
Խորհրդարանում այսօր քննարկվել են երկրում ստեղծված ջրային խնդիրները։ Հիմք ընդունելով ոռոգման ջրի սակավության խնդիրը՝ ազգային ժողովը հաստատել է Սևանա լճից լրացուցիչ՝ մինչև 2450 մլն խորանարդ մետրի ջրառի թույլտվության՝ կառավարության առաջարկը։ Երկրում այսօր ջրամբարները թերի են լցված, հավելյալ ջրառ չկազմակերպելու դեպքում մոտ 32 հազար հա ոռոգվող հողատարածք կմնա առանց ջրի՝ մտահոգություն է հայտնել ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։Եթե ջրամբարաշինական ծրագրերը կյանքի կոչվեն, հետագայում Սևանա լճից ջրառի կարիք չի լինի։ Սարգսյանի այս հայտարարությանը հակադրվել է ընդդիմությունը։
Հայաստանի ու Արցախի ջրային պաշարների հարցը պետք է դիտարկել հետպատերազմյան տրամաբանության ներքո՝ խորհրդարանում շեշտում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը։ Արբահամյանն ընդգծում է Քարվաճառի ռազմավարական նշանակությունը Հայաստանի ու Արցախի համար ու հիշեցնում՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող գետերի ակունքների 98 տոկոսը Քարվաճառում է։ Պատգամավորին մտահոգում է սկսված ջրային ճգնաժամը։
«Ստեփանակերտ մտնող խմելու ջրի գետերի ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Երեկ նաև հրապարակվեց Ադրբեջանի նախագահի այցը Քարվաճառ ու Քաշաթաղ, կադրերում ես նկատեցի, որ գետերի մոտ շինարարական խոշոր տեխնիկա աշխատանք է իրականացնում»։
Ի՞նչ է կառուցում թշնամի երկիրը՝ հստակ չէ։ Հստակ է, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակության Սևանա լիճ թափվող գետերի ակունքներն էլ են Քարվաճառում։ Ոռոգման ջուրն ապահովող Սևանա լճից այս տարի էլ լրացուցիչ ջրառի կարիք է առաջացել սակավաջրության ու շոգի պատճառով։ 31 400 հա տարածք ջրի կարիք ունի՝ մանրամասները խորհրդարանում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն է ներկայացնում ՝
«2021թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրաբացթողումները տասը օր շուտ են սկսվել։ Արդեն իսկ 19 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել։ Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3: Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանվել է մինչև 170 մլն մ3 »:
Ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ Սևան-Հրազդան ոռոգման համակարգից սնվող հինգ ջրօգտագործող ընկերությունների պայմանագրերով հաստատված է, որ 31,4 հազար հեկտար հողատարածքը ոռոգվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների, Հրազդան գետի և Սևանա լճի ջրով։ Հայաստանի 12 ջրամբարներում 2021-ին առավելագույնը լցված է շուրջ 527 մլն մ3․ նախորդ տարվա համեմատ ավելի քան 140 մլն մ3 —ով պակաս։
«Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանին հետաքրքրում է՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառի դեպքում գյուղացու ջրի խնդիրը կլուծվի՞։ Ջրային կոմիտեի նախագահի պատասխանը դրական էր․
«Կարո՞ղ ենք խոստանալ, որ մեր տնտեսությունները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա»։ «Այո, սա ջրի անհրաժեշտ քանակ է, որպեսզի 31,400 հա ոռոգելի տարածքները ջրի խնդիր չունենան»։
Սևանը բոլոր կառավարությունների համար հավելյալ ջրառի հնարավորություն է՝ այսպես է «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի այս դիտարկմանը պատասխանում ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։ Թովմասյանի հիշեցնում է ժամանակին Փաշինյանի արած հայտարարությունը։ «Ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դադարեք Սևանին վերաբերել որպես ջրի տարա»։
Ոռոգման ջրի խնդիրը կլուծվի, երբ կառավարության նախատեսած ջրամբարաշինական ծրագրերը կյանքի կոչվեն՝ ասում է ջրային կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով՝ Վեդու ջրամբարի շինարարությունն առաջիկայում կավարտվի, Կապսինն էլ կսկսվի։ Ընդհանուր առմամբ, մոտ մեկ տասնյակ ջրամբար է կառուցվելու՝ կառավարության ծրագրերի մասով փոխանցեց Կարեն Սարգսյանը։ Այդ դեպքում արդեն Սևանից ոռոգման նպատակով ջուր բաց չի թողնվի՝ հայտարարեց։ Նրան բնապահպանության նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց․
«Հնարավոր չէ Սևանա լճից ջուր բաց չթողնել։ Այս դեպքում լիճը կգնա ճահճացման։ Լիճը պետք է բնական հոսք ունենա։ Եթե ուզում եք լրացուցիչ ջրառը բացառել, այդպես ասեք»։
Կառավարությունում նախատեսում են ոռոգման ջրի խնդիրը լուծել նաեւ կաթիլային համակարգի ներդրմամբ։ Ջրային կոմիտեի նախագահը հայտարարեց՝ ծրագիր են ներկայացրել․ մինչև 3 հա հող ունեցող ֆերմերները կազատվեն ոռոգման ջրի վարձից, եթե կաթիլային ոռոգման համակարգ ներդնեն։ Իսկ մինչ այս ծրագիրը կյանքի կկոչվի, չնայած ընդդիմության դեմ լինելուն, նախագիծը հաստատվեց՝ կառավարությունն այս տարի էլ ոռոգման նպատակով Սևանա լճից հավելյալ ջուր բաց կթողնի մինչև 245 մլն խմ։




