ԿարևորՀասարակություն

Կյանք՝ կռիվների արանքում․ 51-ամյա Մարինե Աղասյանը 4 պատերազմ է տեսել

Մարտակերտի Արվեստի դպրոցում մինչև պատերազմը  սովորում էր 146 աշակերտ։ Պատերազմից հետո դասապրոցեսը դպրոցում վերսկսվել է դեկետեմբերի 1-ից։ Այս պահին միայն քանոնի մասնագետ  չունեն․ ուսուցիչը  գալիս էր Ստեփանակերտից, հիմա ճանապարհը  երկարել է, ու անհնար է ամեն օր այդքան ճանապարհ կտրելով Մարտակերտ հասնելը։

«Ասեցի՝ Անի, դուրս  եկ․․ պատերազմ ա։ Պարանից խալաթս վերցրել եմ, ու դուրս ենք եկել»։

Մարտակերտի արվեստի դպրոցի տնօրեն  Մարինե Աղասյանն է։ 4 պատերազմ է տեսել, 51 տարեկան է։ Առաջինը Սումգայիթն էր, հրաշքով փրկվեց։ 18 տարեկան էր, սովորում էր Սումգայիթի երաժշտական ուսումնարանի ավարտական կուրսում։ Ապրում էր բարեկամի տանը։ Առաջին պատերազմից նրան փրկել է դաշնամուրի ուսուցչուհին․

«Զանգահարել էր մեր հարևանի տուն, մենք  հեռախոս չունեինք։ Գնացի, ասաց՝ Մարինե, դու այսօր չգնաս ուսումնարան,  կարող ես արի  Բաքու։ Սկզբում չէի հասկանում՝ ինչ է ասում, հետո արդեն պարզ դարձավ, որ այդ գիշեր բոլոր հայերին սպանելու հրաման էր տված։ Ու եթե ես գնայի ուսումնարան,  ապա ինձ էլ կսպանեին, քանի որ ցուցակով նայում էին՝ ով  է հայ, ով՝ ոչ»։

Մարինեն ասում է, որ իրեն երկրորդ անգամ իրեն փրկել է թուրք  հարևանը, որի տղան ջարդը կազմակերպող պարագլուխներից էր․

«Ես մինչև մահս կհիշեմ դրանց գոռոցները, դրանց ձայները, որ ասում էին՝ մա՛հ հայերին»։

Հետո սկսվեց 90-ականների պատերազմը։ Երեք  անչափահաս երեխաների հետ մի կերպ փախավ։  Ամուսինը մնաց առաջնագծում։ Երբ նա կռվից տուն եկավ, Մարտակերտը դեռ ազատագրված չէր, իրենք ապրում էին Առաջնաձոր գյուղում, իսկ երբ ազատագրվեց, առաջին գյուղ վերադարձողներից էին։ Ամուսինը վարչական շրջանի ղեկավար նշանակվեց, իսկ երեխաները երկար ժամանակ ապրում էին տատիկի մոտ․

«Մայրս չէր թողում, որ երկու երխաներիս միասին բերեմ Ղարաբաղ։ Ասում էր՝  մեկը թող մեր մոտ մնա, մեկը՝ ձեր։ Էնքան վատ բաներ էինք տեսել, որ չգիտեինք՝ ինչ կլիներ»։

Ամուսինը մահացավ 1998 թ-ին։ Ամուսնու մահից հետո Մարինեն չի էլ մտածել Արցախում չապրելու մասին։ Ասում է՝ տարիներ շարունակ ունեցել է հնարավորություն այլ երկրում ապրելու, բայց չի գնացել։ Հիմա՝ առավել ևս։ 

«Ես չեմ կարող ամուսնուս գերեզմանը թողնել ու գնալ։ Ես չգիտեմ՝ ինչ ուժ կա այս հողում, որ իմ կյանքը այլ տեղ չեմ պատկերացնում»։

Զրուցակիցս  պատմում է՝ 44-օրյա պատերազմի սկզբից ինքը տունն է վերանորոգում։ Ասում է՝ արդեն հաշիվը կորցրել է, թե քանի անգամ է այս տունը վերանորոգել։ Ամեն անգամ մտածել է, որ վերջինն է, էլ  տան վրա չեն կրակի։  

«Չգիտեմ, տես՝ վերանորոգել եմ ամեն ինչ։ Բայց չգիտեմ՝ ես տունս կվայելե՞մ, թե՞ չէ։ Հույս չկա․․․ասենք՝ վաղը ռուսը գնաց, մեր վիճակը ինչ է լինելու, պարզ չէ»։

90-ականներին Մարտակերտը 9 ամիս թուրքի  ձեռքում է եղել, բայց նրանք մի օր անգամ չեն մտածել, որ հետ են բերելու․թուրքին չի մնալու․

«Հիմա ես այդ հույսը չունեմ, մի բան պիտի փոխվի։ Շուշիից ընդհանրապես հույս չունեմ, որ հետ կբերենք, Թալիշի ու Մատաղիսի մասին էլ չեմ խոսում։ Գոնե Հադրութը հետ բերենք։ Չնայած՝ չգիտեմ»։

Զրույցին ավարտին Մարինեն հիշում է պահարանում դրված պայուսակի մասին, որի մեջ առաջին անհրաժեշտություն իրերն է տեղավորել։ Ասում է՝ աչքը տեսածից է  վախենում, չգիտես, գուցե, մի օր էլի՞ պետք գա։

Կարդացեք նաև

Back to top button