ԿարևորՀասարակություն

Թուրքիայից հրդեհն Արմավիր չի հասնի. Փրկարարները պաշտպանում են հրդեհից ու սողուններից

Արմավիրի մարզում ամռանը սովորաբար 911-ի կանչերն ավելի շատ խոտածածկ տարածքներում հրդեհների հետ են կապված: Այս տարի մարզում նվազել են հրդեհները, ըստ այդմ՝ նաև ահազանգերը։ Փոխարենը ավելացել են սողունների վերաբերյալ ահազանգերը։ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում կանչերը տարաբնույթ են:  

 «911 ծառայություն…  փակ համարից զանգ եկավ, բայց կանչ չէր: Հեռախոսը երեխաների մոտ է լինում, չեն խոսում»։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի համակարգչային օպերատոր Վահրամ Սարգսյանն է:  5 րոպեում՝  3 զանg. հեռախոսի  մոնիտորին հեռախոսահամար չգրանցվեց: Օպերատորը ենթադրում է՝ հեռախոսում չկա բջջային օպերատորի քարտ, և այն երեխայի մոտ է, հավանաբար խաղում է, պատահաբար զանգում ճգնաժամային կենտրոն:

Այստեղ կանչերը բազմաբնույթ են՝ հրդեհ, փակ դուռ, ջրահեղձում, օձեր. «Օրվա մեջ ունեցել ենք 5 կանչ՝ տարբեր բնույթի, օձի կանչ, այսինքն՝ քաղաքացին տան բակում օձ է նկատել, հրշեջ  փրկարարները գնացել են, բռնել օձին և տեղափոխել անվտանգ վայր: Շահմար տեսակի ոչ թունավոր օձ էր:Ունեցել ենք հրդեհ, այրվել էր չոր խոտածածկ տարածք, որը բնորոշ է այս եղանակին»:

Նախկինում օձ նկատելու կանչերի ժամանակ  փրկարարները դիմում էին Արմավիրի կենդանաբուսաբանական այգու տնօրեն Արմեն Թադևոսյանի օգնությանը: Հիմա իրենք ունեն այդ հմտությունը։

Մարզային կառույցի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փոխգնդապետ Ջոնիկ Բարսեղյանը նշում է՝ այս տարի գյուրզայի խայթոցի դեպք չի գրանցվել․ «Որտեղ շահմար տեսակի օձ կա, այնտեղ գյուրզա չի լինում, որովհետև դրանք իրար դեմ պայքարող օձեր են։ Շահմարն ավելի ուժեղ ու հարձակվող օձ է: Հիմա մենք արդեն ունենք օձ բռնելու համապատասխան գործիքներ ու հանդերձանք: Արմեն Թադևոսյանին էլ չենք անհանգստացնում»։

Շոգին խոտածածկ տարածքներում  անխուսափելի են հրդեհներն ու դրանց առնչվող կանչերը, բայց այս տարի այդ թիվը նվազել է: Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը համեմատում է  2020-2021թթ հունիս և հուլիս ամիսների հրդեհների կանչերը.

«Հունիս-հուլիսին՝  ամռան հրդեհավտանգ ժամանակաշրջանում, 2021թ ունեցել ենք 103 հրդեհի կանչ, որից 60-ը՝ խոտածածկ տարածքներում,  43՝ այլ։ 2020թ նույն ժամանակահատվածում գրանցվել է 198 հրդեհ, որից 157 խոտածածկ տարածքներում, 41-ն ՝ այլ: Այսինքն՝ 2020 թվականի հունիս-հուլիսի  համեմատ այս տարի խոտածածկ տարածքների հրդեհների կանչերի թիվը  նվազել է 97-ով»:

Մեծ վտանգ են ներկայացնում աղբավայրերի հրդեհները, որոնց հրդեհաշիջումն ավելի բարդ է:  Մեկ ամիս առաջ այրվել էր Արմավիրի աղբավայրը, որը շարունակում էր ծխալ գրեթե 4 օր: Հրդեհը մարվել էր Արմավիրի քաղաքապետարանի «Բարեկարգում» կազմակերպության  և փրկարարների համատեղ ուժերով:

Հովհաննես Մարգարյանն է մանրամասնում. «Տարբեր գործոններ կարող են լինել, չեմ բացառում մարդու միջամտությունը, բայց այնտեղ բարձր ջերմության տակ կարող է ապակիներից հրդեհ առաջանալ: Հրդեհը բռնկվել էր մոտ 4 հա տարածքի վրա: Մենք ենք առաջինն արձագանքել, կանխել ենք տարածումն, այնուհետև հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանն իր ուժերով և միջոցներով»:

Արմավիրի Բարեկագում կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Արմեն Հարությունյանը հիմնական պատճառը համարում է աղբի տեսակավորված չլինելը.

«Քանի որ աղբավայրում տարբեր տեսակի աղբի թափոններ են գտնվում, այդ թվում՝ հրավտանգ նյութեր,հնարավոր է հրդեհն առաջացել է ապակու միջոցով, արևի ճառագայթներից: Խոչընդոտներով է տարածքը, մեքենան շատ չէր կարողանում  մոտենալ, ձոր է: Հրդեհը ձորի մեջ ու լանջերին էր: Ջրցան մեքենայով, թրթուռավոր տրակտորով ու ԱԻՆ փրկարարների հետ կարողացանք մարել»։

Արմավիրի մարզը սահմանակից է Թուրքիային, որտեղ մոլեգնում են հրդեհները: «Ռադիոլուրի» հարցին՝ Արմավիրի մարզին վտանգ սպառնու՞մ է, Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց.

 «Այս պահին վտանգ չկա, բայց չի բացառվում: Մեր տարածաշրջանում Թուրքիայից մեզ բաժանում է Արաքս գետը, որը թույլ չի տա՝ կրակը հասնի մեր կողմ: Դա կարող է հիմնականում լինել սահմանի այն հատվածներում, որտեղ բուսածածկ տարածքներ են, անտառներ»։

Ներկայում անտառային տարածքներում ԱԻՆ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում 2 հերթափոխով: Հրդեհներից  խուսափելու նպատակով դրոններով հսկում են կանաչ ծածկույթները:

Կարդացեք նաև

Back to top button