
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կան բազմաթիվ ուղղություններ, որոնց նահանջից դժգոհում է ընդդիմությունը և կանխատեսում, որ միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշն իջնելու է։ Օրինակներ են բերում լրագրողների իրավունքների սահմանափակումից մինչև դատաիրավական համակարգ։
Մարդու իրավունքների ոլորտը խորհրդարանում համակարգելու է հենց ընդդիմությունը։ «Դոնթի բանաձևով» «Հայաստան» խմբակցությանը հասանելի 3 հանձնաժողովներից մեկը ընդդիմադիրները նախընտրել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցության փոխհամաձայնությամբ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ–ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը զիջել է և վստահել «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին՝ այդ խմբակցությունից առաջադրելով հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Խորհրդարանում կրկին թեժ է եղել։
Երկրի «ներսում» իշխանության կյանքը չեն թեթևացնելու, բայց «դրսում» հանդես են գալու պետության միասնական շահերից, հատկապես, երբ խոսքը Ադրբեջանի խախտած միջազգային կոնվենցիաների մասին է։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախ և առաջ նախանշում է ոլորտին առնչվող խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթությունը։
«Ի լուր աշխարհի պետք է շարունակ բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է հնարավոր բոլոր կոնվենցիաները, այդ թվում և «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007 թվականի փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան, «Ռազմագերիների հետ վարվելաձևի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան և առ այսօր միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ հրաժարվում է վերադարձնել մեր հայրենակիցներին»։
Ընդդիմությանը տրվող խորհրդարանական փոքր լծակը բավարար չէ, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ ի դեմս խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, կարողանա կյանքի կոչել հնարավորությունները՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին մի քանի օրում վերադարձնելու հարցում։ Վանեցյանը 2021–ի փետրվարին խոստանում էր իշխանության գալու դեպքում 3 օրում հայրենիք վերադարձնել հայ գերիներին․ «ՔՊ»-ից Զարուհի Բաթոյանն է հիշեցնում և հետաքրքրվում՝ տեղյա՞կ են՝ ինչ կապերի մասին է խոսքը։
Արձագանքում է Թագուհի Թովմասյանը։
«Նոր չէ կամ վերջին 3 տարիներին չէ, որ հեղափոխությունից հետո նա միամիտ հայտնվել է ԱԱԾ-ում և նոր պետք է կապեր ստեղծեր։ Իր մարդկային տեսակը ճանաչելով՝ ես վստահ եմ, որ իսկապես նա ունի շատ լավ մարդկային հարաբերություններ աշխարհի տարբեր երկրներում տարբեր մարդկանց հետ։ Պարոն Վանեցյանը հստակ ասել է․ «Երբ ես լինեմ իշխանություն»։ Իսկ նա այսօր ընդդիմադիր խմբակցության ղեկավար է և, բնականաբար, խոսում ենք տարբեր կարգավիճակների մասին, և իշխանություն չունենալը, բնականաբար, արդեն ֆիքսված է։ Հետևաբար՝ անկարելի է այս պահին այս կարգավիճակով լուծել այս հարցը»։
Պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքների խնդիրները նույնպես լինելու են մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի «խոշորացույցի» տակ՝ ծրագրել է Թովմասյանը։ Իշխանական պատգամավորներին հետաքրքրում է, թե որքանով է իրենց նախկին թիմակիցը պատրաստ քաղաքական պատասխանատվություն կրել իր քայլերի համար։ Նախորդ գումարման խորհրդարան Թագուհի Թովմասյանն անցել էր «Իմ քայլ»-ի ցուցակով, իշխող խմբակցության անդամ էր մինչև 2020 թվականի նոյեմբերը։
