
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնյաների արդեն երրորդ ցուցակը։ Գույքի և ունեցվածքի մասին տեղեկությունները հանձնաժողովին ներկայացնելու պարտավորությունն ու ժամկետները սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
Երեք ցուցակներում 700-ից ավելի պաշտոնյաների անուններ են՝ հիմնականում համայնքների ղեկավարներ, պաշտոնյաների օգնականներ և խորհրդականներ։ Հանձնաժողովն անպարտաճանաչ պաշտոնյաներին զգուշացնում է՝ ծանուցումից հետո հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հարուցվելու են վարչական վարույթներ, կիրառվելու են վարչական տույժեր։
-Ձեր ուղղաթիռը կա՞:
-Ես ուղղաթիռ չունեմ։
Այս երկխոսությունը խորհրդարանում օրերս ծավալվել էր իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքից ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի միջև։ Վերջինի ունեցվածքի մասին նիստերի դահլիճում մի քանի հարց հնչեց։
Վլադիմիր Վարդանյանին էլ հետաքրքրում էր Սարյանի ու Այվազովսկու նկարների ճակատագիրը։ Այն, որ դրանք իր սեփականությունն են, Վահե Հակոբյանը նշել էր իր հայտարարագրում։ Կնոջս օժիտն է՝ պատասխանել էր պատգամավորը:
8-րդ գումարման ԱԺ-ն ձևավորվել է օգոստոսի 2-ին։ Պաշտոնը ստանձնելու դրությամբ հայտարարագրեր ներկայացնելու համար պատգամավորները մեկ ամիս ժամանակ ունեն։ Այս տարի նրանք հայտարարագրելու են ոչ միայն իրենց ունեցած գույքն ու եկամուտները, այլ նաև ծախսերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ հայտարարագրման ենթակա ծախսերը մի քանի ենթախմբի են բաժանվում։
«Ծախսերը հայտարարագրման ենթակա են 2 պարագայում՝ կամ միանվագ ծախսը պետք է գերազանցի 2 մլն դրամը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը՝ 3 մլն-ը։ Ըստ բնույթի՝ ծախսերի տեսակները տարբեր են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախս, շարժական անշարժ գույքի համար վճարվող վարձավճար, ուսման կամ այլ դասընթացների վճար, գյուղատնտեսական գործունեության աշխատանքների համար վճարված գումարներ, վարկի մարման և անշարժ գույքի համար վճարված գումարներ։ Շեմերը գերազացելու դեպքում ծախսերը ենթակա են հայտարարագրման»։
Եթե նոր գումարման ԱԺ պատգամավորները դեռ ժամանակ ունեն, ապա մյուս պաշտոնյաների համար օրենքով սահմանված ժամկետները սպառվել են։ Նրանք նախորդ տարվա տարվա հայտարարագրերը պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեին մինչև այս տարվա ապրիլի 30-ը։ Հանձնաժողովն արդեն հրապարակում է պաշտոնյաների երրորդ ցուցակը, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը: Երեք ցուցակում 700-ից ավելի պաշտոնյաների անուններ են՝ հիմնականում համայնքների ղեկավարներ, պաշտոնյաների օգնականներ և խորհրդականներ։
Հանձնաժողովն անպարտաճանաչ պաշտոնյաներին զգուշացնում է ՝ ծանուցումից հետո հայտարարագրեր չներկայացնելու դեպքում հարուցվելու են վարչական վարույթներ, կիրառվելու են վարչական տույժեր։ Այս պահի դրությամբ որևէ պաշտոնյա վարչական տույժի չի ենթարկվել։
«Սկզբում ծանուցում ենք, դրանից հետո 30-օրյա ժամկետ է տրվում, որից հետո է վարչական վարույթ հարուցում և պատասխանատվություն սահմանվում։ Իսկ այս պահին նրանք դեռևս ծանուցվում են»,-ասում է Արամայիս Փաշինյանը։
Հանձնաժողովն իրականացվում է հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Եթե տվյալների համադրման արդյունքում պարզվի, որ պաշտոնյան գույք է ձեռք բերել, որի հնարավորությունը ոչ տարեսկզբին հայտարարագրած դրամական միջոցների, ոչ էլ տարվա ընթացքում ստացած եկամուտների տեսքով չի ունեցել, հանձնաժողովը սա արդեն ուսումնասիրության ենթակա հարց կհամարի։ Համալիր վերլուծության հիմք կարող է դառնալ նաև շատ կանխիկ միջոցներ հայտարագրելը։
«Իհարկե, օրենքով արգելված չէ կանխիկ միջոցներ պահել, բայց կանխիկի առկայությունը ռիսկային գործոն է համարվում, ու ստվերային գործարքները հիմնականում կատարվում են կանխիկ դրամական միջոցներով, ինչը պակաս վերահսկելի է։ Ի զարմանս ինձ՝ պաշտոնատար անձինք ունեցվածքը հիմնականում կանխիկ են պահում։ Մեր հարցումներին ի պատասխան՝ տարբեր հիմնավորումներ են ներկայացնում, բայց բոլոր պաշտոնատար անձանց ուզում ենք տեղեկացնել, որ հանձնաժողովը կանխիկի առկայությունը ի սկզբանե ռիսկային է համարում»։
Կոռուպցիայի հանձաժողովի անդամը չի հրապարակում ամենաշատ ու ամենաքիչ միջոցներ հայտարարագրած պաշտոնյաների անունները։ Ասում է՝ դեռ ամփոփում են։ Անուններ չնշելով՝ մատնանշում է հանդիպած հետաքրքիր դեպքերը։
«Դեպքերի մեծ մասը կապված է նվիրատվությունների հետ։ Օրինակ՝ պաշտոնատար անձը կամ ընտանիքի անդամը խնամուց կամ տատիկից ստացել է 100 հազարավոր դոլարների նվիրատվություն։ Կամ տարվա ընթացքում տեսնում ենք, որ պաշտոնատար անձանց դրամական միջոցների տարեկան ծախսը գերազանցել է 100 միլիոն դրամը, և խոսքն ընթացիկ ծախսերի մասին է»։
Հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ՝ պաշտոնյաներին տուգանելով մինչև 400 հազար դրամի չափով: Եթե գույքի էական փոփոխությունը կամ ծախսը ողջամտորեն չի հիմնավորվել օրինական եկամուտներով, կամ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա հանձնաժողովը վերլուծությունները կարող է ուղարկել նաև գլխավոր դատախազությունը։







