ԿարևորՔաղաքական

Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում դադարեցնել օգնությունը Ադրբեջանին

Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունել է Կենտրոնական կոմիտեի և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության անդամներ Էլեն Ասատրյանը և դոկտոր Սյուզի Աբաջյանը հեղինակած և բանաձևը, որը կոչ է անում Միացյալ Նահանգների կառավարությանը` ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին՝ կիրառելով Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը:

Բանաձևը նաև կոչ է անում Բայդենի վարչակազմին և պետքարտուղարին՝ աշխատել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձն ապահովելու համար:

«Այս բանաձևի ընդունմամբ Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը հստակ ուղերձ հղեց Վաշինգտոնին. ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի և Թուրքիայի մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումներն ու ռազմական հանցագործությունները և Հայաստանի ու Արցախի բնիկ ազգաբնակչության էթնիկ զտման նրանց փորձերը: Սա սկսվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի լիակատար կիրառումով և ԱՄՆ-ի անհապաղ միջամտությամբ` հայ ռազմագերիների անվտանգ վերադարձն ապահովելու համար», — ասել է Ասատրյանը:

«Ես երախտապարտ եմ իմ գործընկերներին միաձայն աջակցության համար և հպարտ եմ, որ դոկտոր Աբաջյանի հետ միասին առաջնորդել եմ այս կարևոր բանաձևը ներկայացնելու ջանքերը: Մեր հավաքական պարտականությունն է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ պահանջելու և հասնելու հստակ գործողությունների»,- նշել է բանաձևի համահեղինակը։

«Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը համերաշխ է հայ համայնքի հետ` պահանջելով հայ ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձը և վերահաստատելով մեր կոչը ԱՄՆ-ին` պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և դրա դաշնակիցներին, օրինակ՝ Թուրքիային»,- հայտարարել է Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Ռուստի Հիքսը:

Կալիֆոռնիայի Դեմոկրատական ​​կուսակցության կոչը Բայդենի վարչակազմին և Կոնգրեսին ներկայացվում է մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը` հարձակվելով ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա, գերության մեջ պահելով մոտ 200 հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների և շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունն ու սպառնալիքներ հնչեցնել:

Երեկ ադրբեջանցի զինծառայողները կանխամտածված հրդեհել են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի մոտակայքում խոտհարքերը, միաժամանակ տեղեկություններ են տարածվել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ Աֆղանստանից զինյալներ է ուղարկում Արցախի օկուպացված հատվածներ: Անցյալ շաբաթ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստանի և Արցախի ուղղությամբ, փակել մի քանի ճանապարհ, ներառյալ միջպետական ​​ճանապարհը, որն ապահովում է խաղաղ բնակչության բնականոն տեղաշարժը. դադարեցվել է տեղաշարժը, սահմանափակվել է սննդի, առաջին անհրաժեշտության իրերի, բժշկական ծառայությունների հասանելիությունը։

Միաժամանակ, Արցախի բնակիչներին զրկել են հեռահաղորդակցությունից` բջջային և ինտերնետ կապը չթույլատրված հաճախականությունների միջոցով ճնշելով: Նախորդ շաբաթ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին զենքով սպառնացել էր ադրբեջանցի զինծառայողը:

«Ես երախտապարտ եմ Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությանը ժամանակին այս բանաձևն ընդունելու և Բայդենի վարչակազմին կոչ ուղելու համար: Մեր կառավարությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ, որը հանգեցնում է մարդկային զոհերի, տեղաշարժի ազատության սահմանափակումների»,- հայտարարել է Աբաջյանը:

«Շարունակվող ադրբեջանական ագրեսիան հանգեցրեց տարածաշրջանային հումանիտար աղետի, Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի, ավելի քան 100,000 հայերի տեղահանման իրենց նախնիների տներից, շարունակվող ադրբեջանական անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և հայկական մշակութային հուշարձանների միտումնավոր ոչնչացման»,- նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը:

Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունը նահանգի գերիշխող քաղաքական կուսակցությունն է, որը ներկայացնում է ավելի քան 10.3 միլիոն դեմոկրատների։ Այն նաև Միացյալ Նահանգների ամենամեծ ժողովրդավարական մարմինն է:

Կարդացեք նաև

Back to top button