
Հետպատերազմական իրողություններում ադրբեջանական սադրանքներին և ՀԱՊԿ–ի պասիվությանը, կարծես թե, հաջորդում է նոր փուլ, որտեղ փոխվում են շեշտադրումները, փորձագետների կարծիքով՝ նաև գլխավոր դերակատարները։ Վերլուծական շրջանակների ուշադրությունից չի վրիպել սահմանային սադրանքի առնչությամբ ՌԴ ՊՆ–ի հայտարարության ոճի փոփոխությունը․ Մոսկվան առաջին անգամ մատնացույց է անում սահմանային սադրանքի «մեղավորին», իսկ ՀԱՊԿ հայտարարություններն էլ ավելի կոշտ են դառնում։
Փորձագետները նաև վերջին շրջանի զարգացումներում չեն զգում Թուրքիայի ներկայությունը։
ՌԴ-ն հետաքննություն է իրականացնում Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ուղղությամբ։ Հակամարտության պատմության մեջ թերևս առաջին անգամ սահմանային սադրանքի առնչությամբ նշվում է կոնկրետ հասցեատիրոջ անուն՝ առանց «կողմերին կոչ անելու» ավանդական ձևակերպման։
«Օգոստոսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու հարված են հասցրել՝ կիրառելով հարվածային կվադրոկոպտեր Լեռնային Ղարաբաղի զինված ձևավորումների դիրքերի ուղղությամբ։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից քայլեր են ձեռնարկվել իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու ուղղությամբ»,-ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
«ՀԱՊԿ-ի համար պարզ դարձավ, որ իր տեղը կարող են զբաղեցնել այլ պետություններ կամ ռազմական ալյանսներ»․ կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Բաքվում Մոսկվայի դեմ հասունացող լուրջ ընդվզումների մասին է գրում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Հաղորդագրությունների համադրությամբ պարզ է դառնում ևս մեկ խնդիր։ Ռուս խաղաղապահների արձանագրած միջադեպից և «գործողություններ ձեռնարկելուց» մեկ օր հետո՝ օգոստոսի 12-ին Արցախի ՊԲ-ն հայտնել է շփման գիծը ճեղքելու փորձի մասին: Ավելին հայտնի չէ, բայց փաստ է, որ իրավիճակը լարվում է արդեն ռուս խաղաղապահ առաքելության տիրույթում։
Ադրբեջանում հասունացող հակառուսական ընդվզումների մասին վկայում են նաև ռուս-ադրբեջանական փորձագիտական ու քաղաքական փոխադարձ կոշտ հայտարարությունները: Ադրբեջանցի նախկին դիվանագետ Իսֆանդիար Վաhաբզադեի մուտքը ՌԴ արգելվել է 50 տարով՝ ռուս ժողովրդին վիրավորելու համար։
Կարծիք կա, որ Ադրբեջանում դժգոհ են տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունից, նաև այն հնարավոր հեռանկարից, որ ռուսական ուժերը կարող են տեղակայվել նաև Հայաստան-Ադրբեջան շփման գծի երկայնքով։ Այս առաջարկն արել էր պաշտոնական Երևանը։ Ռուսաստանի ռազմական ներկայությունը հնարավորինս շատ տարածքներում, անշուշտ ՌԴ նախագահի «սրտով» է, ասում է «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը՝ հստակեցնելով, որ տվյալ դեպքում Մոսկվան ստիպված կլինի լսել նաև Ադրբեջանի կարծիքը, որը, կարծում է, դրական չի լինի։

Կրակոցների և քաղաքական հայտարարությունների տեսքով դժգոհությունը Ադրբեջանից վերջին շրջանում ավելի նկատելի է դարձել։ Մինչդեռ դրան զուգահեռ ռուս խաղաղապահները հայ-թուրքական սահմանը «պահելուց» բացի աստիճանաբար տեղակայվում են հայ-ադրբեջանականշփման գծի տարբեր հատվածներում։ Իսկ այդ ընթացքում տեսանելիորեն փոխվում է Հայաստան-ՀԱՊԿ և Երևան-Մոսկվա հռետորաբանությունը։ Նախ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծում իրադարձությունները սպառնալիք են ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի անվտանգությանը, դրանից անմիջապես հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հետաքրքիր շեշտադրում արեց՝ հստակեցնելով, որ «Հայաստանը Ռուսաստանի հիմնական գործընկերն է՝ Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում»։
Հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ մինչև վերջերս վերլուծական շրջանակները ՀԱՊԿ զգուշավորությունը պայմանավորում էին կառույցին Ադրբեջանի անդամակցության սպասումներով։ Այս կարծիքի կողմնակիցներից է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։ ՀԱՊԿ-ի հետ նոր հստակեցումների անհրաժեշտություն է տեսնում․
«Քաղաքական որոշման հետևանք է ՀԱՊԿ դրսևորած վարքագիծը։ Եկեք իրերը պարզ կոչենք՝ այս տարածաշրջանում ՀԱՊԿ-ի պասիվությունը հարաբերականորեն պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ադրբեջանը ռուսական այս կամ այն քաղաքական իսթեմբիշմենտի այս կամ այն շրջանակների կողմից դիտարկվում է ՀԱՊԿ-ի պոտենցիալ անդամ։ Այսինքն՝ ուղղակիորեն կողմ չդառնալ կոնկրետ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի՝ փորձելով հավասարակշռողի կարգավիճակը պահպանել, բայց եթե մենք վերանում ենք քաղաքական ասպեկտից և դիտարկում ենք այն իրավական հարթության մեջ, մենք այդ կառույցի ներսում պետք է «ժամացույցների սլաքները ճշգրտենք»։ Հակառուսականության կամ արևմտամետության դիրքորոշման մասին չէ խոսքը։ Եթե չեմ սխալվում , մենք այդ կառույցին անդամակցելու համար նաև գումար ենք վճարում, նաև որոշակի պարտավորություններ ու հանձնառություններ ունենք։ Հետևաբար, մենք իրավունք ունենք նաև այդ կառույցից պահանջելու»։
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը ենթադրում է՝ Ադրբեջանին տվյալ դեպքում փորձում է չհամաձայնել հետպատերազմյան եռակողմ հայտարարությունների հետ և Հայաստանի վրա ճնշումը մեծացնում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել ստիպելու համար, որով Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն նոր, հին կամ որևէ այլ ստատուս-քվոն։
Ստորագրվելիք փաստաթղթի մասին խոսում է նաև ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։ Նրա դիտարկմամբ՝ նախապատրաստվում է, ինչպես ինքն է անվանում, խաղաղության նոր փաստաթուղթ։ Ենթադրությունները քաղաքագետն արել է Փաշինյան-Պուտին, Ալիև-Պուտին հանդիպումների ընթացքում հնչած ձևակերպումների հիման վրա։

«Քաղաքագետը նկատել է, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինը խոսել է «բարդ փոխզիջումների» և «բարդ լուծումների» մասին, իսկ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Պուտինը շնորհակալություն է հայտնել «փոխզիջումային լուծումների» համար, որոնք ինչ-որ կերպ քննարկվում են և հնարավոր է, ինչ-որ ձևով արտացոլվեն փաստաթղթում», ասում է ռուս քաղաքագետը։
Ազդակները վերլուծելով՝ ռուս քաղաքագետը ենթադրում է, որ այս փուլում գործընթացներն ընթանում են առանց Թուրքիայի մասնակցության։ Ասում է՝ փաստացի եռակողմ աշխատանք է։
Հայաստանի խորհրդարանում նույնպես օրեր շարունակ ընդդիմադիրները իշխանական պատգամավորներից փորձում են հասկանալ, թե ինչ ենթադրյալ փաստաթուղթ է նախապատրաստվում։ Հստակեցումներ այս մասով խորհրդարանական մեծամասնությունը դեռ չի արել։




