ԿարևորՀասարակություն

Քովիդ-թեստավորումն ուսանողների համար դեռ պարտադիր չէ․ որո՞նք են նոր պահանջները

Քովիդի դեմ պատվացտումներից հետո հետպատվաստումային ինչպիսի՞ բարդություններ են եղել Հայաստանում, ինչո՞վ են տարբերվում  նոր շտամի ախտանշանները շրջանառվողից,  և  ե՞րբ կհասնեն պատվաստանյութերի նոր տեսակները Հայաստան․ «Ռադիոլուրը» զրուցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ։

Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ կանխատեսվում է նաև քովիդով հիվանդացության աճ, ուստի ուսուցիչները, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց և չունեն որևէ հակացուցում, պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն։

Պատվաստումները պարտադիր չեն լինելու, պարզապես որոշակի պահանջներ են սահմանվելու։ Նպատակը՝ հնարավորինս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը։

«Այդ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն ուսուցչական, դասախոսական անձնակազմին, այլև բոլոր աշխատող անձանց, ու կապ չունի՝ նա աշխատում է պետական, թե մասնավոր կառույցում։ Յուրաքանչյուր աշխատակից 14 օրը մեկ հանձնում է կորոնավիրուսի ՊՇՌ թեստ և բացասական արդյունքը ներկայացնում գործատուին։ այլընտրանքը պատվաստումը հավաստող փաստաթղթի ներկայացումն է»։

-Ուսանողների վրա ե՞ւս պարբերաբար թեստավորման պահանջը տարածվելու է։

— Ոչ, ուսանողների վրա այս պահի դրությամբ սահմանափակումներ նախատեսված չեն»։

-Իսկ սա չի՞ նշանակում, որ այսպիսով անուղղակի պարտադրվում է պատվաստումը քաղաքացիներին, քանի որ հակառակ դեպքում պետք է թեստավորման համար պարբերաբար գումար ծախսեն սեփական գրպանից։

«Կորոնավիրուսային համավարակը ոչ միայն առողջապահական, այլև գլոբալ  խնդիր է ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ անվտանգության առումով։ Այս համատեքստում պետությունը ձեռնարկում է որոշակի միջոցառումներ, որպեսզի հնարավորինս նվազեցնի վարակման ռիսկը, դրա արդյունքում հիվանդացություն, առողջապահական համակարգի ծանրաբեռնումը։ Իհարկե, դրա շնորհիվ կնվազեն նաև հիվանդության ծանր ընթացքն ու մահվան դեպքերը։ Եվ այս համատեքստում, այո, որոշակի սահմանափակումներ նախատեսվել են։ Սակայն եթե համեմատենք մեր երկրում  նախատեսվող սահմանափակումներն այլ երկրների հետ, մեզ մոտ ավելի մեղմ են այդ սահմանափակումները և նպատակ ունեն խրախուսել նաև պատվաստումային գործընթացը։Պարտադիր պատվաստումների մասին չենք խոսում։

-Իսկ հետպատվաստումային ինչպիսի՞ բարդություններ են եղելմեր տեղեկություներով՝ բավականին լուրջ բարդություններ են առաջացել  պատվաստվելուց հետո։

-Հնարավոր հետպատվաստումային ռեակցիաներն այնպիսին են, ինչպես բոլոր պատվաստումներից հետո։ Առավել հաճախ կարող են դիտվել տեղային ցավ, կարմրություն, այտուցվածություն, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, բայց այդ երևույթները 1-2 օրվա ընթացքում անցնում են առանց հատուկ միջամտության։ Որպես այդպիսին ծանր հետպատվաստումային դեպքեր չեն դիտարկվել։

-Հնարավո՞ր է աշնանը 3-րդ դեղաչափ ստանալու անհրաժեշտություն լինի։

Ներկա պահին ԱՀԿ–ի կողմից այդպիսի մոտեցում չի առաջարկվում, և մեր երկրում էլ չկա նման բան։ Երբ ապացուցողական բժշկության տվյալներ կլինեն, որ ավելի լավ իմունիտետի համար անհրաժեշտ է նաև 3-րդ դեղաչափը, այդ դեպքում մեր մեթոդական ուղեցույցները մենք կվերանայենք ու կհամապատասխանեցնենք միջազգային մոտեցումներին, այս պահին դեռ 2 ղեղաչափ է առաջարկվում։

-Նոր շտամի ախտանշանները շրջանառվողից  ինչո՞վ են տարբերվում։

Ախտանշանային առումով առանձնապես տարբերություններ չկան։ Հիմնական տարբերությունը վարակելիության մեջ է։ Նոր շրջանառվող «Դելտան» ավելի վարակիչ է և դրանով հանգեցնում է վարակի տարածմանը, ավելի շատ ծանր դեպքերի գրանցմանը և դրա հետեւանքով նաև մահացության ցուցանիշերի բարձրացմանը։ Աճի միտումներ դիտվում են ոչ միայն տարեց անձանց շրջանում, այլև բոլոր տարիքային խմբերում՝ երեխաների և դեռահասների շրջանում։

-Սպասվո՞ւմ են քովիդ-անվտանգության կանոնների փոփոխություններ։

Կանխարգելիչ միջոցառումները նույնն են՝ դիմակների կրում փակ տարածքներում, սոցիալական հեռավորության, ձեռքերի հիգիենայի պահպանում և, իհարկե, առանցքային դեր ունի նաև պատվաստումների իրականացումը։

-Իսկ ինչպե՞ս եք վերահսկելու։ Եղած ռեսուրսները կբավարարե՞ն արդյոք։

Իհարկե ռեսուրսների սղություն դիտվում է միշտ, բայց հնարավորինս արվում է, որպեսզի շատ իրազեկենք բնակչությանը և այս առումով նաև կարևորվում է յուրաքանչյուր անձի պատասխանատվությունը։

-Գիտենք նաև, որ առաջիկայում նախատեսվում է նոր տեսակի պատվաստանյութերի ներկրում ՀՀ։ Ե՞րբ  կհասնեն  դրանք Հայաստան։

Ճիշտ նշեցիք, բանակցություններ են տարվում նաև նոր տեսակի պատվաստանյութեր ձեռք բերելու շուրջ։ Մոտ ժամանակներում հնարավոր է նոր պատվաստանյութերի խմբաքանակներ ունենանք։

Կարդացեք նաև

Back to top button