ԿարևորՀասարակություն

Հարկային նոր կանոններ՝ էլեկտրոնային ծառայությունների համար

Հարկային օրենսգրքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ընկերություններին վերաբերող  փոփոխությունը ոչ միայն կավելացնի հարկային մուտքերի ծավալը, այլև հարկային նույն ռեժիմը կապահովի տեղական և օտարերկրյա ընկերությունների համար։ 

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝  այս փոփոխությունը մեկ քայլ առաջ կտանի համակարգը,  դաշտ կմտնեն նոր ընկերություններ, որոնք աշխատում են էլեկտրոնային հարթակներում։  Փորձագետները համոզված չեն, որ, օրինակ,  օնլայն տաքսիները  լիարժեք հարկման դաշտ բերելը օրախնդիր է, ավելին՝ լուրջ խնդիրներ չի առաջացնի։ 

Facebook, Google, Booking, Netflix և այլ օնլայն հարթակներում ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, որոնք գովազդի միջոցով  գումար են վաստակում, պետությանը ԱԱՀ են վճարելու։

Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությամբ՝ էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները ևս կհարկվեն։

Խոսքը ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների մասին է, քանի որ կազմակերպությունների դեպքում ԱԱՀ-ի վճարման հարաբերություններն արդեն կարգավորված են։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխության  հիմ­­նական նպատակը Հարկային օրենսգրքով «էլեկտրոնային ծառայություն»  հասկացության հստակեցումն է, դրանց  կանոնների սահմանումը, ինչպես նաև հարկման  կարգավորումներ նախատեսելը:

Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այս փոփոխությամբ պետական բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։ Օրենքի նախագծով նաև հավասար մրցակցություն կապահովվի տեղի և դրսի ընկերությունների միջև՝ ասում է նախարարը։

«Այն բոլոր մարդիկ, որոնք եկամուտ են ստանում, պետք է նաև մասնակցեն պետության կարիքների ծախսերին։ Այս օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո Yandex-ն առնվազն 1 մլրդ դրամի ԱԱՀ կվճարի, կհավասարվի GG-ին»։

Նախարարը հայտնեց, որ մտադիր են առաջիկայում ընդունել  և մինչև տարեվերջ գործարկել առաջարկվող փոփոխությունները։ 

«Այս տարի արդեն մի քանի քննարկում ենք ունեցել տաքսի և ուղևորափոխադրումների ոլորտների հարկման վերաբերյալ։ Ընդամենը մեկ-երկու հանդիպում, և համապատասխան նախագծերը կմտնեն շրջանառության մեջ»։

Մինչ կառավարությունում քննարկում են օնլայն տաքսիների ոլորտը կարգավորելու տարբերակները,  «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանը սրտնեղում է՝  այս երկրում չի թանկանում միայն տաքսին ու լուցկին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ կողմ է  բոլորին հարկման դաշտ բերելուն։

 «Արդեն քանի տարի է օնլայն տաքսիների ցեղասպանության զոհերից ենք, որից մեկը՝ ես։ Տարիներ առաջ նախարարությունում օնլայն տաքսիների ներկայացուցիչներին հարց տվեցի՝ դուք լիցենզավորվա՞ծ եք, որ այդ գործունեությունը ծավալում եք որպես տաքի։ Փոխնախարար  Առաքելյանն ասաց՝ «Յանդեքը» տաքսի չէ։ Բայց բոլորդ տեղյակ եք, չէ՞, որ «Յանդեքսը» տաքսի է, և եթե տեղյակ եք, գիտեք, որ հարյուրավոր միլիոն դրամներ են աշխատում և հարկ չեն վճարում։ Պետք է կապ չունենա՝ անհա՞տ է, սերվի՞ս, թե՞ օնլայն ծառայություն։ Պետք է հարկվեն հավասարաչափ»։

Թե որքանով է իրատեսական բոլորին հարկման դաշտ բերելը և ինչ կտա դա բյուջեին, հետաքրքրվեցինք  տնտեսագետ Գագիկ Մակարյանից։ Կառավարությունը պետք է գնա տնտեսության զարգացման ճանապարհով, բայց դրա համար սխալ ուղի է ընտրել ՝ ասում է զրուցակիցս։

«Դա կարող է որոշակիորեն թանկացնել այդ սերվիսը։ Կարող են անցնել ստվերի՝ նայած, թե ինչպիսի մեխանիզմներ կլինեն։ Նախ՝ պետք է հաշվառման ինչ-որ կարգ մտցվի։ Գիտեք, միկրոբիզնեսը մինչև 24 մլն դրամ հարկերից ազատված էր, բայց հիմա մենք սկսում ենք խառնել այդ շեմերը, որովհետև այս փոփոխությունները կարող է գումարային առումով տարածվեն նաև մասնավոր տաքսիստների վրա։ Այսինքն՝ իրենց տարեկան շրջանառությունն էլ, հնարավոր է, 24 մլն-ը չի գերազանցում, բայց մենք մի դեպքում ազատել ենք, մյուս դեպքում հարկեր ենք մտցնում։ Եթե պետությունն այդ ճանապարհն ընտրեց, միայն տաքսիներով կարող է խնդիրը չսահմանափակվել։ Նաև տաքսի սերվիսները կարող են թանկանալ կամ որոշակի ստվերի անցնել»։ 

Էկոնոմիկայի նախարարը ևս չի բացառում, որ հարկման ռեժիմի փոփոխությունը  հնարավոր է բարձրացնի տաքսի ծառայությունների գինը։ Բայց եթե գնի հետ  սպասարկման որակն էլ բարձրանա, նորմալ կլինի՝ կարծում է Վահան Քերոբյանը։

«Եթե արդյունքում գնի և որակի համաչափ բարձրացում տեղի ունենա, ապա մենք դրան շատ նորմալ ենք  նայում»։

Տաքսիները թանկացումը հնարավոր է նաև տրանսպորտի մյուս տեսակների թանկացմանը հանգեցնի՝ նկատում է Գագիկ Մակարյանը։ Կարծում է, որ բյուջեի մուտքերը մի քանի միլիոնով  ավելացնելու համար չարժե նման լարվածություն առաջացնել։ Համոզված է՝ պետությունը պետք է զգույշ լինի, որ հարկերի հետևից ընկնելով ՝ավելի լուրջ խնդրի՝ գների թանկացման վտանգի առջև չկանգնի։ Վերահսկողություն ապահովելը նույնպես հեշտ գործ չէ՝ կարծում է զրուցակիցս։ Տեսչական առկա ռեսուրսները, նրա խոսքով,  բավարար չեն նման լայնամասշտաբ վերահսկողության համար։

Կարդացեք նաև

Back to top button