
Երկրի համար ամենածանր շրջանում Գայանե Եղիազարյանը որոշում կայացրեց՝ հայրենիք վերադառնալու ու այստեղ մշտական բնակություն հաստատելու ժամանակն է։ Համավարակի հետևանքով փակվող սահմաններից այն կողմ մնալու վախը նրան Հայաստան բերեց, պատերազմը դրդեց ավելի մեծ թափով նոր գործ սկսել։ Արդյունքում՝ երևանյան էսթետիկ–բժշկական նոր կենտրոնը սեպտեմբերի մեկին կբացի իր դռները։
Մաշկաբան–կոսմետոլոգ Գայանե Եղիազարյանի նորաստեղծ ընտանիքը 90-ականներին գնաց արտերկիր՝ բախտ որոնելու․ «Որոշեցինք գնալ, որովհետև Իրանն ավելի հզոր պետություն է, և աշխատանք ավելի հեշտ կգտնեինք։ Ինչպես շատերը, մենք էլ գնացինք բախտի հետևից։ Որոշել էինք մի քանի տարի աշխատել ու վերադառնալ, տևեց 23 տարի»։
Ամուսինն իրանահայ էր, մի երեխան ծնվել էր դեռ ուսանողության տարիներին, մյուսը ծնվեց Իրանում։ Պատմում է՝ անգամ լեզվին չէր տիրապետում, բայց իր բնավորությունն ու մասնագիտությունը պահանջում էին անդադար սովորել ու աշխատել։
«Ամեն տարի մտածում էինք, որ այս տարի կվերադառնանք, մյուս տարի կվերադառնանք, անգամ չէի ուզում լուրջ գործունեություն ծավալել, որ հանկարծ չվերադառնալու պատճառ չլինի, այսինքն՝ ինչ–որ բան մեզ էնտեղ չկապի։ Բայց հետո տեսա, որ չէ, էդպես էլ չի լինի․ գործը պահանջում է ավելի մասնագիտական մոտեցում, ավելի խորանալ, և սկսեցի տարբեր երկրներ գնալ, վերապատրաստվել»,– պատմում է Գայանեն

Այս ամենը Գայանեն պատմում է արդեն Երևանում՝ իր դեռ չբացված, բայց ամբողջովին կահավորված էսթետիկ բժշկության կենտրոնում։ Իրանում ձեռք բերած եկամուտը, փորձը, գիտելիքն ու Հայաստանի նկատմամբ ավելի խորացած սերը վերցրել, վերադարձել է հայրենիք։
Եղիազարյանների ընտանիքը Հայաստան վերադարձավ նախորդ տարի մարտին, երբ համավարակն օր օրի տարածվում , իսկ սահմանները փակվում էին․ «Ու մի պահ մտածեցի, որ եթե ես մնամ էնտեղ ու հնարավորություն չլինի գալ Հայաստան, ուղղակի չեմ կարող, որովհետև Հայաստանն ինձ համար ամեն ինչ է»։
23 տարվա դադարից հետո որոշել էին, որ վերադարձը վերջնական է։ Սկսել էին բիզնեսը Հայաստան տեղափոխելու աշխատանքները, երբ պատերազմը սկսվեց․
«Այսքան տարի երկրից բացակայելուց հետո վերադարձել ես ինչ իղձերով, ինչ նպատակներով ու միանգամից երկիրդ պատերազմի մեջ։ Իսկապես չգիտեի ինչ անել, որովհետև մտածում էի՝ ինչ կլինի վաղը։ Միայն մտածում էի՝ պետք է ստեղծեմ։ Դա հետո կլիներ էսթետիկ կենտրոն, կլիներ բուժկենտրոն, ինչ կլիներ, այդ պահին ինձ նույնիսկ չէր հետաքրքրում։ Մտածում էի՝ գուցե լիներ զինվորների օգնության կենտրոն, լիներ հիվանդների օգնության կենտրոն։ Ամեն ինչ մտածում էի։ Թե հետո ինչ կլիներ, դա արդեն Աստծու ձեռքն էր»։
Զրույցի սկզբում իր կենտրոնի ցուցանակը ընտրող գործնական կինը հենց այս բառերն ասելիս է կերպարանափոխվում, բիզնեսլեդին դառնում է բացառապես հայ, հուզվում, անգամ դադարեցնում զրույցը․
«Ես կուզեի, որ Հայաստանում ապրող մարդը թեկուզ կարճ ժամանակով դրսում ապրի, որովհետև երբ դրսում ես ապրում, հայրենիքիդ արժեքը ավելի շատ ես զգում, ավելի շատ ես գնահատում։ Իսկ երբ Հայաստանում են ապրում, ես շատ եմ զգացել, այնպիսի բաներ, որոնք շատ արժեք ունեն մարդու համար, գուցե չեն գնահատում։ Երբ դրսում ես ապրում, քեզ համար ամեն մի հայ հարազատ է։ Ես հիշում եմ, երբ նոր էի գնացել, շատ ծանր էր ինձ համար և ամեն մի հայ որ գալիս էր Իրան, ինձ թվում էր, թե եղբայրս է եկել, հարազատս է եկել․․․»։ /հուզվում է/
Ասում է՝ Հայաստանում մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում կարոտել քո համաերկրացուն։ Հայրենադարձվող հայերն էլ երբեմն չեն պատկերացնում՝ ինչ են թողնում, ինչ են ստանալու, և ինչն է կարևոր։ Արդյունքում՝ կարոտով վերադարձող հայերը երբեմն կոտրվում, դժվարությանը չեն դիմանում․
«Երբ մի փոքր ավելի տարիքդ բարձրանում է, արդեն արժեքներն էլ են փոխվում քեզ համար։ Գուցե ես այնտեղի եկամուտը Հայաստանում երբեք չունենամ (և դա այդպես էլ կլինի)։ Ես պետք է ուղղակի սպասելիքներս մի փոքր քչացնեմ, փոխարենը ստանամ այն հոգևոր սնունդը, որը տալիս է հայրենիքը։ Բնական է, որ երկար տարիներ ուղղակի աշխատում ես, ստեղծում ես, շատ դժվար է էդ ամեն ինչից պոկվել և գալ հայրենիք բավարարվել փոքրով, բայց դու պետք է դնես նժարի վրա, թե ինչն է կարևոր քեզ համար»։
Գայանեն իր ընտրությունը կատարել է․ սեպտեմբերի մեկից Երևանում էսթետիկ բժշկության մի նոր կենտրոն դռները բացելու, սպասելու է հաճախորդներին։





