
Այսօր Ազգային ժողովում շարունակվել է կառավարության ծրագրի քննարկումը և ինչպես երեկ, ուղեկցվել ծեծկռտուքով ու քաշքշոցով։ Այս միջադեպերը գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում են: Խորհրդարանից տեսագրություններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ առանձին պատգամավորների կողմից նկատելի են օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ:
Այսօրվա նիստը, պատգամավորների պահվածքի պատճառով 2 անգամ ընդմիջվել է, պատգամավորներն իրար հարվածել են, շշեր շպրտել։
Առաջինը շիշը նետեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ուղղությամբ, ոտքով առաջինը հարվածեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ Վահե Հակոբյանին՝ «Հայաստանից». խորհրդարանը քննարկում է կառավարության հնգամյա ծրագիրը:
Վնասվածքներով պատգամավորներ, բռնության ենթարկված լրագրողներ. ԶԼՄ-ների աշխատանքի համար նախատեսված օթյակից լրագրողները միանգամից հեռացվում են, երբ խորհրդարանի աշխատանքը դուրս է գալիս վերահսկողությունից։
Արտահերթ ընդմիջումներից հետո ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից հավաքվել էին բոլոր իրերը՝ թղթերից մինչև ջրով շշեր: Շշերի «պատերազմը» նիստերի դահլիճում տևեց բավականին երկար՝ «զենքի» այդ տեսակը կիրառվում էին թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները։ Յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը, թե ինչու է նորընտիր խորհրդարանն այս ոճով աշխատում․
Սեյրան Օհանյան․«Իշխանությունը ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա»:
Արթուր Ղազինյան․ «Տեղի է ունենում կազմակերպված գործընթաց՝ լռեցնելու, ճնշելու, վախեցնելու ընդդիմությանը: Վերջին մի քանի օրերին այս ամբիոնից հնչում են պարզ ճշմարտություններ, հնչում են գնահատականներ, ընդդիմադիր որակումներ, ինչին սովոր չէ այս իշխանությունը: Իշխանությունը ունի մեկ նպատակ՝ ընդդիմությանը ենթարկեցնել: Մեզ վախեցնել ու լռեցնել չի հաջողվելու»:
Էդուարդ Աղաջանյան․ «Մենք գործ ունենք մի ընդդիմության հետ, որը 8 ամիս շարունակ բոլոր հնարավոր հարթակներում լկտի բառապաշարով խոսել, մեղադրել և հայհոյել է մեզ ու ժողովրդին: Գալիս են այստեղ, ըստ էության, վնաս տալու և բացարձակապես այլ օրակարգով»:
Վաղարշակ Հակոբյան․«Դուք այստեղ մի գործով եք զբաղված, դուք ուզում եք դելեգիտիմացնել ԱԺ աշխատանքները: Չի ստացվելու»:

Կառավարության ծրագրի առարկայական քննարկում երկու օրվա ընթացքում այդպես էլ չեղավ, թեև հնգամյա անելիքը ներկայացված է 106 էջում, 6 բաժիններում և վարչապետի 3 ժամանոց ելույթում: Ամեն ինչ կրկին հանգեց փոխադարձ մեղադրանքների: «Հայաստան» խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դեռ նախորդ ծրագրով է փորձում ապացուցել, որ նոր ծրագիրը տապալվելու է.
«2018-ին էլ էիք խոստացել, որ վերացնելու եք ծայրահեղ աղքատությունը, ստացվեց հակառակը՝ այն աճում էաև ն ահագնացող և արդեն անկառավարելի գնաճի հետևանքով: 2020 թվականի հունվարից կենսաթոշակի միջին չափը բարձրացրեցիք 7,8%-ով, նվազագույն աշխատավարձը՝ 13 հազարով, իսկ անապահովության նպաստի չափերը մնացին նորից անփոփոխ: Սննդամթերքի գները այդ նույն ժամանակահատվածում աճել են 13,1%-ով: Դրա հետևանքով մեկ անձի հաշվով ամսվա նվազագույն սպառողական զամբյուղը դարձավ արդեն 66 600 դրամ, իսկ պարենային զամբյուղը՝ 36 000 դրամ: Այսինքն՝ թոշակի միջին չափով հնարավոր է ամսվա ընթացքում կատարել միայն 20 օրվա նվազագույն սպառողական ծախսերը: Իսկ կենսաթոշակի նվազագույն չափը այս պահին բավարարում է միայն 20 օրվա սննդամթերքի նվազագույն ծախսերին»:
Գնահատականներին, թե կառավարության ծրագիրը անիրատեսական է, անորակ է և ջուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Բաբկեն Թունյանը արձագանքում է.
