
Շարունակում է մտահոգիչ մնալ հոգեբուժարաններում անձանց ոչ հոժարակամ բուժման պրակտիկան՝ արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը։ Երբեմն պացիենտների առողջական վիճակի փոփոխությունները եւ բժշկական փաստաթղթերը հիմնավոր չեն թվում, որ մարդուն դատարանի միջոցով ոչ հոժարակամ բուժման տանեն՝ շեշտում է Թաթոյանը։
Մինչդեռ Հոգեբուժական ասոցիացիայից վստահեցնում են՝ այժմ որևէ անձ չի կարող առանց բժշկական հիմնավորումների հայտնվել հոգեբուժարանում եւ ապօրինի պահվել այնտեղ։ Սակայն այս դիտարկմանն էլ հակադրվում է մեկ այլ փաստ՝ քննչական կոմիտեն այժմ քննում է անձին հոգեկան առողջության կենտրոնում ապօրինի պահելու մեկ քրեական գործ։
ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա հուլիսի 9-ի դրությամբ քննում է մեկ քրեական գործ՝ հոգեկան առողջական խնդիրներ չունեցող մարդուն հոգեբուժարանում պահելու վերաբերյալ։ Իսկ մամուլի աղմկահարույց այն հրապարակման մասով, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ապօրինի՝ առանց անհրաժեշտ բժշկական հիմնավորումների եւ փորձագիտական եզրակացության պահվել է երիտասարդ կին, քննչական կոմիտեն արձագանքում է․
«2018-ի հոկտեմբերին հարուցված քրեական գործն արդեն կարճվել է 2019-ի ապրիլին՝ հանցակազմի բացակայության հիմքով»։
Հոգեբուժարանում առանց հիմքերի անձին պահելու դեպքին արձագանքելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը նախորդիվ փոխանցել էր՝ իրենց ուսումնասիրությունները պարզել են՝ հոգեբուժարանում պահվող 20–ամյա աղջիկն աշխատունակ է, և իրենք պարբերաբար թե՛ գրավոր, թե՛ բանավոր պահանջել են նրան ազատ արձակել։ Դեպքի վերաբերյալ «Ռադիոլուրին» Քննչական կոմիտեից պատասխանել են՝ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Այդ դեպքերի հիմքով ՄԻՊ-ն արձանագրում է՝ հայաստանյան հոգեբուժարաններում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հարցերը «քրոնիկ» են դարձել։ Ոչ հոժարակամ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները մակերեսային են, առանց բավարար հիմնավորումների։ Որպես օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոնը 19 անձի ոչ հոժարակամ բուժում ցուցաբերելու նպատակով դիմել է դատարան։ Սակայն ՄԻՊ-ն այդ գործերն ուսումնասիրելու ժամանակ արձանագրել է, որ բավարար չեն նման բուժում սկսելու հիմնավորումները։ Պացիենտների մոտ տվյալ ժամանակահատվածում առողջական առանձնակի փոփոխություններ չեն գրանցվել՝ «Ռադիոլուրին» բացատրում է ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
«Հիվանդության, առողջական վիճակի դինամիկայի վերաբերյալ փոփոխություններ արձանագրված չեն։ Ոչ հոժարակամ բուժում սկսելու համար առողջական վիճակի վատթարացում կամ ագրեսիվ պահվածք կամ իրեն վտանգ ներկայացնելու մասին որևէ տեղեկատվություն արձանագրված չի եղել։ Դա եղել է փաստաթղթային եզրակացություններում միայն, և հիվանդության պատմագրերը չեն արտացոլել այն եզրակացության հիմքերը, որոնք եղել են դատարան դիմելու միջնորդության հիմքում»։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն Արմաշի հոգեբուժարանում հիվանդության պատմագրերի ոչ պատշաճ վարման ընթացակարգերի խախտումների վերաբերյալ դիմում է ուղարկել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Վերահսկողություն իրականացնող կառույցը վարչական վարույթ է իրականացրել՝ ասաց ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։
