
Համավարակի դեմ պայքարի նոր կարգի համաձայն, որը հաստատել է առողջապահության նախարարությունը, քաղաքացիներին առաջադրվող պահանջները կխստացվեն։ Հոկտեմբերի մեկից պետական և մասնավոր հատվածի բոլոր աշխատակիցները ստիպված կլինեն 14 օրը մեկ գործատուին ՊՇՌ բացասական թեստի արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման վկայական ներկայացնել։ Առողջապահության ոլորտի մասնագետները համոզված են՝ պահանջների խստացումը նվազեցնելու է համավարակի տարածման ռիսկը։ Նույն համոզվածությունը, սակայն, չունեն քաղաքացիներից շատերը։
184 ավագ դպրոցի ուսուցչուհի, կենսաբան Արև Միքայելյանը համավարակի «հաղթարշավի» ողջ ընթացքում աշակերտներին բացատրել է հակամաճարակային կանոնների կարևորությունը։ Կողմ է պարտադիր դիմակ կրելուն, բայց ոչ՝ պատվաստվելուն։ Համաձայն է առողջապահության նախարարության առաջարկին՝ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնել, բայց եթե ծախսը հոգա պետությունը, ոչ թե աշխատողը։ Տիկին Արևի համար կասկածելի է ընդամենը մեկ տարվա կյանք ունեցող , իր ձևակերպմամբ, հատուկ փորձարկում չանցած պատվաստանյութերի մասսակայանացումն ու հոկտեմբերի մեկից կամավոր– պարտադիր սկզբունքով հասարակությանն առաջարկելը։
«Դանդաղ գործող ռումբ մարդու օրգանիզմում, ու չգիտենք, թե երբ կպայթի»։
Մասնագիտությամբ կենսաբան զրուցակիցս ասում է՝ չի ստացել իրեն հետաքրքող մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։ Օրինակ՝ մինչև պատվաստվելը կատարվո՞ւմ են քաղաքացիների իմունային հետազոտություններ կամ որքանո՞վ է արդյունավետ այն մարդկանց պատվաստվելը, որոնք Քովիդով վարակվել են ու ունեն հակամարմիններ։
Այս և մի քանի այլ հարցերով Արև Միքայելյանը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Օմբուդսմենի գրասենյակից «Ռադիոլուրին» փոխանցեցին, որ ուսուցիչներից և ոչ միայն նամակներ ստացել են, դրանք ուսումնասիրման փուլում են։
Մինչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կուսումնասիրի պատվաստումներից անհանգիստ քաղաքացիների մտահոգություններն ու հանդես կգա եզրակացությամբ, թե Քովիդից պաշտպանվելու նոր պահանջները որքանով են առնչվում մարդկանց կամքի ազատությանն ու իրավունքներին, առողջապահության նախարարությունը հստակեցնում է նոր կանոնները։ Ըստ սահմանված կարգի՝ պետական և մասնավոր ոլորտի աշխատողները հոկտեմբերի 1-ից պարտավոր կլինեն 14 օրը մեկ ՊՇՌ բացասական թեստի արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման վկայական ներկայացնել։ Երկրորդ պահանջը կարող են չկատարել միայն բացարձակ հակացուցում ունեցող անձինք․ նրանք, ովքեր տվյալ պատվաստանյութի առաջին դեղաչափից ունեցել են ալերգաբանական ռեակցիա՝ անաֆիլաքսիա, նաև հղիներն ու ուսանողները։ Բացարձակ հակացուցումներից բացի կան նաև ժամանակավոր հակացուցումներ։
«Դա ցանկացած սուր հիվանդությունն է ինչպես վարակիչ, այնպես էլ ստոմատիկ՝ միջին և ծանր ընթացքով ուղեկցվող, նաև ցանկացած քրոնիկ հիվանդություն սրացման փուլում»։
Այս անձինք չեն պատվաստվի այնքան ժամանակ, մինչև կառողջանան՝ «Ռադիլուրի» հետ զրույցում ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանը: Բժշկական հակացուցումը տրամադրելու է տեղամասային պոլիկլինկան։ Բժշկական այլ կազմակերպությունների տրամադրած տեղեկանքները լրացուցիչ միջոց կարող են լինել առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետի համար։
