ԿարևորՀասարակություն

Կադրային «քաղց»՝ ամենահեռանկարային ոլորտում․ ԱՏՁՄ-ն թեժ IT-աշուն է խոստանում

Միջազգային մակարդակի տեխնոլոգիական շաբաթ՝ Digiweek է խոստանում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Ամենամյա Digitec Expo-ն այս աշնանը կընդլայնի մասշտաբները։ Առաջին անգամ կանցկացվի  Digitec Summit․ համաժողովի օրակարգը դեռ ձևավորվում է։ Ցուցահանդեսին և համաժողովին զուգահեռ՝ հոկտեմբերի 27-28-ը կկայանա Hyetech Showcase 2021-ը՝ Սիլիկոնյան հովտում աշխատող մասնագետների խմբի ծրագրով, որը կարող է Հայաստան ներդրողներ բերել։ Իսկ արհեստական բանականության, նորարարության և վենչուրային ֆինանսավորման թեմայով միջոցառումները նոյեմբերի 1-3-ին են։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմն ընդգծեց տեխնոլոգիական նոր լուծումների կարևորությունը։ Այժմ պետական գերատեսչությունների հետ քննարկում են՝ ինչպես Հայաստանն ավելի պաշտպանունակ և կայուն պետություն դարձնել։ Ռազմարդյունաբերական  գործակցությունը քննարկումների առանցքում է։

«Չնայած տեխնոլոգիական ոլորտն ենք ներկայացնում, խոսքը միայն տեխնոլոգիաների ստեղծման մասին չէ, տեխնոլոգիաների կիրառման համար հատուկ ստորաբաժանումներ են պետք։ Այսինքն՝ մասնագետներ, որ կարողանում են նոր տեսակի զենքերը լիարժեք օգտագործել, և դա պետք է հիմա անենք, ոչ թե հաջորդ պատերազմի ժամանակ։ Այդ ուղղությամբ ևս պատրաստ ենք աշխատել մեր պետական գործընկերների հետ և կարծում ենք՝ ոչ մի օր չպետք է կորցնել»,-նշում է Քասարջյանը։

ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն ամփոփում է մինչ օրս գրանցած արդյունքները․ շուրջ 600 «Արմաթ» լաբարատորիա, որից 26-ը շուտով կբացվի։ Դիլիջանում բացվել է «Արմաթն օդում» լաբարատորիան, որպես այդպիսին՝ կրթվելու ավելի լայն հնարավորություն։ Նախատեսվում է բացել ևս 9-ը։ «Արմաթի» ներկայությունը  600 դպրոցում շոշափելի հիմք է ստեղծում, որ կրթական համակարգում IT փոփոխություններ արվեն՝ կարծում է ԱՏՁՄ վարչության նախագահը։

«Սա միության և պետության գործակցության շատ լավ օրինակ է, որովհետև պետությունը մինչ օրս «Արմաթի» զարգացման ուղղությամբ մոտ 3 մլրդ դրամ է ներդրել, ևս մեկոււկես միլարդ դրամ ներդրվել է մեր միության անդամ և ոչ անդամ՝ IT   այլ ընկերությունների կողմից: Սա այն  եզակի ծրագրերից է, որին Հայաստանի ողջ IT համայնքը մասնակցում է՝ ամեն մեկն ինչ-որ ձևաչափով»,-ասում է Եսայանը։

ԱՏՁՄ-ի  2021-25 թթ ռազմավարական ծրագրի ուղղություներն են կրթությունը և աշխատուժի զարգացումը, երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրությունը, գիտական հետազոտությունները, էլեկտրոնային կառավարումը և կիբերանվտանգությունը։ Դրա շրջանակում է նաև «Ինչու՞ Հայաստան» ծրագիրը, որն աշխարհին ներկայացնում է Հայաստանը երկու բաղադրիչով՝ ներդրումների հեռանկարներ և հայկական արտադրանքի արտահանում։ Մասնագետների կրթության հարցը փորձում են «Արմաթ» լաբորատորիաներով լուծել։ Կյանքի է կոչվել նաև «Բանակից ՏՏ» ծրագիրը՝ 138 մասնակցի համար։

ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենը ուղիղ կապ է տեսնում գիտական բնագավառի ֆինանսավորման եւ մասնագետների պատրաստման միջեւ։

Րաֆֆի Քասարջյան․ «Շատ հետաքրքիր պարադոքսի առջև ենք։ Մեծ անհավասարություն կա ոլորտում աշխատուժի պահանջի և ամեն տարի ավարտող ուսանողների միջև, որոնք կարող են աշխատաշուկա մտնել։ Եթե կարճաժամկետ նայենք՝ գուցե ասենք՝ մեզ չի հետաքրքրում գիտությունը, որովհետև գիտության «դիվիդենտները» կարող ենք տասնյակ տարիներ անց տեսնել։ Եթե ուզում ենք իրական արժեք ստեղծել Հայաստանում, դրա մի մասը գիտական աշխատանքի շնորհիվ է ստեղծվելու»։

Թեև ամեն տարի Հայաստանի IT ոլորտը 10–20 տոկոսով աճում է, սակայն ոլորտի ձեռնարկությունները տարբեր գնահատականներով ընդհուպ մինչև 10 հազար աշխատողի կարիք ունեն։  Կադրային «քաղցը» հագեցնելու նպատակով տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություներ ստեղծել են «Գիտուժ» նախաձեռնությունը և պահանջում են  պետությունից ավելացնել գիտության ֆինանսավորումը։

Կարդացեք նաև

Back to top button