«Այնտեղ եղել են հիվանդության քարտերի թերի լրացման խնդիրներ։ Այդ մասով կիրառել ենք վարչական տույժ 20.000 դրամի չափով։ Տվել ենք կարգադրագիր, որ այդ խախտումները վերացվեն։ Կարգադրագրի ժամկետը լրանալուց հետո խախտումները վերացվել են»։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետ Լաուրա Գասպարյանը բացատրում է՝ ոչ հոժարակամ բուժումը սկսվում է, երբ անձը և/կամ նրա օրինական ներկայացուցիչը հոգեբուժական հաստատությունում ստացիոնար բուժում անցնելու համաձայնություն չեն տալիս, սակայն բժիշկը գտնում է, որ վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, քանի որ անձի վարքագիծը վտանգավոր կարող է լինել իր կամ շրջապատի համար, և նրան չբուժելը կարող է վատթարացնել առողջությունը։ Ընդ որում՝ բժիշկն ունի 72 ժամ՝ հիվանդի համաձայնությունը ստանալու համար։
«72 ժամը լրանալուն պես, եթե պացիենտը համաձայնություն չի տալիս, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգը սկսվում է։ Կազմվում է հանձնաժողովային եզրակացություն, իրականացվում է հանձնաժողովային զննություն, որի արդյունքում, եթե անձը վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար, կամ չբուժվելը վատթարացնելու է նրա վիճակը, ապա հաստատությունը դիմում է դատարան և համապատասխան միջնորդությամբ սկսվում է ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ»։
Հարկադիր բուժման տևողությունը 6 ամիս է։ Եթե վեց ամիսը լրանալու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ չի վերացել իր և շրջապատի համար վտանգ ներկայացնող վիճակը, ապա նորից 72 ժամվա ընթացքում հոգեբուժական կազմակերպությունը դիմում է դատարան՝ հարկադիր բուժման պահանջով։ «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը սահմանում է, որ անձը ցանկացած պահի կարող է հրաժարվել նախապես տրված համաձայնությունից։ Այս դեպքում ևս հոգեբուժական կազմակերպությունը պետք է դիմի դատարան՝ ոչ հոժարակամ հոսպիտալացման վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով:
«Մեր այցերի ժամանակ հանդիպել են դեպքեր, երբ անձինք այնտեղ պահվել են տարիներով՝ 20,16,10, և նրանք ցանկություն են հայտնել այլևս բուժում չստանալ։ Կամ ՄԻՊ-ին ասել են, որ իրենց պահել են այստեղ ոչ հոժարակամ։ Եղել են դեպքեր, երբ նրանց հիվանդության պատմագրերում բուժման համաձայնություն առկա չի եղել, որը մեզ տվել է հիմք՝ մտածելու, որ անձինք պահվել են իրենց կամքին հակառակ»։
Հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը վստահ է՝ այժմ որևէ անձ չի կարող անհիմն հայտնվել հոգեբուժարանում։ Այսօր անգամ հաստատված հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին է դժվար տեղավորել հոգեկան առողջության կենտրոններում, ուր մնաց դրա հիմքերը չունեցողներին՝ ասում է։
«Անհիմն որևէ մեկին չեն կարող տեղավորել որևէ հոգեբուժական հիվանդանոց, որովհետև ցանկացած բժիշկ գիտի, որ եթե անհիմն որևէ մեկին տեղավորեցին, լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։ Ավելին, հիմա անգամ եթե հիմնավորված են տեղավորում, նորից խնդիրներ են առաջանում»։
Սողոյանը հակադրվում է ՄԻՊ-ի դիտարկումներին այն առումով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների առողջական վիճակի վարման ընթացքում լուրջ խնդիրներ կան, եւ որ փաստաթղթերը լրացվում են լուրջ խախտումներով։ Պետք չէ ձեւավորել հիասթափեցնող մոտեցում հոգեբույժների եւ հոգեբուժական հաստատությունների նկատմամբ. դրանց դերն այսօր մեծ է, իսկ հանրության ընկալումն այս առումով չպետք է թերի լինի։





