ԿարևորՄշակույթ

Տասնյակ գիտական հոդվածներ՝ «օկուպացված» մշակույթի մասին․ Արցախի ժառանգության թվային շտեմարանը

Մի քանի տասնյակ գիտական հոդվածներ, ամենօրյա մշտադիտարկում՝ 15 հոգանոց պրոֆեսիոնալ թիմով և արագ արձագանքեր՝ այն ահազանգերին, որոնք հայտնում են, որ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային հերթական կոթողն է  վանդալիզմի ենթարկվել։ Monument Watch-ը գործում է մարտից։ Այսօր կայքում կայքում կարելի է գտնել շաբաթական 1-2 գիտական նոր հոդված՝ Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-դրբեջանական սահմանային գոտու  մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների մասին։ Հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի խոսքով՝ ամենօրյա մշտադիտարկում իրականացնում են թիմում ներգրավված գիտնականները, նաև գործընկերներ՝ արտասահմանից․

«Իրականացնում ենք ադրբեջանական մեդիայի ամենօրյա մշտադիտարկում, նրանց սոցիալական էջերին հետևելով, բացի այդ, համագործակցում ենք ամերիկյան «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպության հետ, որոնք պարբերաբար արբանյակային լուսանկարներ են անում Արցախում և դրանք մեզ են տրամադրում։ Օտարերկրյա գործընկերներ ունենք արդեն՝ Ադամ Սմիթը, Արման Նավարան, Լորի Խաչատուրյանը և շատ այլ մարդիկ»,-ասում է Համլետ Պետրոսյանը։

Ադրբեջանական կողմը հետևում և պարբերաբար արձագանքում է կայքում տեղադրվող գիտական նյութերին, -ասում է Համլետ Պետրոսյանը, նրա խոսքով՝ գիտական նյութերի վրա աշխատում են երկար, իսկ մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում «Monument Watch» անկախ ակադեմիական հարթակը վերածվել է թվային շտեմարանի, որտեղ մեծաքանակ ինֆորմացիա կա օկուպացված տարածքներում մնացած Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ։  Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր-հետազոտող, դասախոս Աննա Լեյլոյան-Եկմալյանը հարթակի համահիմնադիրն է։ Նա «Ռադիոլուր»-ին հայտնում է, որ իրենց արձագանքում են միջազգային կառույցներից, իրենք էլ ներկայացնում են ադրբեջանական վանդալիզմի օրինակներն ու փաստերը։ Զրուցակիցս պատմում է վերջին արձագանքի մասին, որի առիթը Շուշիի Քանդակների պուրակի մասին հրապարակումն էր․

«Ինձ համար շատ մեծ անակնկալ էր, որ Ֆրանսիայի քանդակագործների և կերպարվեստագետների ազգային արհմիությունը կապ հաստատեց ինձ հետ, հետաքրքրվեց այդ իրողությամբ, որի մասին կարդացել էին կայքում և հետո իրենք էլ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ»,-ասում է Աննա Լեյլոյան-Եկմալյանը։

Հարթակի համահիմնադիրները կարևորում են միջազգային արձագանքը, որքան շատ խոսվի ադրբեջանական վանդալիզմի մասին, այնքան շատ է հավանականությունը, որ դա կզսպի թշնամուն։ Ադրբեջանը, սակայն, շարունակում է «սպիտակ ջարդը»։ Վերջին ահազանգերը, որ ստացել կամ հավաքել են անկախ ակադեմիական հարթակի թիմի անդամները Հադրութի շրջանի Ազոխ գյուղի հուշահամալիրի ոչնչացման և Մեծ Թաղեր գյուղի 1890թ․-ին կառուցված Մակուն կամուրջի մասին են։ Ավերված մշակութային կոթողների մասին գրվում են առանձին հոդվածներ, որտեղ նաև նշվում է, թե հատկապես միջազգային որ օրենքը կամ կոնվենցիան է խախտել Ադրբեջանը։ «Monument Watch»-ի նյութերը օգտագործում են մի շարք միջազգային հետազոտական կազմակերպություններ, այդ թվում և այլ երկրների մշակույթի նախարարություններ․ Աննա Լեյլոյան-Եկմալյան․

«Գրեթե մեկ ամիս առաջ ինձ Ֆրանսիայի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կոմիտեից են դիմում և հարցնում, թե արդյո՞ք կարող են օգտագործել «Monument Watch»-ի նյութերը՝ հետազոտության համար։ Ես շատ ուրախացել էի այս փաստից, այսօր մի շարք կազմակերպություններ օգտվում են մեր աշխատանիքց, հանրահռչակում դրանք, և սա մեր նպատակն է»,-ասում է Աննա Լեյլոյան-Եկմալյանը։

«Monument Watch»-ը, տեղացի և միջազգային գործընկերների հետ միասին, շարունակելու է գրավյալ տարածքներում մնացած մշակութային արժեքների մշտադիտարկումը՝ ամենօրյա ռեժիմով։ Զրուցակիցներս վստահեցնում են՝ մինչև տարեվերջ կայքում խնդրին անդրադարձող 200 հոդված հրապարակված կլինի։

Կարդացեք նաև

Back to top button