
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը լարված է։ Մեկ շաբաթում 35 տոկոսով աճել են վարակման դեպքերը։ Սրանով պայմանավորված՝ երկիրը կրկին ուժեղացնում է հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը։ Covid-անվտանգության կանոնները ինչպես են փոփոխվելու, ինչպե՞ս են աշխատելու վերահսկող կառույցները, եւ ի նչ պատկեր է երկրում պատվաստման ու պատվաստանյութերի առմուով։
Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճով պայմանավորված՝ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունն ու ստուգումները նորից խստացվում են։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնային ստուգումներ է սկսելու իրացման ցանցերում՝ խանութներում ու սուպերմարկետներում, իսկ հետո սննդի շուկայի մյուս հատվածում՝ հանրային սննդի կետերում, ռեստորաններում, սրճարաններում։ Պահանջները նույնն են, փոփոխություն չի եղել, «Ռադիոլուրին» ասաց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը։
«Փակ տարածքները պետք է ապահովված լինեն ախտահանիչ միջոցներով, մուտքի մոտ պետք է ջերմաչափվեն թե՛ անձնակազմը, թե՛ հաճախորդները, բոլորը պետք է կրեն դիմակներ»։
Պահանջները չկատարելու դեպքում տնտեսվարողներին առաջին անգամ կտրվի նախազգուշացում, իսկ հաջորդ անգամ արդեն կկիրառվի տուգանք 150-300 հազար դրամի չափով։ Տեսչական մարմնի աշխատակիցներն անցնում են ամենօրյա խստացված ստուգայցերի։ Ուժեղացված վերահսկողական աշխատանքը շարունակում է նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը կրկին ուժի մեջ է մտնում։ Անվտանգության մյուս կանոնները նույնն են՝ ասաց տեսչական մարմնի հիգիենիկ,սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։
«Կարծիք կա, որ ովքեր պատվաստված են, կարող են դիմակ չկրել, բայց դա այդպես չէ։ Նորմը պահանջում է, որ բոլոր դեպքերում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Սոցիալական հեռավորությունը նույնպես պետք է պահպանել, ձեռքերը պետք է ախտահանել 70 տոկոսանոց սպիրտ պարունակող ախտահանիչներով, արտաքին մակերեսները՝ 70-90 տոկոս սպիրտային հիմքով ախտահանիչներով»։
Հակահամաճարակային կանոնների պահպանման «խոշորացույցի» տակ են ամենատարբեր ոլորտների տնտեսվարողներ, մասնավորապես, նաեւ հասարակական տրանսպորտը և ուսումնական հաստատությունները։ Տեսչական մարմնի ներկայացուցիչը շեշտում է՝ խախտումները կարժենան 100-300 հազար դրամ։
Հայաստանը կորոնավիրուսի տարածման առումով կրկին «կարմիր» գոտում է․ երկրում արդեն շրջանառվում են նաեւ քովիդի նոր՝ մուտացված շտամերը, որոնք, ըստ մասնագետների, ավելի վարակիչ են ու ինկուբացիոն ավելի կարճ շրջան ունեն։
Սա պահանջում է հետամուտ լինել անվտանգության կանոնների պահպանմանը՝ «Ռադիոլուրին» ասում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
«Սեկվենավորված 64 նմուշից հայտնաբերվել է 51 «Դելտա» և 9 բրիտանական շտամ»:
Վարակի կանխարգելման տարածումը հատկապես է շեշտում պատվաստման անրաժեշտությունն ու կարեւորությունը։ Մասնագետը վստահեցնում է, որ անվտանգության կանոնների պահպանումից բացի՝ համավարակի կանխարգելիչ կարևոր պայման է պատվաստումը։ ՀՀ-ն արդեն ձեռք է բերել նաեւ չորրդր տեսակի պատվաստանյութը՝ չինական «Սինոֆարմը»․ պատվաստանյութի նոր խմբաքանակը` շուրջ 200 հազար դեղաչափ՝ 100 հազար անձի համար, արդեն Հայաստանում է։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում արդեն կտրամադրվի առողջության առաջնային պահպանման օղակին և պատվաստման շարժական կետերին։
«Նաեւ Ջոնսոն&Ջոնսոն և Փֆայզեր պատվաստանյութեր ձեռք բերելու աշխատանքներ են տարվում»։
Covid-անվտանգության կանոնները թեեւ էական փոփոխությունների չեն ենարկվում, սակայն նախատեսվում են նոր պահանջներ աշխատողների եւ ուսուսչադասախոսական կազմի համար։
Ըստ այդմ՝ պետական կառավարման մարմինների, տնտեսվարողների աշխատակիցները, եթե դեռ պատվաստված չեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն՝ բացառությամբ պատվաստվածների։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախանշել է փոփոխությունները կիրառելու ժամկետը՝ հոկտեմբերի 1-ը։