«Եթե անձը հոսպիտալացված է եղել, տարել է ինչ–որ վիրահատություն կամ ստացիոնար բուժում է ստացել, ապա տվյալ ԲԿ–ի կողմից տրված էպիկրիզը կարող է հիմք հանդիսանալ առաջնային օղակի համար, որպեսզի հասկանան՝ այդ մարդու մոտ շարունակվո՞ւմ է սուր գործընթացը, թե՞ անձն արդեն առողջ է»։
Եթե տեղամասային բժիշկը դժվարանա եզրակացության հարցում, կօգնեն հակացուցումների սահմանման հանձնաժողովները, որոնք տեղակայված են յուրաքանչյուր ԲԿ–ում՝ ասում է նախարարության պաշտոնյան։
ՊՇՌ թեստ հանձնելն ու պատվաստվելը պարտադիր չէ հղիների և ուսանողների համար, բայց հղիությունը հակացուցում չէ՝ ասում է նախարարության ներկայացուցիչը։ Հղին ցանկացած ժամանակ կարող է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել։
Նոր պահանջների ներմուծմամբ փորձ է արվում նվազեցնել վարակի տարածումը՝ վստահեցնում են առողջապահության ոլորտի մասնագետները։
«Պատվաստման արդյունքում պաշտպանում ենք հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացումից ։ Պատվաստումը նվազեցնում է նաև վարակի տարածման ռիսկը։ Օրինակ՝ «Աստրա զենեկա» պատվաստանյութի համար կան հստակ հետազոտություններ, որոնք փաստում են, որ 2/3–ով նվազեցնում է վիրուսի փոխանցումը»։
Արդյոք չի՞ ստացվում, որ պատվաստումը դառնում է պարտադիր։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչն այս դիտարկմանը համաձայն չէ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ, որը պայմանավորված է նաև նոր շրջանառվող շրջատիպերով։ Դրանք ավելի արագ են տարածվում և մեծանում է ծանր դեպքերի հավանականությունը՝ ասում է մասնագետը։
«Հետևաբար՝ պետության կողմից առաջարկվում է գործիքակազմ՝ հնարավորինս նվազեցնելու վարակի տարածման ռիսկը»։
Համավարակի հաղթահարման առումով պահանջների խստացումը դրական քայլ է համարում նաև համաճարակաբան Մերի Տեր–Ստեփանյանը։ Այլընտրանք չկա՝ ասում է մասնագետը, խնդիրը թողնելով մարդկանց ինքնագիտակցությանը՝ վարակի դեմ պայքարի ամբողջ զինանոցը չի օգտագործվում։
«Ամբողջ պատվաստումային գործընթացում ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների 1.5 – 2 տոկոսն է, որ մինչև երկու տոկոս պատվաստում է ստացել։ Զարգացած երկրներում այս ցուցանիշը հասնում է 60-70 տոկոս։ Այս տարբերությունը քիչ թե շատ մեղմելու համար մեր նման երկրները ուզած թե չուզած պետք է գնան այս քայլին, որպեսզի համավարակի հաղթահարման փուլում աշխարհը գրանցի հաջողություն»։
Քովիդի կանխարգելման նոր պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնելու են տեսչական մարմինները։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի մեկից կսկի ստուգայցերը․ կայցելեն բոլոր տնտեսավարողներին, կստուգեն աշխատողների թվի ու ՊՇՌ բացական թեստերի կամ պատվաստման վկայականների համապատասխանությունը։ Եթե անձը պատվաստանյութի մեկ դեղաչափ ստացել է, մինչև երկրորդը ստանալը ՊՇՌ հանձնելու կարիք չի ունենա ՝ «Ռադիոլուրին» կարգը բացատրում է Առողջապահական և աշխատանքի տեսաչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։ Կանոնները խախտելու պատասխանատվությունը կրելու է ոչ թե աշխատողը, այլ գործատուն։
«Աշխատողներին որևէ բան չի սպառնում, սպառնում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին։ Կարանտինի ժամանակ սահմանափակումները չպահպանելը բերում է վարչական տույժի 100-300 հազար դրամ առաջին անգամ, հետո 150–500 հազար դրամ և ամեն անգամ նույն չափով տուգանքի որոշումը պետք է կայացվի այդ տնտեսվարողի նկատմամբ, որը սանիտարական նորմի կանոնները չի պահպանել»։
Մասնագետները համոզված են, որ խստացումները հիվանդության դեմ պայքարի պատկերում դրական փոփոխություններ են արձանագրելու։