«Կառավարության այս ծրագիրը շատ ավելի լավն է, հիմնավորված է, համապարփակ է, քան նախորդ ծրագիրը և շատ-շատ ավելի հիմնավորված է, քան 2018 թվականի հունիսին ներկայացված ծրագիրը, որը բաղկացած էր 31 էջից և որտեղ, եթե երկու չափելի ցուցանիշ գտնեք, որով կկարողանաք հետո հասկանալ՝ Կառավարությունը իր գործը լավ է կատարել, թե ոչ՝ չկա: Այն ժամանակ մեր հարգելի գործընկերները նույնպես կոալիցիոն Կառավարության անդամ էին և Կառավարության ծրագրի վերաբերյալ այսպիսի գնահատականներ չէին տալիս»:
Կառավարության ծրագրից ամենաշատը թերևս քննարկվեց «ուժային» կառույցներին առնչվող հատվածը: Պատգամավոր Վահե Հակոբյանը վտանգավոր միտում է տեսնում այն մտադրության մեջ, ըստ որի՝ Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացվելու և ներառվելու է վարչապետին ենթակա մարմինների շարքում։
«Սա հաստատուն քայլերով տանում է մեզ դեպի բռնապետություն՝ իր բոլոր ատրիբուտներով»:
Մարդու իրավունքների պաշտպանության տեսնակյունից մտահոգություններ է արտահայտում խորհրդարանի ոլորտային մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Կառավարության ծրագրում իսկապես գեղեցիկ պատկերացումների շարան կա մարդու իրավունքների պաշտպանության գլխում: Մինչ այս ծրագիրը մենք ԱԺ ոչ լիագումար նիստերի շրջանակում քննարկում էինք, թե ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների, երեխաների նկատմամբ: Այսինքն՝ կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից՝ ոտնահարում մարդկանց իրավունքները»:
Ճյուղային հանձնաժողովի ղեկավարը նաև անթույլատրելի, անհասկանալի և ոչ համարժեք է համարում ԱԺ շենքում ՊՊԾ աշխատակիցների գործելաոճը՝ պատգամավորների և լրագրողների նկատմամբ:
Պատերազմում պարտության, բանակի կազմալուծման, այլ խնդրահարույց հարցերին և ընդդիմության մեղադրանքներին ի պատասխան՝ իշխանական թևից պատասխան մեղադրանքներ են հնչում.
Վաղարշակ Հակոբյան․ «Այդ ո՞ւմ ընկերներն էին կամ կուսակցական ընկերներն էին գնում զինվորներին Ղարաբաղում ասում՝ մի՛ կռվեք, այս հողերը ծախված են»:
Հայկ Սարգսյան․ «Որ այդքան ասում էին՝ օդը փակեք, օդը փակեք, օդը ինչի՞ չի փակվել: Որ այդ 30 միլիոն դոլարանոց ՀՕՊ-ը աշխատեր՝ օդը որոշ չափով կփակվեր: Փչացած ՀՕՊ համակարգ ենք առնում, որը չի աշխատում: Բա դա անողը դավաճան է: Բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են»:
Հենց այս դրվագը պատճառ դարձավ, որ այսօր էլ կրքերն ԱԺ-ում բորբոքվեն: Պատգամավորների վարքը, ԱԺ-ի աշխատանքները խոչընդոտելու փաստերը հայտնվել են դատախազության ուշադրության կենտրոնում: Գլխավոր դատախազությունից ԱԺ-ից ստացված տեսագրություններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:




