ԿարևորՀասարակություն

Բանակից գողացվածը վերադարձվելու է բանակ․ թեժ քննարկում ԱԺ-ում

Հների և նորերի քաղաքական բանավեճը խորհրդարանում իրավիճակը լարել է այնքան, որ նիստերի դահլիճում այսօր առաջարկ է հնչել՝ հանգիստ թողնել պատերազմից հետո թիրախավորված բանակը։ Երկու օր է Ազգային ժողովում քննարկում են պաշտպանական ոլորտի մշտական հանձնաժողովի ձևավորման և նախագահի թեկնածուի հարցը։ Առարկայական քննարկման փոխարեն, սակայն, օրակարգում  դարձյալ հնի և նորի վեճն է՝  զինվորի օրապահիկից և վառելիքի գողությունից մինչև ԶՈՒ-ԳՇ փոխհարաբերությունների խզում։

Պատերազմից հետո և հատկապես վերջին երկու օրերին խորհրդարանում թիրախավորվել է հայկական բանակը, որի տարեգրությունը բաժանվել է փուլի՝ մինչև 2018 թվականը և դրանից հետո։ Նախկին և ներկա պատգամավորները հակադրում են նախկին «տուլիկները» և ժամանակակից «ելակները», չեղած ԱԹՍ-ները և Մոնումենտի, Վահագնի թաղամասի դղյակները։ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր օրինակով էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հիշեցնում վերջինի ղեկավարած ԶՈՒ-ում տիրող իրավիճակը։

«Այդ սոված զինվորներից մեկը կամ այն մարդը, որ տեսել է այդ սոված զինվորներին, ես եմ, պարոն Օհանյան, տեսել եմ, թե ինչ են տալիս զինվորներին որպես սնունդ։ Եվ այո, այդ օրերին մեր ծնողները լավ «տուլիկներ» էին ուղարկում։ 44-օրյա պատերազմի այս ելքը հասունացել է մոտ 30 տարի, պատերազմի այս ելքը հասունանում էր այն ժամանակ, երբ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի գեներալներից մեկը անօդաչուներն անվանեց «թռչուն»։ Պատերազմն այդ ժամանակ արդեն հասունանում էր։ Հիմա, երբ ձեր խմբակցության անդամները փորձում են մեղավորներ կարգել և Դուք էլ ասում եք, որ չեք հասկանում ու չեք ընդունում՝ ինչ է տեղի ունեցել, ես ուզում եմ հարցնել ՝ ո՞վ չի հասկանում ինչ է տեղի ունեցել, հիմա ո՞վ է մեղավոր»։

Ապրիլյան պատերազմից հետո ձևավորված այլ իրողությունների մասին է խոսում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը․

«Ապրիլյան պատերազմից հետո ծրագրի մեջ կար մեծ քանակությամբ ԱԹՍ գնելու պլան։ Ինչո՞ւ այդ ամենը չի իրականացվել։ Անհամեմատելի են այն գործողությունները, որոնք կատարվել են մինչև 2018 թվականը և 2018–ից հետո։ Իհարկե, թերություններ եղել են, բայց  այսօր շեշտը դնել այդ թերությունների վրա չի կարելի»։

Չի կարելի համեմատել 30 տարվա և 3 տարվա արածն ու չարածը՝ ասում էին պատգամավորներն ու շարունակում մեղադրել իրար։ Նախկին պաշտպանության նախարարը շարունակում էր պաշտպանվել․

«Այս իշխանությունների օրոք է, որ բարեփոխումների շրջանակում, ասենք՝ խաթարվել է այնպիսի կարևոր սկզբունք, ինչպիսին ՊՆ և ԳՇ հարաբերություններն են»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն իր բացատրությունն ունի կապի խզման մասին։ Անդրանիկ Քոչարյան․

«Պետք է ԳՇ-ն կառավարեր այդ գործողությունները։ Նախկինում մենք ունեցել ենք շատ ավելի ծանր պահեր, բայց հաղթահարել ենք։ Դրա համար 44-օրյա հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է ունենա լայն լեգիտիմություն և մեծ հնարավորություններ։ Եվ նույնիսկ հիմա՝ հետպատերազմյան շրջանում, դեռևս ակնհայտ դիմադրություն կա պետական համակարգում, բանակում և այլուր։ Բոլորս ենք հիշում, որ 44–օրյա պատերազմից հետո այդ ժամանակ դեռևս արտախորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չդատապարտեց ԳՇ՝ քաղաքական բնույթի հայտարարությունը, այլև կոչ արեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին բանակի միջոցով իշխանությունը բռնազավթել։ Սա ապացուցում է, որ տասնամյակներ շարունակ բանակը եղել է քաղաքականացված, օգտագործվել է տարատեսակ քաղաքական նպատակներով և հանդես է եկել որպես օրվա իշխանության սպասարկու»։

Փոխադարձ մեղադրանքներում հնչած տարբեր դեպքերի և հանգամանքների մանրամասները չենք ներկայացնում, քանի որ համոզված չենք, որ մեղավորներ գտնելու մոլուցքի մեջ պատգամավորները չեն հրապարակել թշնամու համար հետաքրքիր փաստեր։ Բանակը հանգիստ թողնելու առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Եկեք դադարեցնենք բանակին ուղղված բոլոր մեղադրանքները։ Բանակը երբեք իդեալական չի եղել, բայց բանակը մեր բանակն է։ Մեր բանակը հաղթել է առաջին Արցախյան պատերազմը, այդ բանակը մինչև 2016 թվականը այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016–ին այնպիսի հակահարված է տվել, որ հրադադար են աղերսել մեզանից և այդ բանակը՝ մեր տղերքը իրենց հրամանատարների հետ 44 օր պատերազմել են աշխարհի հզորագույն երկրների զինված ուժերի դեմ։ Այդ բանակն է, որին պետք է հարգանքով վերաբերվել»։

ԱԺ–ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ըստ ամենայնի,  կընտրվի Անդրանիկ Քոչարյանը։ Բազմաթիվ ծրագրեր կան անվտանգային և պաշտպանական ոլորտներում, որոնք պետք է կյանքի կոչվեն՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Բանակի հանդեպ հարգանքը, սակայն, չի տարածվելու օրինազանց նախկին պաշտոնյաների վրա՝ ասում է Անդրանիկ Քոչարյանը։  

«Որևէ բան չի մոռացվել, և տարիների ընթացքում բանակից գողացվածը վերադարձվելու է բանակ՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում են ԶՈՒ-ն  տասնամյակներով թալանողները։ Հուսով եմ, որ բանակից թալանվածը հնարավորինս շուտ կհանձնվի բանակի տնօրինմանը, նախքան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի տարածումը դրանց վրա։ Մեկ նախաձեռնությամբ հանդես գամ․  հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում հանձնաժողովի արտագնա նիստ կուզեմ կազմակերպել Վահագնի թաղամասում, Մոնումենտում, Սևանի ավազանում, որպեսզի մենք այդ խոսակցությունները դադարեցնենք՝ սա պատկանում է այս զինվորականին, այն զինվորականին, որպեսզի մենք մաքրենք այդ էջը և գնանք առաջ»։

Պաշտպանական և անվտանգային ոլորտների առնչվող ծրագրերում և ռազմավարություններում բազմաթիվ փոփոխություններ են նախատեսվում ՝ վստահեցնում են խորհրդարանում,  նաև  հայտարարում, որ այդ քննարկումների մեծ մասն անցկացվելու է դռնփակ ռեժիմով։  

Կարդացեք նաև

Back to top button