ԿարևորՀասարակություն

Ինձ բացակա չդնեք. հերոս Դավիթ Մոսոյանի երգչուհի մայրը կրկին բեմ է բարձրացել

«Երգս՝ երկնքին» խորագրով համերգը Վանաձորի երգի թատրոնի մեներգչուհի Քրիստինե Սիմոնյանը նվիրել է 44-օրյա պատերազմի բոլոր նահատակներին ու հերոս որդու՝Դավիթ Մոսոյանի 20 ամյակին: Խոստումնալից ֆուտբոլիստ էր Դավիթը. ապագայի ծրագրեր ու երազանքներ ուներ։ Վերջին անգամ մորը պատգամել էր լինել առողջ ու մեծացնել 6-ամյա քրոջը:

«Կյանքդ՝ կյանքիս համար, կյանքս՝ կյանքիդ գնով». պատերազմից 11 ամիս անց զոհված Դավիթ Մոսոյանի մայրը կրկին բեմում է։ Երգչուհի Քրիստինե Սիմոնյանը համերգը նվիրել էր որդու 20- ամյակին ու բոլոր զոհված հերոսների հիշատակին։  Կազմակերպել համերգ՝ Դավիթի մորաքրոջ գաղափարն էր։ Վստահ, որ կորստի ցավով ամիսներ շարունակ լուռ սգացող քույրը միայն երգելով ուժ կգտնի ապրելու, հորդորել է նրան երգել Դավիթի ծննդյան օրը: Երազ եկած հերոս որդին էլ ամրապնդել մորաքրոջ միտքը.համերգի ավարտին անկեղծանում է Քրիստինե Սիմոնյանը.

«20 օր առաջ Դավիթս երազ եկավ ինձ: Երազ եկավ հեռվից՝ ասես  բարձր երկնքից նայելիս լիներ ու ժպտար: Անմիջապես այդ դրվագից հետո, ես բեմի վրա իր ծննդյան օրը նշում էի, հենց այսօր, ոնց որ տեղի ունեցավ նույն ձևի: Բարձր ձայնով լացով վեր եմ կացել ու անմիջապես թուղթ ու գրիչ եմ վերցրել՝ գրել համերգի ծրագիրը»։

Օգոստոսի 28-ին Դավիթը կբոլորեր 20-ամյակը: Թերևս ամենամարդաշատ ու հուզիչ ծննդյան տարեդարձը. ոչ ոքի բացակա չեն դնում: Տղաները վերևից լուռ հսկում են մեր անդորրն ու կյանքի նոր արժեքներ գծում մեզ համար,- զսպելով հուզմունքն՝ ասում է Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Վահան քահանա Ազարյանը,-այլևս նոր ուխտ կապելու ժամանակն է.

«Շատ երգեր ունենք, շատ գործեր ունենք անելու, պետք է ուխտել. ուխտել, որ ամեն մեկս մեր տեղում այդ հերոսությունից մի մաս ենք վերցնելու և այլևս նահանջի տեղ չկա: Սա հողակտորին էլ չի վերաբերում, սա վերաբերում է մեր տեսակին: Մեր տղերքը մեր տեսակի վրա այնպիսի մի սխրագործված արյուն են դրել, այնպիսի մի պատարագ են մատուցել, որ չի կարելի դրան հավատարիմ չլինել»։

Տխուր թախիծ կար Վանաձորի մայր թատրոնի դահլիճում: Շատերը ոտքի վրա էին: Դավիթի մորաքույրը՝ Լուսինե Սիմոնյանը, 11 ամիս ինքն իրեն խոստացել էր, որ չպիտի հուզվի, խոստումը դրժեց:

«Ես որոշել էի, որ պետք է ուժեղ լինեմ, բայց գիշերվանից անդադար լացել եմ, որովհետև ես կարծում եմ, որ դեռ երկար պիտի վերապրեմ էս կորուստը մյուս բոլոր կորուստների  հետ: Մենք չենք մխիթարվում հերոս, պաթոս բառերով: Մենք լուռ լռում ենք, որովհետև  կարծում ենք, որ մեզ բաժին հասած տառապանքը էդ պիտի լիներ: Թող էդ երեխեքի  էդ լավագույն տարիները, որ պիտի ապրեին, կտոր-կտոր գնան նրան, ով  կարիք ունի առողջանալու, ավելի լավը դառնալու, որ էդ էներգիան փոխակերպվի ապրող երեխաներին, ապրող մարդկանց, կարիք ունեցող մարդկանց:  Ես ինքս էլ իմ համար, իմ աղջկա համար, Գայուշի համար միշտ մի կտոր կյանք եմ խնդրում»։

