
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է՝ օգոստոսի 21-ից Հայաստանում սկսվում է սիրողական որսաշրջանը։ Որսորդները փուլ առ փուլ կստանան սիրողական կտրոններ, որտեղ նշված կլինի, թե տվյալ ժամանակահատվածում ո՞ր որսատեսակները և ի՞նչ չափաքանակով կարելի է որսալ,- ասում է Շրջակա միջավայրի նախարարության Կենսառեսուրսների թույլտվությունների բաժնի պետ Սևակ Բալոյանը։ Սիրողական առաջին կտրոնը որսորդներին արդեն տրվել է, առաջին փուլով որսորդները կարող են որսալ 5 տեսակի թռչուն՝ թխակապույտ աղավնի, եղեգնահավ, կռնչան բադ, սև թարթառ և լոր․
«Նախարարի հրամանով 15 անուն կենդանատեսակ է սահմանվել որսի համար, որոնցից 10-ը թռչնատեսակ է, իսկ 5-ը՝ կաթնասուն։ Թռչունների շարքում է լորը, քարակաքավը, արտյուտը, կռչան բադը և այլն, իսկ կաթնասունների շարքում, մի քանի տարիների ընդմիջումից հետո հաստատվել է վայրի խոզը, փորսուղը, նապաստակը և քարակզաքիսը»,-ասում է Սևակ Բալոյանը։
Յուրաքանչյուր որսորդ մեկ օրվա ընթացքում իրավունք ունի որսալու 10 լոր, լորի մեկ ապօրինի որսի համար կվճարի 2 հազար դրամ տուգանք։ Յուրաքանչյուր որսատեսակի, բնապահպանական իրավախախտումների և բուսական աշխարհին պատճառված վնասի համար սահմանված է տուգանք։ Ամենաբարձրը կովկասյան ընձառյուծի որսի համար սահմանված տուգանքն է՝ 3 միլիոն դրամ․ այս կենդանու որսն առհասարակ արգելված է։ Ամենացածրը՝ 1000 դրամ, կտուգանվեն ապօրինաբար գետի խեցգետիններ որսացողները։ Շրջակա միջավայրի նախարարին կից խորհրդի անդամ, econews կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի խոսքով՝ թեպետ նախարարությունը ջանքեր է գործադրում ոլորտը կարգավորելու համար, սակայն վերահսկողական մեխանիզմները, մեղմ ասած, թույլ են և չեն արդարացնում իրենց․
«Վայրի վարազի որսը արդեն թույլատրվում է, 30 վայրի վարազ կարելի է որսալ, բայց ո՞վ է վերահսկելու՝ 30 որսացին, թե՞ 40, չգիտեմ։ Ամենաշատը գորշ արջերի են սպանում, որովհետև նրանք բնակավայրերին են մոտենում։ Անգղերի են սպանում՝ շատ չհասկանալով, որ այդ թռչունի ո՛չ միսը, ո՛չ մաշկը, ո՛չ մի բանը պիտանի չէ, և նա էլ վերացող տեսակ է համարվում»,-ասում է Մարիամ Տաշչյանը։
Մարիամ Տաշչյանի խոսքով՝ շատ են նաև որսագողության դեպքերը։ Միայն օգոստոսին ոստիկանությունը բացահայտել է 2 որսագողության դեպք, երկուսն էլ ապօրինի ձկնագողության։ Բազմաթիվ դեպքեև վերահսկողական թույլ մեխանիզմների պատճառով մնում են չբացահայտված, -ասում է Մարիամ Տաշչյանը։ Փոխարենը Սևակ Բալոյանն ասում է, որ վերահսկողությունն իրականացվում է մի քանի ճանապարհով, նախարարությունը սերտ համագործակցում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ, յուրաքաչնյուր մարզում մի քանի տեսուչ ստուգում է իրականացնում։ Խախտում կատարած յուրաքանչյուր որսորդ կպատժվի՝ օրենքո վ սահմանված կարգով․
«Վերահսկողական մեխանիզմներից մեկն այն է, որ նախարարի հրամանով որս իրականացվելու է հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, դրանից դուրս՝ յուրաքանչյուր կրակոց դիտարկվելու է որպես ապօրինի որսորդություն»,-ասում է Սևակ Բալոյանը։
Սևակ Բալոյանի խոսքով՝ ԳԱԱ-ն ուսումանսիրում է, հաշվառում և նախարարին ներկայացնում թույլատրելի որսատեսակների ցանկ ու քանակ։ Մարիամ Տաշչյանն ասում է՝ որսի սեզոնից հետո հնարավոր չէ գնահատել բնության կրած վնասի չափը․
«Մեր ԳԱԱ-ն անում է մոնիտորինգ, հաշվառում և այլն, բայց նրանք մի քանի հոգի են, ինչպե՞ս կարող են գնահատական տալ ամբողջ հանրապետության բնության համար, հետևաբար, մենք ճշգրիտ չենք էլ կարող գնահատել, թե բնությանը ինչ վնաս է հասցվում»,-ասում է Մարիամ Տաշչյանը։
Որսորդը Հայաստանում որսի արտոնագիր ստանալուց առաջ գործնական և տեսական թեստ չի անցնում․ սա Մարիամ Տաշչյանը համարում է մտահոգիչ․
«Որսորդների 90%-ը գիտելիք չունի որսորդական տնտեսության օրենքի, կենսաբանության մասին։ Նրանք ուղղակի դառնում են ՀԿ-ների անդամ, որպեսզի պարզապես ձեռք բերեն հրազեն ու գնան որսի։ Այդ մարդիկ քննություն չեն հանձնում, ինչպե՞ս են տարբերելու այս թռչնատեսակը մյուսից, որպեսզի հասկանան՝ կարելի՞ էր կոնկրետ այս տեսակը որսալ, թե՞ ոչ»,-ասում է Մարիամ Տաշչյանը։
Սևակ Բալոյանի խոսքով՝ այս հարցն արդեն մեկ ամիս է քննարկվում է նախարարությունում։ Նախատեսվում է, որ որսի գնալու թույլտվության համար որսորդը կհանձնի քննություններ․
«Որսորդության տնտեսության վարման մասին օրենքի համաձայն՝ որսորդական վկայական տրամադրվում է քննություն տալուց հետո, բայց ենթաօրենսդրական կարգը դեռևս սահմանված չէ, նախարարությունը մեկ ամիս է՝ քննարկման մեջ է, որպեսզի կարգը սահմանվի և հետագայում տեսական և գործնական քննություն անցնեն։ Այս պահին որսորդներին որսի վկայական տրամադրում են որսորդական ՀԿ-ները»,-ասում է Սևակ Բալոյանը։
Սևան Բալայանը հուսով է, որ քննությունները կկարգավորեն ոլորտը։ Մարիամ Տաշչյանի կարծիքով էլ՝ մի քանի տարով պետք է արգելել որսաշրջանները, լրացնել ոլորտի բացերը, որպեսզի որսորդը լինի գրագետ, և մարդու՝ կենդանի որսալու ցանկությունից բնությունը վնաս չկրի։




