
«Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»,- այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի կառավարության պատկերացումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու քայլերի շուրջ:
«Թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար: Թե թշնամության մթնոլորտի խորացումն ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին: Սա ընդգծում եմ՝ ցույց տալու համար, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը: Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:
Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերի բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք:
Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»,- ասել է վարչապետը:




