
4 ամիս՝ առանց կառավարման խորհրդի, 3 տարի՝ առանց ռեկտորի։ ԿԳՄՍ նախարարությունը փորձում է հանգուցալուծել ԵՊՀ–ում, նաև պետական մյուս բուհերում ստեղծված անորոշ իրավիճակը։
Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ։ Որոշման համաձայն՝ պետական բուհերը կունենան 20 հոգանոց կառավարման խորհուրդներ, որոնցում ուսանողները, դասախոսները, հիմնադիրը և լիազոր մարմինը հավասար ներկայացվածություն կունենան։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մենուա Սողոմոնյանն այս առաջարկը նախորդից մեկ քայլ առաջ է համարում։
«Սա մեկ քայլ առաջ է այն մոտեցումից, որը ԿԳՄՍ–ն ուներ, օրինակ, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում, որով նախատեսվում էր բոլոր բուհերի խորհուրդներում ունենալ 9 անդամ, և նրանցից 5-ին պետք է նշանակեր նախարարը»,– ասում է Մենուա Սողոմոնյանը։
Այս դրույթը օրենքի նախագծի ամենաքննարկվածներից ու քննադատվածներից մեկն էր։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումից հետո հանրապետության նախագահը չստորագրեց այն և ուղարկեց Սահմանադրական դատարան, վերջինն էլ հակասահամանադրական ճանաչեց օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ կառավարման խորհուրդներին վերաբերող կարգավորումները։ Դրանցում ՍԴ–ն բուհերի ինքնավարության սկզբունքի խախտման վտանգ էր տեսել։ ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ բուհերի ինքնավարությունը ուղիղ համեմատական է կրթության զարգացմանը։
«Բուհերի ինքնավարությունը բարձրագույն կրթության հիմնական արժեքներից մեկն է, այնպես, ինչպես, օրինակ, ակադեմիական ազատությունը։ Առանց ինքնավարության հնարավոր չէ բուհում ակադեմիական ազատություն ապահովել։ Սա կրթության և գիտության զարգացման հիմնական հենասյուներից մեկն է»,– ընդգծում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամը։
Օրեր առաջ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ կառավարման խորհուրդների ձևավորման ՝ օրենքում ամրագրված կարգը սկզբունքային չէ նախարարության համար։ Պատրաստ են վերախմբագրել խնդրահարույց դրույթները՝ նշել էր նախարարը․
«Խնդիր չէ․ հակասահմանադրական է ճանաչվել մենք կվերախմբագրենք մեր օրենքը։ Միակ խնդիրը այդ 5-4 համամասնությունն էր։ Ճիշտն ասած, այդ թեման այնքան քննարկվեց, որ մենք կտրվեցինք օրենքի բուն բովանդակությունից։ Ի վերջո դա չէ և դա չէր օրենքի բուն բովանդակությունը»։
Այս պահին հանրային քննարկման ներկայացված նախագծով ԿԳՄՍ նախարարությունը փորձում է կարգավորել խնդրահարույց հիմնական հարցը։ Առաջարկվող նախագծով փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկին համամասնությունները, ըստ որի՝ խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն: Նախարարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ կբարձրանա բուհերի կառավարման արդյունավետությունը: Հիմնավորման մեջ ԿԳՄՍ–ն նշում է՝ գործող խորհուրդները կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը խոչընդոտում է խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մենուա Սողոմոնյանն այս հարցում վերապահումներ ունի։ Նախկինում գործող 32 հոգանոց խորհուրդը երբեք օպերատիվության խնդիր չի ունեցել՝ ասում է։
«Օպերատիվության և արդյունավետության հարցեր իրենք կարող են լուծել այն ժամանակ, երբ բուհերի հետ գան քննարկումների, երկխոսության դաշտ և բուհերին չթելադրեն իրենց օրակարգը, այլ հասկանան, թե որն է բուհերի օրակարգը և շարժվեն հենց դրանով»։
Սողոմոնյանը վստահ չէ, որ կառավարության նոր նախագծի կյանքի կոչվելուց հետո բուհական կառավարման ոլորտում առաջացած խնդիրները կլուծվեն։ Հիշեցնում է՝ շուրջ 3 ամիս ԵՊՀ կառավարման խորհուրդ չուներ, ինչից հետո արդարադատության նախարարությունը, «Հիմնադրամների մասին» օրենքով առաջնորդվելով, ձևավորեց կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ վերջերս ԵՊՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց։






