ԿարևորՀասարակություն

«Ֆիզգորոդոկ»-ն առանց բարձրահարկի․ կողմերն անդրդվելի են

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի կամ «Ֆիզգորոդոկ»–ի բնակիչների՝  երեք օր շարունակվող ակցիան թաղամասից տեղափոխվել է քաղաքապետարանի շենքի մոտ։ Բողոքի առիթը  նույնն է՝ բնակիչները դեմ են թաղամասում 12-հարկանի շենքի կառուցմանը և պնդում են, որ այն հակաօրինական է: Իրավիճակն այլ կերպ է մեկնաբանում կառուցապատողը։

Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ «Ֆիզգորոդոկ» ոչ պաշտոնական անվամբ թաղամասի բնակիչները մի քանի օր է պայքարում են իրենց խոսքով «անկոչ հյուրերի» դեմ։ 3-4 հարկանի շենքերի կողքին նոր՝ 12 հարկանի շենքի շինաշխատանքներն են մեկնարկել, բնակիչների խոսքով՝ ապօրինի։

«Մի հատված կա, որ բոլորի աչքին ավելի լքված տպավորություն է թողնում։ 2004 թվականին ձևակերպել են կեղծ նկուղ, կեղծ նկուղի գոյության հիմքով վարձակալության են տվել չնչին գումարի դիմաց, հետո վաճառել են։ Հանրային տարածքի զավթման հայտնի սցենարն է գործել»,-ասում է բնակիչներից Սեդա Գրիգորյանը։

Վաղ առավոտյան «ֆիզգորոդոկ»–ի այդ տարածքում մարդիկ արդեն հավաքվել, քննարկում էին անելիքը։ Ամեն նոր այցելուի ցույց էին տալիս ծառերը, որոնք պիտի կտրվեն, փոսերը, որոնք կառուցապատողը բացել է շինհրապարակը ցանկապատելու համար, տարածքը, որտեղ իրենց խոսքով որևէ նկուղ չկա։

Ասում են՝ կառուցապատողի դեմ ոչինչ չունեն, բայց դեմ են, որ ծառաշատ տարածքում շենք կառուցվի, մեկ այլ բնակիչ նկատում է՝ փոքր տարածքում կառուցվող շենքը խոչընդոտելու է աղբատար կամ հրշեջ մեքենաների մուտքին։

Կառուցապատողը «Ռատկո» ՍՊԸ–ն է, թույլտվություն ստացել է մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 29–ին, աշխատանքները սկսել՝ օգոստոսի 19-ից։ Բնակիչները սկսել են բողոքի ակցիաները հենց այդ օրվանից։

Օգոստոսի 20-ին իրավիճակը «Ֆիզգորոդոկի» տարածքում անվերահսկելի էր դարձել։ Բողոքի ակցիաներին միջամտել էր ոստիկանությունը։ Քաղաքացիների նկատմամբ ուժ էր կիրառվել, շատերը տուժել և վնասվածքներ էին ստացել։ ՄԻՊ–ը, արձագանքելով իրավիճակին, ոստիկանների գործողություններն անհամաչափ և անթույլատրելի էր գնահատել։  

Իրավիճակն այլ կերպ է մեկնաբանում կառուցապատողը։ «Ռատկո» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Մնացականյանը «Ռադիոլուրի»–ի հետ զրույցում նշում է՝ իրենք գործում են օրենքի սահմաններում, որևէ խախտում թույլ չեն տվել, հետևաբար չեն պատրաստվում դադարեցնել շինարարությունը։

«Լեգիտիմ քաղաքապետ է, կարող է որոշել՝ որտեղ կարող է կառուցվել այս կամ այն շենքը։ Մեր թույլտվությունը տրվել է երկու անգամ քաղշին խորհրդով, 20-ից ավել ճարտարապետներ կան, որոնք որոշում են՝ այս շենքը կարող է այս ձևաչափով էստեղ կառուցվել, թե ոչ։ Քաղաքապետը լսել է իրենց կարծիքը և որոշում է կայացրել, որ դա կարող է կառուցվել»,-ասում է Մնացականյանը։

Տարածքի  սեփականաշնորհման պատմությունը սկսվել  է դեռ 2005 –ից․ այն մի քանի սեփականատեր է փոխել, օտարվել մի սեփականատիրոջից մյուսին։ 2008–ին քաղաքապետարանն այստեղ  բազմաբնակարան շենք կառուցելու  թույլտվություն է տվել, բայց շինարարությունը չի իրականացվել:

Բնակիչների այն փաստարկին, թե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի կատարվել, կառուցապատողը պատասխանում է՝ 1500 քմ տարածքում դրա կարիքը չկա։ Աղբատար, հրշեջ մեքենաների ճանապարհը փակելու հետ կապված դիտարկմանի ի պատասխան Մնացականյանը խոստանում է՝ ապահով շինհրապարակ ունենալու համար նեղացված ճանապարհը աշխատանքներից հետո կվերադառնա նախկին տեսքին։

«Ես ապօրինի ոչինչ չեմ անում, և կարծում եմ, որ իրենք էլ պիտի չանեն։ Ես բոլորից ներողություն եմ խնդրում անհարմարության համար։ Ե՛վ կարող է աղմուկ լինել, և՛ կարող է փոշի բարձրանալ։ Մենք կնվազեցնենք դրա չափը ինչքան կարող ենք, բայց ինչքան իրենք ձգձգեն շինարարությունը, էդքան երկար կտևի և բոլորը կտուժեն»։

Կառուցապատողը պնդում է՝ չի դադարեցնի աշխատանքները, բնակիչները վստահեցնում են՝ չեն դադարի պայքարել։

Մինչ այդ հասարակական մի շարք կազմակերպություններ Երևանի քաղաքապետից պահանջում են վերանայել Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեի հողամասի սեփականաշնորհման և շինթույլտվության որոշումները, իսկ ոստիկանությունից՝ պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել ակցիայի  մասնակիցների նկատմամբ կամ ապօրինի կերպով բերման են ենթարկել։  

Կարդացեք նաև

Back to top button