ԿարևորՀասարակություն

ՀՔԾ պետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու

Հատուկ քննչական ծառայությունը շուտով կլուծարվի, և դրա փոխարեն կսկսի գործել  նոր կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս փոփոխությունը ենթադրող օրենսդրական փաթեթը խորհրդարանն ընդունել է մի քանի ամիս առաջ՝ 2021թ․ մարտին։

Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործառույթը Հատուկ քննչական ծառայությունից փոխանցվում է հակակոուպցիոն կոմիտեին։ Այն դառնում է  կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ բաղադրիչը՝ արդեն ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և  ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանների հետ:

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը պարզաբանում է՝ փոփոխությունը բխում է կառավարության գործունեության ծրագրի և 2019–ին հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության պահանջները կատարելու անհրաժեշտությունից։

«Այժմ միայն Հատուկ քննչական ծառայությունը չէ, որ քննում է կոռուպցիոն բնույթի գործեր․ դրանով զբաղվում են 4 մարմին՝ ՊԵԿ–ը, Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն և Հատուկ քննչական ծառայությունը։ Իհարկե, հստակ մատնանշված է, թե որ մարմինը, որ գործերն է քննում, բայց ամեն դեպքում մենք ունենք կենտրոնացված մոդելի անհրաժեշտություն»,- ասում է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո կոռուպցիոն բոլոր հանցագործությունների քննությունն ու բացահայտումը կկենտրոնացվեն  մեկ մարմնում, և կոմիտեում ներգրավված քննիչները կաշխատեն միայն կոռուպցիոն հանցագործություններ բացահայտելու համար։ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանն ասում է՝ սա կոմիտեի հիմնական առանձնահատկություններից է։

«Հակակոռուպցիոն կոմիտեն, ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության, իրականացնելու է նաև օպերատիվ–հետախուզական գործունեություն։ Հիմա Հատուկ քննչական ծառայությունը միայն նախաքննություն է իրականացնում, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կկարողանա օպետիվ հետախուզական գործունեությամբ հենց ինքը բացահայտել հանցագործությունը և հետագայում արդեն քննչական գործողություններ իրականացնել»,– ասում է Մարիամ Գալստյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին օրենքով նաև սահմանվում են լրացուցիչ պահանջներ ու մասնագիտական որակավորումներ կոմիտեի աշխատակիցների ու ղեկավարի համար։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ–ում օրենսդրական փաթեթը ներկայացնելիս շեշտել էր՝ պահանջներին համապատասխան նաև աշխատավարձ կսահմանվի․

«Կարծում ենք, որ կոռուպցիոն գործեր քննելու համար, այո, պարտադիր է օտար լեզվի իմացություն, այո, պարտադիր է կոնտակտ հաստատել տարբեր երկրներում կոռուպցիոն գործեր քննող ստորաբաժանումների և աշխատակիցների հետ, կարծում ենք, որ պետք է ուսումնասիրել միջազգային փորձ և այլն։ Եվ քանի որ մենք ակնկալում ենք պետությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառած անձանց մասով գործերի քննություն, դրա համար էլ նախատեսում ենք համապատասխան աշխատավարձ»,– ասել է Ռուստամ Բադասյանը։

Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի աշխատավարձը կկազմի շուրջ 1.5 մլն դրամ, քննիչներինը՝ շուրջ750-850, իսկ օպերատիվ աշխատակիցներինը՝ 450-550 հազար դրամ։

Ի տարբերություն մյուս քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմն ու աշխատակիցները կընտրվեն բացառապես մրցութային եղանակով։ Ղեկավար կազմին կընտրի մրցութային խորհուրդը, կոմիտեի քննիչներին՝ մրցութային հանձնաժողովը։

Այսօր տեղի է ունեցել մրցութային խորհրդի առաջին նիստը։ Կոմիտեի նախագահի պաշտոնի համար  առաջադրվել է 3 թեկնածու՝ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անհատ ձեռներեց Գառնիկ Թորոսյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Դավիթ Մկրտումյանը։ Խորհրդի անդամներն այսօր ստուգել են թեկնածուների փաստաթղթերն ու դրանց համապատասխանությունը առաջադրված պահանջներին։ Հաջորդ քայլը դրանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելն է, որը կստուգի թեկնածուների բարեվարքությունը  և եզրակացություն կներկայացնի։ Դրանից  հետո թեկնածուները հարցազրույցի կմասնակցեն։

«Երբ հարցազրույցի արդյունքում մենք կունենանք հաղթող ճանաչված թեկնածու, թեկնածությունը կներկայացվի Կառավարություն, Կառավարության կողմից նշանակումից հետո արդեն, ընթացիկ հարցերը ապահովելու համար, նշանակված նախագահը կդիմի Հատուկ քննչական ծառայությանը, և 20 քննիչ՝ որպես պաշտոնակատար, կներգրավվի Հակակոռուպցիոն կոմիտեում»,– պարզաբանում է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանն ասում է՝ օրենքի համաձայն նախնական փուլում, բացի Հատուկ քննչական ծառայությունից, մյուս երեք մարմինները կշարունակեն քննել իրենց վարույթում եղած գործերը, կամ դրանք կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին՝ կառույցի  նախագահի համաձայնությամբ։ Նախատեսվում է, որ հակակոռուպցիոն նոր կառույցն իր լիարժեք գործունեությունը  կսկսի 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում միայն։

Կարդացեք նաև

Back to top button