ԿարևորՀասարակություն

Ջրի խնդիրը Նռնաձորում. այգիները շարունակում են չորանալ

Մեղրիի զարգացման հիմնադրամն արձանագրում է, որ Նռնաձորի բնակիչների և ջուր օգտագործողների միության աշխատակիցների գործադրած ջանքերն անօգուտ են եղել, քանի որ ջուր մատակարարող պոմպերը աշխատեցնել չի հաջողվել։ Նռնաձորի բնակիչների այգիները շարունակում են չորանալ:

«Ցավոք, այստեղի բնակիչների եկամտի հիմնական, իսկ ոմանց համար էլ միակ աղբյուրն այդ այգիներն են: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ բարձրաձայնել այս օրհասկան խնդրի մասին՝ ակնկալելով, որ պատկան մարմինները հնարավոր սեղմ ժամկետներում կառաջարկեն խնդրի լուծման նոր տարբերակներ: Ջուրը կյանք է …»,- նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանցիներն արդեն մի քանի տարի է՝ փոխել են Զվարագետ վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջեւան, եւ այն այլեւս չի միախառնվում Մեղրի գետին, որի պատճառով օգոստոսից Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, ինչպես նաեւ Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում ոռոգման ջրի հասանելիության առնչությամբ:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ այս տարվա մարտին արված հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ ավելի քան 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջեւան (Օրդուբադի շրջան): Ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում վտակի հունը…

Այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից: Ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքը՝ ունենալու բավարար եւ շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի եւ այլն) համար: Ընդ որում, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի եւ կենսական կարեւորության մյուս իրավունքների հիմքում:

Այս իրավունքն այնքան հիմնարար է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ջրի եւ սանիտացիայի իրավունքը հռչակել է համաշխարհային կայուն զարգացման նպատակ՝ հաշվի առնելով ջրի հիմնարար, անփոխարինելի նշանակությունը մարդու զարգացման ու կյանքի կազմակերպման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս իրավունքը բնորոշել է որպես հազարամյակի զարգացման նպատակ:

Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաեւ «Անդրսահմանային ջրահոսքերի եւ միջազգային լճերի օգտագործման եւ պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան եւ այլ միջազգային փաստաթղթեր»:

Նռնաձորը Մեղրիի այն գյուղերից է, որտեղ ընթանում է Մեղրիի զարգացման հիմնադրամի ծրագիրը: Գյուղում նոր թաղամաս է կառուցվում, որտեղ բնակվելու են Արցախի պատերազմի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքներ:

Կարդացեք նաև

Back to top button