ԿարևորՄշակույթ

Էրեբունի ամրոցի պեղումների արդյունքներն առավել քան գոհացուցիչ են

Էրեբունի հնավայրում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից 2021 թվականին իրականացվող պեղումներն ավարտվել են: Այս մասին հայտնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

Ֆրանսիացի գործընկերները ամրոցում այս տարի պեղումներն ավարտվել են հուլիսի 30-ին, իսկ հայկական կողմը հնագիտական աշխատանքները շարունակել է ամրոցից հարավ-արևելք տեղակայված բլրի հյուսիսային հարթեցված մասում: Այս հատվածի պեղումների արդյունքներն առավել քան գոհացուցիչ են:

Նախնականորեն ֆիքսվել է հնագիտական երկու փուլ, որոնք թվագրվում են Ք. ա. 7-րդ դարից մինչև 5-րդ դար ընկած ժամանակաշրջանում: Առաջի փուլը բաղկացած է առնվազն երկու ենթափուլերից, այնուհետև  այս փուլին վերաբերող տնտեսական հորերը և տաշտը ծածկել են, դրել նոր կավածեփ հատակ և կառույցի պատեր: Տնտեսական հորերից մեկում հայտնաբերվել են ուրարտական կարմիր փայլեցված և տեղական խեցեղենի համակեցություն՝ ուղեկցվող կենդանական ոսկորներով և ածխով:

«Շուտով հնաբուսաբանական և հնակենդանաբանկան հետազոտությունները նոր կարևոր տեղեկություններ կհաղորդեն մեր նախնիների կենսագործունեության և ուտեստների մասին:  Երկրորդ փուլի շինարարությունը,  ըստ երևույթին կախված է բնակլիմայական գործընթացների հետ»,- հայտնում են արգելոց-թանգարանից:

Առաջին անգամ արտաքին բնակավայրից հայտնաբերվել են ամբողջական խեցեղեն գտածոներ՝ խեցեղեն թասեր  և մեկ ոսկրե կախիկ հմայիլ: Նախնականորեն կարելի է փաստել, որ առնվազն արտաքին բնակավայրի այս հատվածը սինխրոն չէ Էրեբունի ամրոցի մեզ հայտնի բնակեցման վաղ փուլերի հետ:

Կարդացեք նաև

Back to top button