
Հնարավոր է արդյո՞ք Հայաստանում լուծել ոռոգման ջրի խնդիրը. գործունեության հնգամյա ծրագրում կառավարությունը նշում է այն քայլերը, որոնցով պատկերացնում է խնդրի լուծումը։ Գործադիրում կարևորում են ջրամբարաշինական ծրագրերը․ խոստանում են առաջիկա հինգ տարիներին 15 ջրամբար նախագծել ու սկսել դրանց կառուցումը: Օրակարգում նաև կաթիլային ոռոգման համակարգին անցնելու խնդիրն է։ Կառավարությունը նախատեսում է յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով։ Իրատեսական են արդյո՞ք այս խոստումներն ու որքանո՞վ կլուծեն ոռոգման խնդիրը։
Հայաստանում ջրային պաշարների կուտակումը ռազմավարական նշանակություն ունի։ Գործադիրում կարևորում են ոչ միայն նվազ ջրային ռեսուրսների պահպանումը, այլև դրանք կուտակելու հնարավորությունները։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝ գերխնդիրը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն է։
«Ջրի խնդրի լուծման ռազմավարությունը հետևյալն է՝ ջրի խնայողություն։ Արդյունավետ օգտագործումը ֆունդամենտալ խնդիր է։ Հայաստանն այսօր ջրային խնդիր ունի, սակայն անընդհատ կարելի է տեսնել առանց կառավարման հոսող ջրեր»։
Հայաստանում ջրային անհրաժեշտ պաշարներ կուտակելու, ինչպես նաև ռեզերվ հավաքելու համար կարևորվում են ջրամբարաշինական ծրագրերը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում մեր երկրի համար միակ ելքը ջրամբարներ կառուցելն է։
«Առանց ջրամբարաշինարարության մենք չենք կարող այս խնդիրը արմատապես լուծել։ Այժմ մի քանի խոշոր ծրագրեր իրականացվում են՝ Վեդու ջրամբարն է կառուցվում, Կապսի ջրամբարի հետ կապված որոշ աշխատանքներ են իրականացվում, Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցումն է օրակարգում»։
Հայաստանի ջրային կոմիտեի համար ջրային ռեսուրսների նվազման ռիսկերն ակնհայտ են։ Դրանով պայմանավորված՝ արագացրել են ջրամբարների կառուցման աշխատանքները։ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը «Ռադիոլուր»- ի հետ զրույցում մանրամասնում է՝ Կապսի ջրամբարում տարվող աշխատանքներն առաջիկայում կմտնեն գործնական փուլ։
«Իրականում, ռիսկերը գնահատելով ենք սկսել արագացնել Կապսի ջրամբարի կառուցումը։ Դա թույլ կտա որոշ չափով ռիսկերը մեղմել։ Ջրամբարում կուտակված ջուրը նախատեսել ենք ջրագծով տեղափոխել դեպի Արմավիր ու Թալինի մայր ջրանցք, որտեղից էլ կկարողանանք ջուրը հասցնել գյուղացուն։ Սա կմեղմի ռիսկերը»։

Կապսի ջրամբարի կառուցումը կլուծի Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի խնդիրը՝ կարծում է ջրային ոլորտի փորձագետը՝ ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։ Մանրամասնում է՝ այս ջրամբարի կառուցմամբ Արփի լճի շուրջ 60 մլն խորանարդ մետր ազատ հոսքերը կկուտակեն։
Համավարակն ու պատերազմը դանդաղեցրել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը։ Աշխատանքները, հավանաբար, կավարտվեն հաջորդ՝ 2022 թվականի առաջին կիսամյակում։ Մոտ ապագայում հազիվ թե առաջընթաց գրանցվի Եղվարդի ջրամբարի կառուցման գործընթացում։ Առաջիկա 10-15 տարիներին, ընդհանուր առմամբ, 12 ջրամբար կկառուցվի Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում՝ մակերևութային ջրերը ամբարելու նպատակով։ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն արձանագրում է․
«Այս պահին մենք փորձում ենք նախագծի կարևորությունը ներկայացնել, հետագայում կաշխատենք նաև ներդրողների ուղղությամբ։ Ամեն դեպքում՝ այս պահին կա քաղաքական որոշում, որ այդ ջրամբարները, միևնույնն է, պետք է կառուցվեն»։
Ըստ ծրագրի՝ Կառավարությունը մինչև 2023 թվականը նախատեսում է ավարտին հասցնել միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցումը։ Դրա արդյունքում, ըստ կանխատեսումների, տարեկան կտնտեսվի 7.3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքները կավելանան 1373 հեկտարով։ Հինգ մարզերի 105 բնակավայրերում կվերականգնվեն շուրջ 260 կմ երկարությամբ ներտնտեսային համակարգեր։ Կվերականգնվեն ավելի քան 8 կմ երկարությամբ 4 մայր և 5 կմ երկարությամբ 22 երկրորդ կարգի ջրանցքների ծայրահեղ քայքայված և վթարային հատվածները։ Դրա շնորհիվ էլ կընդլայնվի ոռոգման ջրի մատուցման հասանելիությունը, վերականգնվող հատվածներում կորուստները աստիճանաբար կկրճատվեն շուրջ 7%-ով, և այդ հողատարածքներում կիրականացվի կայուն, անխափան ջրամատակարարում:
Գործադիրի օրակարգում նաև կաթիլային ոռոգման համակարգին անցնելու խնդիրն է։ Բայց մասնագետների կարծիքներն այս հարցում միանշանակ չեն։ Նրանց մի մասը համոզված է, որ ոռոգման կաթիլային համակարգը արդյունավետ կգործի միայն նոր՝ ինտենսիվ այգիներում։ Այդ կարծիքին է, օրինակ, ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։
«Հեշտ է ասել կաթիլային համակարգի ներդրում։ Մեր այսօրվա այգիները չեն կարող կաթիլային ոռոգման համակարգով ջրվել, նրանց արմատները շատ խորն են տարածվել։ Սա շատ ծախսատար է, նոր ստեղծվող այգիների դեպքում հնարավոր և արդյունավետ կլինի»։
Կառավարությունը մինչդեռ նախատեսում է օգնել կաթիլային ոռոգման համակարգերին անցնող տնտեսություններին։ Առաջիկա 5 տարիներին ոռոգման ջրի վարձավճարն ամբողջությամբ կփոխհատուցվի մինչև 3 հեկտար այն հողատարածքներում, որոնց սեփականատերերը ոռոգման արդի համակարգեր կներդնեն ։




