ԿարևորՀասարակություն

Ընդունել թուրքական նախապայմանները նշանակում է հրաժարվել հայկական ինքնությունից․ թուրքագետ

Ընդունել թուրքական նախապայմանները նշանակում է հրաժարվել հայկական ինքնությունից` ասում է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ արձագանքելով  Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Թուրքիայի նախագահի վերջին հայտարարություններին։  Դրանցում, ըստ Սաֆրաստյանի, ավելի նկատելի է իր նախապայմաններն առաջ քաշելու, քան Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու Անկարայի մղումը։  

«Թուրքիայում սին պատրանքներ կան, թե Հայաստանը պետք է ընդունի այն նախապայմանները, որոնք ներկայացնում է Անկարան՝ հրաժարվել  Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելուց, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաղաքականությունից ու, ըստ էության,  պաշտոնապես հայտարարել, որ վերահաստատում է Կարսի պայմանագիրը։ Եթե ընդունենք այդ նախապայմանները, կնշանակի, որ մեր ինքնությունից հրաժարվում ենք։

44–օրյա պատերազմից հետո Անկարան Բաքվի հետ փորձում է ուժեղացնել ճնշումը ՀՀ–ի վրա և առաջ տանել իր նախապայմանները՝ նկատում է ակադեմիկոսը։  

Թուրքիայի ղեկավարն,  արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը,  թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով  նկատելի են  Թուրքիայից եկող դրական ազդակները, ասել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

Էրդողանի խոսքով՝  նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր է կայուն խաղաղության ապահովումից հետո միայն։

Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում կարեւոր են նաեւ Մոսկվայի ու Երեւանի համար, բայց ոչ երբեք հայկական ինքնության կորստի գնով՝ հստակեցնում է Ռուբեն Սաֆրաստյանը։ Էրդողանի հայտարարությունները, նրա  համոզմամբ, հեռու են այսօրվա իրականությունից․  Անկարան իրական  որևէ  քայլ չի ձեռնարկում ՀՀ–ի հետ հարաբերությունները կարգավորելու համար։  

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետ Արա Մարջանյանն էլ հիշեցնում է  «կարգավորվող» հարաբերությունների հիմքը․ վերջին 30 տարվա ընթացքում ՀՀ–ն տրանսպորտային համապարփակ շրջափակման մեջ է։

«Շրջափակումը ռազմական գործողությունների մաս է համարվում,  եւ վերջին 30 տարում Հայաստանը Թուրքիայի, Ադրբեջանի ու մասամբ նաև Վրաստանի կողմից շրջափակման մեջ է, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ 30 տարի շարունակ կիրառվում են  ռազմական նշանակության գործողություններ։  Տարածաշրջանում խաղաղության հաստատումը պետք է վերաբերի այդ գործոնների վերացմանը և Հայաստանին պատճառված վնասների մեղմացմանը, հատուցմանը»։

Շրջափակման հետևանքով միայն մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությանը հասցված  ուղղակի վնասը փորձագետի հաշվարկներով  1-1.5 մլրդ  դոլար է։ Իսկ 30 տարվա ընթացքում մեր երկրին հարեւանների կողմից հասցված վնասի չափը հասնում է մի քանի հարյուր միլիարդի։

Էրդողանը կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նաև հավելել է, որ տարածաշրջանին  անհրաժեշտ են  երկաթուղային և ավտոմոբիլային ուղիներ, որոնցով շատ խնդիրներ կհաղթահարվեն։

ՄԱԿ-ի փորձագետն ակնկալում է, որ առաջիկա տարիներին կչեզոքացվի  Հայաստանը խեղդամահ անող   «արեւելք–արեւմուտք» շրջափակումը, որը ձգվում է Թուրքիա–Վրաստան– Ադրբեջան ուղղությամբ և իրբև հակակշիռ կգործի «հյուսիս-հարավը» ՝ Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան առանցքով։

«Չափազանց կարեւոր է մի շարք ծրագրերի իրականացումը։ Իրանում մի քանի օր առաջ հայտարարվեց գազային գերդաշտի  հայտնագործման մասին, և առաջիկայում արդիական կդառնա այդ գազի արտահանումը դեպի արևմուտք։ Այս ծրագրերն առաջնային կարեւորություն ունեն»։

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման տեսանկյունից նշված ծրագրերը կարևոր նշանակություն ունեն՝ ասում է Արա Մարջանյանը, իսկ այն, ինչ ասում է Էրդողանը, «բաժանիր, որ տիրես» տրամաբանության մեջ է․ Էրդողանն առաջ է տանում  սեփական ազդեցությունը խորացնելու, գերիշխանությունը հաստատելու օրակարգը։

Զրուցակցիս  կարծիքով՝ Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են Ռուսաստանի ռազմավարական շահերի հետ ու օգոստոսի 31–ին Մոսկվայում արտգործնախարարների սպասվող հանդիպման օրակարգում ներառված  կլինեն  նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։  Փորձագետը համոզված է՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը լինելու են  մոսկովյան քննարկումների առանցքում։

Հայաստանի արտգործնախարարն աշխատանքային երկօրյա այցի շրջանակում  նախատեսվում  են հանդիպումներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Ըստ  Ռուսաստանի արտգործնախծարարության հաղորդագրության՝  քննարկումների օրակարգում լինելու է նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի  եռակողմ  պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Վերջին  թեմաներին  անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահը։ Նա խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին ՝ մի շարք նախապայմաններ առաջ քաշելով։ 

Կարդացեք նաև

Back to top button