19 տարի և 42 օր. այսքան էր սահմանված Դավիթին երկրային կյանքում: Նա էլ շատ շատերի պես  հանուն հայրենիքի չխնայեց ամենաթանկը՝ կյանքը: «Էսօր ապրեցրինք Դավիթին ու միշտ պիտի ապրեցնենք»,- տխուր ժպիտն արցունքներին խառնած՝ ասում է Լուսինեն: Մորաքրոջ համար Դավիթն անսահման մեծահոգության ու բարության մարմնացում էր:

«Երբ ես փոքր -ինչ կորցնում եմ մեծահոգի լինելուս կարողությունը, միշտ հիշում եմ, թե ինչքա՜ն մեծ հոգի ուներ ինքը, ինչքա՜ն էր ներում: Ես իրեն միշտ մեծահոգության հետ եմ ասոցացնում: Ինքը խելացի էր շատ, մաթեմատիկական միտք ուներ: Ֆուտբոլը շատ էր սիրում, էդ թիմային աշխատանքում հաջողում էր, որովհետև ամբիցիա չուներ, թիմի գաղափարն էր»:

«Նոր երգեր ծնվում են, բայց դաժան են շատ, դրա համար չեմ բարձրաձայնում»,- ասում է Քրիստինեն: Նախկինում կատարած նույն երգերն այսօր այլ կերպ էին հնչում. հոգին էր տխուր.

«Հիմա ես իմ  ներսում ինձ սառեցնում եմ, որ ամեն մի խոսքից չհուզվեմ, որովհետև ծանր է կատարելը, շատ ծանր: Դավիթս ինձ ուժ տվեց այսօր, ու ես իր ծննդյան օրը և բոլոր զոհված նահատակների հիշատակը պատվով կատարեցի»:

«Մանկուց  ֆուտբոլն էր Դավիթի տարերքը: Ասում էր՝ պիտի ֆուտբոլիստ դառնամ, որ ձեզ լավ պահեմ: Պատերազմը  խմբագրեց բոլոր երազանքները: Տաղանդավոր ֆուտբոլիստ կորցրինք»,-արցունքոտ ու կիսաժպիտ ասում է մայրը.

«Ինքը լավ ֆուտբոլիստ էր, ես էլ նպատակ ունեի, որ ինքը լավ ֆուտբոլիստ պիտի դառնա: Հետագայում ինքն էլ այդ նպատակն ուներ: Տատիկին էր ասում՝ պետք է մեծ ֆուտբոլիստ դառնամ, որ ձեզ պահեմ: Բայց լավ նկարում էլ էր ինքը: Շատ լավ նկարում էր: Տաղանդ ուներ նկարելու»: 

Ծառայության ընթացքում տղամարդավարի զուսպ էր ու լավատես: Անհամբեր սպասում էր արձակուրդին: Պատերազմը խանգարեց: Վերջին անգամ որդին խոստում է կորզել մորից՝ հետևել առողջությանը՝ փոքրիկ քրոջը՝ 6- ամյա Գայանեին մեծացնելու համար

«Ինքը շա՜տ- շա՜տ խնդրեց, էնքան ասաց, մինչև ես չասացի՝ խոստանում եմ: Ու ամեն առավոտ արթնանալիս՝ հիշում եմ իր խոսքերը, որ ես պիտի չհիվանդանամ, ու ես դեռ  Գայուշ ունեմ, պիտի մեծացնեմ: Իր խոսքերն ինձ ուժ են տալիս, ինքը միշտ իմ կողքին է, ինքը միշտ ինձ հետ է»:    

Հերոսածին մայրը գերմարդկային ճիգերով փորձում էև հաղթահարել 11 ամիսների լռությունն ու վիշտը, փորձում երգով շնորհակալ լինելնրանց, ովքեր իրենց հետ կիսեցին անդառնալի կորստի կսկիծը: Դահլիճում չընդհատվող հեծկլտոցներ էին. հերոսների մայրերն էին:

Կարդացեք նաև

Back to top button