
Կապանի մասին պատմական առաջին հիշատակությունները վերագրվում են հինգերորդ դարին։ 10-րդ դարից սկսած մատենագիրները Կապանը հիշատակում են որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջից արդեն՝ որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ այս տարածաշրջանում քաղաքակրթությունը գոյություն է ունեցել դեռևս Ք.ա. 5-րդ դարում։ Կապանում այսօր նշել են քաղաքի տոնը։ Չնայած տոնական մթնոլորտին ու մշակութային տարբեր միջոցառումներին՝ Սյունիքի մարզկենտրոնում քաղաքական ներքին լարվածությունը նկատելի է եղել։ Գործող համայնքապետ Գևորգ Փարսյանից տոնակատարություններին մասնակցելու հրավեր ստացել են միայն Սյունիքի մարզպետն ու ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Սյունիքի մարզկենտրոն Կապանը հնում ունեցել է սահմանները տեղանշող յոթ բերդեր ու կոչվել Յոթնաբերդ, իսկ թե ինչո՞ւ է կոչվում Կապան՝ տարբեր կերպ է ստուգաբանվում։ Կան պնդումներ, որ Կապանը հնդեվրոպական բառ է ու նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն «կապ» նշանակում է «փակ». քաղաքը, իրոք, պարփակված է լեռնաշղթաներով։ 15-րդ դարի սկզբում Կապանն ավերվել է, անունը, թուրքական աղավաղմամբ, արտասանվել Ղափան, իսկ Հայաստանի անկախացումից հետո նորից դարձել Կապան։
Քանի՞ տարեկան է Կապանը՝ ոչ մեկը չի կարող ասել, բայց ծննդյան օրը կայուն է․ օգոստոսի նախավերջին շաբաթ օրը։ Այսօր առավոտից էին սկսել միջոցառումները՝ կրոսավազք, շուրջպար սահմանային Ճակատենի տարածքում խոյացած եռագույնի դրոշի մոտ, ծաղկադրման արարողություն Բաղաբուրջի սարահարթում, ուր ամփոփված են արցախյան պատերազմի զոհերը։ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տոնակատարության հանդիսությունը բացվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետի ուղերձով․
«Վստահ եմ, որ երկնավոր տիրոջ հովանավորությամբ և մեր գործուն մասնակցությամբ է հնարավոր լինելու ապահովել Կապանի հաստատուն քայլերով հետագա ընթացքը։ Ուստի, աղոթենք, որ Տերը իր սուրբ աջ հովանի ներքո խաղաղ պահի Կապանը»:
Արվեստագետ, Կապանի պատվավոր քաղաքացի Լիանա Հակոբյանի խոսքով՝ վեհանիստ Խուստուփի ստորոտում շարունակում է ապրել ու շնչել տենչ ու սլացք ունեցող Կապանը։

«Սիրելի քաղաք, տարիների մեջ եղել ես իր երջանկությունը կերտող կապանցու օրրան, եղել նրա սխրանքների, ստեղծարար ջանքերի , լավագույն իղձերի և խոհերի տարեգիրը, մասնակցել նոր մարդու հոգեբանության կերտմանը։ Սիրենք, նվիրվենք ու ամեն օր ցույց տանք մեր սերը հարազատ Կապանին։ Տոնդ շնորհավոր, իմ յոթնաբերդ ոստան, որ լեռների լանջին թիկնած ժայռեղեն ամրոց կապանք ես եղել ոսոխի դեմ։ Թող հավերժ լինի անունը քո, Կապան»։
Բազմադարյա, բայց հավերժ երիտասարդ՝ այսպես բնութագրեց իր ծննդավայրը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Պատմությունը կրկնվում է. 28 տարի անց կապանցին դարձյալ արկերի ձայն լսեց, բայց չընկրկեց: Միայն 44-օրյա պատերազմում Կապանը 50 զոհ տվեց: Գևորգ Փարսյան

«Մինչդեռ մեկդարյա պատմության երկրի ղեկավարը շարունակում է հոխորտալ Սյունիքի թեմայով, որ Արևմտյան Զանգեզուրը իրենց պատմական հողերն են, ու իրենք վերադառնալու են այստեղ՝ չպատկերացենով, որ հայորդիներ Պողոս Տեր Դավթյանի, Մելիք Ստեփանյանի Գարեգին Նժդեհի և այլոց արյան գնով պահած, պաշտպանած մեր հողի վրա աչք դնողին հողին ենք հանձնելու»։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խոսքով՝ կարող է թվալ, թե 2020-ի կորուստները, չամոքված վերքերն ու սուգը համատեղելի չեն տոնի հետ, բայց սահմանային ու սահմանապահ Սյունիքում նման տոն նշելն իր խորհուրդն ունի ու ինքնանպատակ չէ:
« Հենց նման միջոցառումներով է կապանցին ապացուցում իր քաղաքում ապրելու ու արարելու անսասան հաստատակամությունը, իր հողին աներեր կառչած մնալու ուժը ու այն, որ կյանքը շարունակվում է ու կշարունակվի»,–ասված է մարզպետի ուղերձում։
Կապանում ներհամայնքային լարվածությունը քաղաքի տոնին ևս նկատելի էր։ Հիշեցնենք, ավագանու 15 անդամից 8-ը օրեր առաջ հրաժարականի դիմում են ներկայացրել և Կապանում նշանակվելու են արտահերթ ընտրություններ։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը այս վիճակը քաղաքական ճնշումների հետևանք է համարում։ Թերևս սա էր պատճառը, որ քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ուղարկվել միայն Սյունիքի մարզպետին ու Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանին,որը համայնքապետի կողքին էր։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանն էլ էր Կապանում։ Նա միայն հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով։ Հրավիրեին էլ՝ տոնական միջոցառումներին չէր մասնակցի։ Կարծում է՝ չնայած տոնին, կապանցին այսօր տխուր է, բացակա շատ ընկերներ ունենք։ Ինչ վերաբերում է քաղաքական անցուդարձին, ապա Դանիելյանը համոզված է՝ քաղաքական ճնշումներ չկան։

«Կարծում եմ՝ օրինաչափ գործընթաց է, երբ Կապանի համայնքապետը հայտարարում է՝ ոչ մի պարագայում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. սակայն, կապանցիները, ի հեճուկս համայնքապետի հայտարարության, քվեարկում են և Նիկոլ Փաշինյանին ձայն են տալիս, բնական է, որ համայնքի ներսում հակասություններ կառաջանան, որոնք էլ համայնքում բերեցին քաղաքական ճգնաժամի։ Կարծում եմ՝ ճգնաժամի հաղթահարման միակ լուծումը ավագանու արտահերթ ընտրություններ են»։
Խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչը ոչ հերքեց, ոչ հաստատեց այն խոսակցությունները, թե Կապանի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը։ « Մի քանի օր հետո կլինի պաշտոնական հայտարարություն»,–ասաց Դավիթ Դանիելյանը։
Մինչ իշխանության տարբեր օղակներում հարաբերություններ են պարզում, կապանցին շարունակում է տոնել քաղաքի տոնը։ Երեկոյան ևս տարբեր համերգներ, միջոցառումներ են կազմակերպվելու։




