյություն ունի․ այստեղ  վերլուծաբանները աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության նպատակադրումներ են տեսնում։

Ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության հաստատում, սահմանազատում ու սահմանագծում․ Հայաստանի կառավարության օրակարգում շարունակում են առանցքային մնալ այս հարցերը։ Մինչ մասնագիտական՝ քաղաքագիտական եւ տնտեսագիտական տարբեր շրջանակներում չափազանց մտահոգված են անվտանգային խնդիրներով, որոնք կարող են ուղիղ կապվել ապաշրջափակման հետ, Հայաստանի վարչապետը հստակեցնում է՝ Իրանի ու Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ քննարկումների օրակարգում էական է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման։ «Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ»,-ասում է Փաշինյանը։

«Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։ 

Միջազգային հարցերի փորձագետ Վազգեն Պետրոսյանն ընդգծում է՝ այս պարագայում խոսք է գնում տարածաշրջանում ազդեցության նոր գոտիներ գծելու մասին։ Ադրբեջանն ու Նախիջևանն այժմ էլ հաղորդակցվում են Իրանի սահմանի վրայով։ Սա ավելի կարճ ու հարմարավետ է։ Ադրբեջանն Իրանի տարածքով գազ է մատակարարում Նախիջևանին։ Այստեղ փորձագետը Ադրբեջանի՝  աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության ցանկությունն է ընդգծում․

«Իրենք ցանկություն ունեն այդ գազի մատակարարումը և ճանապարհի անցումը Իրանի սահմանից վերցնեն, որպեսզի Իրանի դերակատարումը տարածաշրջանում ավելի փոքրացնեն։ Այստեղ աշխարհաքաղաքական հարց է»։

Հայաստանի կառավարության քննարկման օրակարգում են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելն ու հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելը։ Փաշինյանն ասում է՝ պատրաստ են նման խոսակցության, հատկապես, որ հարցին հրապարակային անդրադարձել է Թուրքիայի նախագահը․

«Մեծ հաշվով՝ խոսքը մեր տարածաշրջանի արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։  Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»։

Վերադառնալով տարածաշրջանում ճանապարհային ենթակառուցվածքներին՝ Վազգեն Պետրոսյանը հիշեցնում է՝ քարտեզի վրա երկաթուղային կապ  արդեն  գոյություն ունի․ Ադրբեջանից Իրանի սահմանի վրայով երկաթուղային կապ կա դեպի  Նախիջևան, այստեղից էլ դեպի Երասխ։ Այստեղ  առկա են աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հարցեր՝ ասում է․ Ադրբեջանը մոտ 30 տարի Իրանի սահմանով էր կապ հաստատում Նախիջևանի հետ։ Երկաթուղային նախկին գիծը, որը Վարանդայի տարածքով էր անցնում, այժմ չկա․ Իրանի ու Հայաստանի սահմանին Խուդաֆերինի ջրամբարի կառուցումից հետո  այդ հատվածը մնացել է ջրի տակ։ Ուստի վերագործարկելու համար Նախիջևանի տարածքում գոյություն ունեցող  այդ հատվածը պետք է  վերականգնել․

«Այնտեղ ոչնչացվել է մեկ հատ 24 կմ երկարությամբ հատված ու ևս մեկը՝ 1կմ երկարությամբ։ Դրանք վերականգնելուց հետո Ադրբեջանի կառավարությունը կարող է շատ հանգիստ միանալ Երասխին ու շարունակել գիծը։ Այստեղ կամ քաղաքական կամքի բացակայություն կա, կամ չուզողություն Թուրքիայի կողմից,ո ր չեն ցանկանում այդ գիծը գործարկել։ Նրանք անպայման ցանկանում են միջանցք ստանալ Հայաստանից, քանի որ այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն»։

Հայաստանից դեպի Ռուսաստան երկաթուղի էլ այսօր կա՝ ասում է ու բացատրում՝  այն չի աշխատում, պարզաբանում է՝ խոսքն աբխազական երկաթուղու մասին է, որը կարող է  գործարկվել,եթե Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փոխվեն։ Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը կարծում է, որ այստեղ կողմերը հաջողության կհասնեն։

«Իմ գնահատականով՝ կբացվի նաև աբխազական երկաթուղին։  Սա մեզ համար շատ կարևոր է»։

Մինչ այդ՝ Հայաստանի համար շարունակում է կարևոր մնալ 2009 թվականից մինչ օրս ձգվող «Հյուսիս–Հարավ» ճանապարհի կառուցումը։ Եթե այն ի վերջո կառուցվի, ապա  հնարավոր կլինի Իրանից Վրաստան հասնել  մի քանի ժամ ավելի շուտ։ Նախագիծը կարևորում է Հայաստանի վարչապետը։ Փորձագիտական ու տնտեսագիտական հարթակներում նույնպես կարևորում են այս ծրագիրը։ Տնտեսագետ Գրիգոր Նազարյանը ենթակառուցվածքների բարեկարգման հարցերն է կարևորում․

«Ինձ համար միշտ անհասկանալի է ծրագրի կառուցման դանդաղեցումը, նախագծերի առաջին տրանշի նախապատվությունը։ Այդ հատվածում բարդ ռելիեֆ ունենք, տարիներ շարունակ այն անտեսվել է»։

Սա Հայաստանի երկարատև ռազմավարությունն է, եւ երկիրը պատասխանատու է այդ խնդրի լուծման համար՝ Փաշինյանն է ընդգծում։ Իսկ փորձագետները չեն հապաղում շեշտել՝ խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են։ Միայն թե տարածաշրջանում առաջիկա տարիներին  խաղաղության ու կայունության մասին լավատեսական պատկերացումները  չեն կիսում։

Կարդացեք նաև

Back to top button