
Նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում, առաջընթաց է գրանցվում պատվաստումային գործընթացում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առողջապահության նախարարի խոսքով՝ սեպտեմբերի մեկի դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական, արձանագրվել է 19 մահ։
Ըստ նախարարի՝ նախորդ շաբաթվա ընթացքում քովիդով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է։
«Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է Ավանեսյանը:
Նա հայտնել է, որ այս պահին ունենք ծավալված մոտ 1600 մահճակալ, որից 1400-ը զբաղված է։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի, արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի։
«Այս պահին ամբողջությամբ իրականացնում ենք կարիք ունեցող բոլոր քաղաքացիների հոսպիտալացում, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ»,- հայտնել է նախարարը։
Նրա խոսքով նկատելի է պատվաստվել ցանկացողների թվի աճ և հոսք։
«Վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս, և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ, այո՛, պատվաստումը դիտարկում են որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվելու։ Սա խոսում է հասարակական կարծիքի փոփոխության մասին, բայց, իհարկե, աշխատելու դեռ շատ տեղ ունենք՝ ապատեղեկատվության և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի շրջանակում»:




