ԿարևորՀասարակություն

Տպավորություն է, որ հայ տնտեսավարողները հայերի համար չեն աշխատում․ Լեզվի կոմիտե

2021թ առաջին կեսին Լեզվի կոմիտեն 63 վարչական վարույթ է հարուցել «Լեզվի մասին» օրենքի պահանջները խախտելու վերաբերյալ։ Վարչական դատարանում քննվել է դրանցից18–ը։ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին զարմացնում է՝ 11 գործի դեպքում Վարչական դատարանը կոմիտեի պահանջը մերժել է, 2 բողոք էլ ունեն Վերաքննիչ դատարանում։ Լեզվի կոմիտեի նկատած հիմնական խախտումները քաղաքի արտաքին հարդարման և սպասարկման ոլորտներում են։

Հայ հաճախորդ, հայկական գլուխ ու մազեր․ Լեզվի կոմիտեի նախագահը զարմանում է, թե ինչու այս դեպքում վարսավիրանոցի անունը պետք է անգլերեն լինի, իսկ ծառայությունների մասին գրվածքները՝  օտարալեզու։ «Լեզվի մասին» օրենքի պահանջները խախտողները հիմնականում հենց տնտեսավարողներն են՝ ասում է կոմիտեի նախագահը։

«Մտեք մեծ տոնավաճառներ, տպավորություն է, որ դրանց ներսում Հայաստան չէ․ «Տաշիր», «Ռոսիա Մոլ», «Մեգա Մոլ», այստեղ քայլում ես և տեսնում որ հայերենը շատ քիչ է»,– ասում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան

Հայաստանում շրջելիս տպավորություն է, որ տնտեսվարողները գործում են միայն զբոսաշրջիկների համար՝ ասում է Գյուրջինյանը։ Կոմիտեի նախագահը հիշեցնում է՝ «Լեզվի մասին» օրենքն ասում է՝ սրճարանների, սննդի կետերի ցուցանակները, նաև՝ ճաշացանկը նախ պետք է նախ հայերեն,  հետո միայն այլ լեզուներով ներկայացվեն։

«Սա Հայաստանն է, այս երկրի պետական լեզուն հայերենն է, հայերենը պետք է առաջնային ու գերակա լինի, դրանից հետո միայն կարող են լինել այլ լեզուների զուգակցումներ։ Տնտեսվարողներն իրենց հաստատությունների, խանութների, ճաշարանների «գլխին» դնում են մեծ, միայն օտարալեզու ցուցանակներ, և Հայաստանի քաղաքացին պիտի այդ օտար լեզուն իմանա, որ կարողանա հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։ Սա զարգացածության նշան չէ, մարդիկ սխալվում են, թե կարծում են իրենք նման կերպ եվրոպացի դարձան․ մենք ինքնատիպ ու հետաքրքիր ենք աշխարհին մեր լեզվով ու մշակույթով»,– ասում է Դավիթ Գյուրջինյանը։

Լեզվի կոմիտեն պարբերաբար օտար բառերի հայերեն թարգմանություններով բառացանկեր է հրապարակում։ Դավիթ Գյուրջինյանը հույս ունի, որ դրանք  ժամանակի հետ ավելի գործածելի կդառնան։ Շեշտում է՝ կյանքն այնքան արագ է զարգանում, որ հաճախ լեզվաբանները չեն հասցնում բառամթերքը թարմացնել։

Վերջին շրջանում շատ արդիական դարձած երկու բառերի՝ դելիմիտացիայի ու  դեմարկացիայի համարժեքները կան, բայց չեն կիրառվում։

 «Հայ մարդու ականջին այդ բառերը օտար են, դրանք երևույթի մասին ինչ–որ բան ասո՞ւմ են, իհարկե չեն ասում։ Բայց երբ ասում ենք սահմանագծում և սահմանազատում, ամեն ինչ պարզ է դառնում»։

2021-ի առաջին կեսում կոմիտեն  հարուցել է 63 վարչական վարույթ, դրանցից  18-ն արդեն քննվել է դատարանում։ Մյուս վարույթները դեռ դատաքննության փուլ չեն հասել դատարանների ծանրաբեռնվածության պատճառով։ Գյուրջինյանը վստահեցնում է՝ կոմիտեի նպատակը ոչ թե տուգանք նշանակելն է, այլ՝ լեզուն պահպանելը։ Գյուրջինյանը կոչ է անում քաղաքացիներին ավելի ակտիվ լինել, ահազանգել, հաղորդել խախտումների մասին։

Կարդացեք նաև

Back to top button