
Ճամբարակցի Սևակ Սևանյանի «Հին դարբնոց» հյուրատունը փոխել է քաղաքավան այցելող զբոսաշրջիկների պասիվ հանգիստ ունենալու մասին պատկերացումները:
Սևակը «ԵՄ-ն զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շահառու է։ Նա փաստում է, որ հյուրատուն բացելիս՝ ի սկզբանե հենց այդ նպատակն է ունեցել ու գործում ներգրավել է նաև իր 88–ամյա երկաթագործ Վազգեն պապին:
«Ճամբարակում մի քանի հյուրատուն կա, բայց մեր հյուրատան առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք պրոֆիլային ուղղվածություն: Հյուրատանը կից կա դարբնոց և հյուրերը Վազգեն պապիս ու իմ կողմից անցկացվող վարպետաց դասերի շնորիվ հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալ դարբնոցին, այլև սեփական փորձով բացահայտել երկաթի հետ աշխատելու մի շարք գաղտնիքներ և զգալ տաք երկաթի իրական շունչը», — նշում է Սևակը:

«Հին դարբնոց» այցելող զբոսաշրջիկները տպավորված են լքում Ճամբարակը՝ «զարմանալով, որ նման փոքր գյուղում երկաթի մասին այդքան շատ բան կարող էին իմանալ»:
Զբոսաշրջիկներն իրենց տպավորությունները ոչ միայն Սևակին են պատմում, այլև՝ ներկայացնում են սոցիալական տարբեր հարթակներում՝ այդ կերպ աջակցելով Սևակի փոքր բիզնեսի աճին:
«Համավարակի շրջանում չնայած արտասահմանից հյուրեր չունենք, բայց ներքին տուրիզմը, կարծես, զարգանում է: Զանգում են, հետաքրքրվում, այցելում են մեր հյուրատուն»,- ասում է Սևակը:
Սեփական բիզնեսն օտարների համար առավել գրավիչ դարձնելու համար նա նաև դիմել է մարքեթինգային հնարքի՝ Ճամբարակի տարբերանշանով մետաղադրամ է ստեղծել, որը տեղում պատրաստում են հյուրատուն այցելած զբոսաշրջիկները և որպես հուշանվեր իրենց հետ տանում:
Սևակն ասում է, նմանատիպ գաղափարների զարգացմանը մեծապես նպաստել են ԵՄ աջակցությամբ կազմակերպված մասնագիտացված դասընթացները:
«Մեր համար շատ կարևոր էր Եվրամիության աջակցությունը, քանի որ հյուրատան-դարբնոցի գաղափարը կար, բայց չունեինք ֆինանսական միջոցներ ու նաև չունեինք համապատասխան բիզնես վարելու հմտություններ: Նախքան հյուրատուն հիմնելը մենք նախապես մասնակցեցինք բիզնես վարելու թրեյնինգների, ինչի արդյունքը մենք այսօր արդեն տեսնում ենք», — ասում է Սևակ Սևանյանը:
Սևակն ավելի քան 10 տարի զբաղվում է պարապլանային սպորտաձևով և ցանկանում է այս սպորտաձևը զարգացնել Ճամբարակում: Նա իր հյուրատուն այցելող էքստրիմի սիրահարար զբոսաշրջիկներին առաջարկում է պարամոտորով թռիչքներ Ճամբարակի վրայով՝ 4կմ բարձրությունից:
Սևակ Սևանյանը վստահ է, որ Ճամբարակն ունի զբոսաշրջային պահանջված վայր լինելու ողջ պոտենցիալը և իր յուրաքանչյուր նոր նախաձեռնություն ուղղված է իրենց տարածաշրջանի այդ պոտենցիալը բացահայտելուն:




