ԿարևորՍպորտ

Ֆուտբոլը վերադարձավ Կապան

6 տարվա ընդմիջումից հետո Կապանի քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային խաղ է կայացել․ տեղի «Գանձասարը» հյուրընկալել է Գյումրիի «Շիրակ»-ին։ Պարտությունը կապանցիներին չի խանգարել  տոնել ֆուտբոլի վերադարձը մարզկենտրոն։ Իսկ 6-ամյա դադարը Կապանում ֆուտբոլային փոխանցումներով թնջուկ է հիշեցնում։

Կապանի «Գանձասար» և Գյումրիի «Շիրակ» թիմերի ավագները հանրապետության օրհներգի հնչյունների ներքո բարձրացնում են հանրապետության եռագույնն ու Հայաստանի ֆուտբոլի 30-րդ առաջնության դրոշը։ Քաղաքային մարզադաշտում ֆուտբոլային խաղ է՝ 6 տարվա ընդմիջումից հետո։

Տարիներ առաջ,  երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, այժմ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը հրաժարվեց հոգալ Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ծախսերը, թիմը լուծարվեց։ Վահե Հակոբյանը նոր ակումբ հիմնադրեց՝ «Գանձասար-Կապան»-ը, որը մարզվում և խաղերն անց էր կացնում Երևանում։

«Գանձասար» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյան․

«Մարզադաշտի տնօրինության հետ անձնական խնդիրներ ունեին, մարզադաշտն անուշադրության մատնվեց, ասացին՝  չի համապատասխանում նույնիսկ առաջին լիգայի խաղերին»։

Ազգային ժողովի պատգմավոր, կապանցի Դավիթ Դանիելյանը ժամանակին խաղացել է «Գանձասար» մանկապատանեկան թիմում։ Գիտի՝ ինչ է ֆուտբոլը կապանցիների համար։

«Գանձասար-92»-ի թիմում եմ խաղացել նույն մարզադաշտում, 9-10-րդ դասարանի աշակերտ էի։ Բայց կար նաև բարձրագույն խմբի «Գանձասար» թիմը, որը հաջողություններ էր գրանցում։ Ունեմ այդ ժամանակ խաղացող ընկերներ, որոնք հիմա ճանաչված ֆուտբոլիստներ են»։

Վլադիկ Առաքելյանը չի ուզում կենտրոնանալ այն հարցի վրա, թե ով է մեղավոր, ում ջանքերով ընդմիջվեց ֆուտբոլային կյանքը Կապանում։ Ասում է՝ կարևորն այն է, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ  ու Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ, որ ֆուտբոլը վերադառնա Կապան․

«Քանի որ «Գանձասար-Կապան»-ը  դուրս մնաց բարձրագույն առաջնությունից, Կապանը մնում էր առանց պրոֆեսինոալ ֆուտբոլի, որոշեցի նախկին «Գանձասարը» վերականգնել, ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, իշխանության հետ պայմանավորվեցինք, կարողացանք բերել Կապան»։

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը ծանոթ է թնջուկ դարձած պատմությանը, բայց կարծում  է, որ այսօր այդ հացը չէ, որ օրակարգ պիտի բերվի։

 «Ծանոթ եմ, բայց կարծում եմ հիմա պետք չէ քննարկել, թե ինչու ֆուտբոլ չկար։ Պետք է ամեն ինչ անենք, որ ֆուտբոլը լինի ու զարգանա։ Ես նույնիսկ ծրագրել եմ Կապանում բակային ֆուտբոլը զարգացնել,  ՈՒԵՖԱ-ն ունի նման ծրագրեր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ բակերում փոքրիկ մարզադաշտեր կառուցել, որ պեսզի երեխաները որոաշակի տարածք ունենան՝ ֆուտբոլ խաղալու, քանի որ ըստ իս՝ կապանցին ֆուտբոլ շատ է սիրում»։

«Գանձասար» ակումբի գործադիր տնօրենը հարցերը լուծված չի համարում։ 2016-ի մայիսին Կապանի քաղաքապետը փոփոխություններ է կատարել  2005-ի օգոստոսին կնքված հողի վարձակալության պայմանագրում: Հողի վարձակալության տարեկան գումարը 255 հազարից դարձել է 2 մլն-ից ավելի դրամ: Վարձակալության ժամկետը երկարացվել է մինչև 2040 թ. դեկտեմբերի 31-ը: Սահմանվել է, որ վարձակալը պարտավորվում է մարզահամալիրը, ըստ անհրաժեշտության, անվճար տրամադրել Կապանի համայնքապետարանին՝  համաքաղաքային միջոցառումներ կազմակերպելու համար: Չնայած այս և այլ հոգսերին՝ Վլադիկ Առաքելյանը կարևորում է թիմի ոգևորությունը։

«Երևանից հրավիրեցինք ֆուտբոլիստների, որոնք նախկին «Գանձասարի» երիտասարդ ֆուտբոլիստներ էին, որոնք մեկ տարի թողել էին ֆուտբոլը։ Հիմա կամաց-կամաց մարզավիճակ են ձեռք բերում, չէին խաղում։ Մարզիչը Տիգրան Եսայանն է, ունի համապատասխան կատեգորիա»։

Վլադիկ Առաքելյանը համոզված է՝ եթե թիմը մարզական կայուն վիճակում լինի, ապա ենթակառուցվածքների հարցը՝ զուգարանների, հանդերձարանների, նստարանների նորոգում, մոտ ապագայում լուծում կստանա։ Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆուտբոլի առաջնության շեմին բավականին գործ է արվել, իսկ եղած թերությունները ֆեդերացիայի օգնությամբ կշտկվեն, և Կապանում հանդես եկող թիմերն առավել մրցակցային կդառնան: Իսկ առաջին խաղում Կապանի «Գանձասարը» 3։2 հաշվով պարտվեց «Շիրակին»։

Կարդացեք նաև

Back to top button