ԿարևորՏնտեսական

Ի՞նչ կտա «Մուդիս»-ի գնահատականը Հայաստանի տնտեսությանը

Միջազգային շուկաներից ավելի ցածր տոկոսներով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն, օտարերյա ներդրողների  կողմից՝ հետաքրքրություն տվյալ երկրի նկատմամբ․ Հայաստանում վերլուծում են հեղինակավոր ««Մուդիս» վարկանիշային գործակալության վերջին զեկույցը, որով  մեր երկրին տրված  վարկանիշը մնացել է անփոփոխ՝  Ba3,  հեռանկարը՝ կայուն։ Կառավարության նիստում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կարևորել է «Մուդիսի»՝ Հայաստանի պարտքին վերաբերող  գնահատականը, նշել, որ  գործակալությունը  վերահաստատել է  Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը։

Հայաստանի վարկանշային գնահատումը նույնն է՝ Ba3,  հեռանկարը՝ կայուն։ «Մուդիս» կազմակերպության վերջին զեկույցի գնահատականն է Հայաստանի տնտեսությանը։ Նախորդ գնահատումը 2019–ինն էր, երբ  վարկանիշը  «կայուն»-ից «դրական» էր  դարձրել Ի ՞նչ է տալիս «Մուդիս» վարկանիշային գործակալության գնահատականը Հայաստանի տնտեսությանը։

Սա ազդակ է օտարերկրյա ներդրողների համար, իսկ բարձր գնահատականի դեպքում միջազգային շուկաներից ավելի ցածր տոկոսներով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն։ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանն արձանագրում է․

««Մուդիս»–ի գնահատականը նշանակում է, որ գործակալությունը հաստատում է, որ Հայաստանի կառավարությունը   ի վիճակի կլինի հաղթահարել առկա խնդիրները, գնահատում է, որ ունենք գործոններ, որոնք, եթե արդյունավետ օգտագործենք, կարող ենք ապահովել ֆինանսատնտեսական կայունությունը՝ հեռանկարում»։

Վարկանիշերը համակարգում են տեղեկատվական դաշտը՝ ներդրողներին ինֆորմացիա տրամադրելով այս կամ այն տնտեսության մասին։ Բարձր վարկանիշը ներդրողի համար գրավիչ լինելու փաստարկ է, և հակառակը․

«Եթե վարկանիշը ցածր է կամ տնտեսությունը  բացասական հեռանկարով վարկանիշ ունի, ապա ներդրողները խուսափում են այդպիսի ներդրողներից, կամ եթե արդեն ներդրում արել են, դա ազդակ է, որ պետք է հանեն ներդրումները այդ երկրից։ Այսինքն, սա երկրի ֆինանսատնտեսական համակարգի ընդհանրականն է, որը տարբեր շահառուներ օգտագործում են՝  երկրի մասին  իրենց պատկերացումներն ամբողջացնելու համար»։

Բարձր վարկանիշը նշանակում է  ցածր ռիսկայինություն, ցածր ռիսկայնությունը նշանակում է, որ ներդրողները այդ երկրի կառավարությանը վարկեր կտրամադրեն ցածր տոկոսադրույքով։ Որքան ներգրավվող վարկերի տոկոսները ցածր լինեն, այնքան ավելի հեշտ կլինի դրանք սպասարկելը, հատկապես, որ Հայաստանի արտաքին պարտքը վաղուց հատել է  սահմանված՝ ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը։ Այս տարվա հունիսի վերջի դրությամբ  Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 869 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա վեց ամիսներին այն աճել է մոտ 901 մլն դոլարով կամ  ավելի քան 11․5%-ով։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կարևորում է  «Մուդիսի»՝ Հայաստանի պարտքին վերաբերող  գնահատումը․

«Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»ի կանխատեսումը։  Հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը։ «Չնայած 2020 թվականի արդյունքներով կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճել է և կազմել 63,5 տոկոս, «Մուդիս»-ն այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարիներին հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը»։

Այս տարվա առաջին կիսամյակում  Հայաստանի պետական պարտքի տոկոսավճարներին պետական բյուջեից հատկացվել է 87.1 մլրդ դրամ։  Գումարի առյուծի բաժինը ներքին պարտքի գծով տոկոսներն են կազմել՝ 53.1 մլրդ դրամը, 34 մլրդ դրամն էլ՝ ուղղվել է արտաքին պարտքի տոկոսների վճարմանը։ Պարտքի սպասարկման մասով մարտարավերներ առկա են՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանը

«2022–2023թթ․ պարտքի գծով մարումները, եթե համեմատենք 2021–ի հետ, կրկնակի են դառնում։ Այս տարի նախատեսվում է  մոտ 400 մլն դոլար ծախսել, հաջորդ երկու տարիներին՝ 800 մլն դոլար պետք է տոկոս ու մայր գումար մարի։ Հանուն արդարության նշեմ, որ այս պարտքը անակնկալ չէ, այնպես չէ, որ սա այս տարի, այս ամիս, կամ կես տարի առաջ ծագեց։ Մարումների ժամանակացույցը  5–10 տարվա արդյունք է»։

Կկարողանա՞ այս կառավարությունը վճարել պարտքերը, թե ոչ՝ տնտեսական զարգացումներից է կախված, դրանք այս պահին, փորձագետի գնահատմամբ, դանդաղում են։

Կարդացեք նաև

Back to top button