«Ես կրում եմ պատասխանատվություն իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց ես սովոր եմ պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ եմ։ Իսկ դուք շատ լավ գիտեք, որ խմբակցության ներսում և հատկապես պատերազմական իրավիճակում և դրանից հետո խմբակցությունը ընդհանրապես տեղյակ չի եղել, կամ գոնե ես՝ որպես խմբակցության ներկայացուցիչ, տեղյակ չեմ եղել իշխանության որևէ գործողության, տրամաբանության, դրանց հիմնավորումների մասին։ Եվ եթե տեղյակ չեմ, բնականաբար, չեմ կարող կրել պատասխանատվություն անտեղյակության համար»։
Պատասխանատվությունը և մարդու իրավունքները բախվում են, երբ խոսքը COVID-19-ի մասին է։ Համավարակի նոր՝ «դելտա» շտամի ալիքը կանխելու համար իշխանությունները հնարավորինս գործուն գործիքակազմ են կիրառում՝ բնակչության առնվազն 50 տոկոսին պատվաստման ուղղորդելով։ Որոշ դեպքերում դա դիտվում է որպես պարտադրանք, ինչն արդեն մարդու իրավունքների խախտում է։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը պնդում է՝ հանրային առողջությունը վեր է մարդու իրավունքներից․
«Շատ եվրոպական, ԱՊՀ երկրներում շատ ավելի խիստ մեթոդներ են կիրառվում՝ ընդհուպ մինչև հանրային վայրեր մուտքի արգելք, եթե անձը պատվաստված չէ։ Այստեղ մենք հնարավորություն ենք տալիս բնակչությանը որպես այլընտրանք որոշակի ժամանակահատվածը մեկ անցնել թեստավորում, եթե անձը չի ցանկանում պատվաստվել։ Այսինքն՝ այստեղ պարտադիր պատվաստման մասին խոսք լինել չի կարող։ Եվ եթե նույնիսկ տեսնում եք ենթադրաբար մարդու իրավունքների որոշակի ոտնահարում, ապա նշեմ, որ հանրային առողջությունը շատ ավելի բարձր է, քան այդ ենթադրվող ոտնահարումը։ Եվ այո, պետությունը պետք է շարունակի կիրառել որոշակի գործիքներ, որպեսզի բնակչությանը ստիպի, բերի դեպի պատվաստումներ»։
Եթե իշխանությունը պնդում է, որ դատաիրավական ոլորտում բարեփոխումների կարիք կա, ընդդիմությունը համոզված է՝ պետք է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Եվ այստեղ խոսքը միայն դատավորների իրավունքների մասին չէ։ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը հիշեցնում է դատավորներին գործերը մակագրող համակարգչի առգրավման մասին, ինչի հետևանքով մակագրումներն այժմ այլ կերպ են իրականացվում և օրինաչափությունը՝ կալանքը որպես խափանման միջոց ավելի շատ է սկսել կիրառվել։
Արամ Վարդևանյան․ «Մշտական հանձնաժողովը կարող է և պետք է այս հարցերի բարձրաձայնման տեսանկյունից առավել քան լուրջ դերակատարում ունենա։ Եթե 3 տարվա վիճակագրությունը նայենք քաղաքական, իրավական, զգայուն «ներվ» ունեցող գործերով մշտապես կալանքի գերակայման ինստիտուտն է գործում։ Ի դեպ, մենք տեսանք արդեն համակարգչային մակագրումից անցում դեպի ձեռքով մակագրման։

Թագուհի Թովմասյան․ «Տարիներ շարունակ Հայաստանում, այո, կա այդ խնդիրը և հատկապես հետհեղափոխական Հայաստանում կալանքը ընկալվում է որպես պատժամիջոց, այլ ոչ խափանման միջոց։ Կալանքի ինստիտուտի վերանայումը, ես կարծում էի, դատական բարեփոխումների այդքան խոստացված գործընթացի շրջանակներում պետք է մեղմվեր կամ, համենայնդեպս, կալանքը չընկալվեր որպես պատժամիջոց։ Ցավոք, մինչ օրս մենք ունենք նույն ավանդույթը, էլ չասեմ, որ ժողովրդավարությունից մեծ քայլով հետնահանջ է ձեռքով մակագրումը՝ ինչ պատճառով էլ ուզում է լինի»։
Իրավունքների պաշտպանության առումով մեկ այլ հարց է լրագրողների իրավունքների սահմանափակումը հատկապես խորհրդարանում։ Այս առումով արդեն կանխատեսումներ կան՝ միջազգային հարթակներում Հայաստանի վարկանիշը կարող է նվազել։





