ԿարևորՔաղաքական

Արդյո՞ք Զասի այցը ՀՀ փոփոխություն կմտցնի ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստանում է։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունեցել Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։

Ինչ է ակնկալվում այցից, և ինչ նպատակով է կազմակերպվել այցը Հայաստան՝ քաղաքագիտական շրջանակներում կարծիքները տարբեր են։

ՀԱՊԿգլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այցելում է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի կողմից հնչած երկու ուշագրավ հայտարարություններից հետո։ Առաջինով  հուլիսի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր․ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը՝  կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: 

Զասը հստակեցրել էր, որ ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի`անդամ երկրներից մեկի վրա հարձակման  դեպքում:

Զասը նաև Աստծուն գոհունակություն էր հայտնել, որ զոհեր ու  կրակոցներ չեն եղել։  Բայց  զոհեր ու կրակոցներ եղան այս  հայտարությունից հետո՝ արդեն հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ Զասն անընդունելի համարեց ուժի կիրառումը և մտահոգություն հայտնեց։

Ինչ հիմնական նպատակով և երբ է ծրագրվել այցը՝ պաշտոնական պարզաբանումներ չկան։ Հայաստանյան այցի օրակարգում առաջին կանգառը ԱԳՆ-ում էր։ Պաշտոնական հայտարարությունից տեղեկանում ենք՝ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Զասին ներկայացրել է  Հայաստանի սահմաներին ստեղծված իրավիճակը, որ մայիսի 12 -ից   ադրբեջանական զինուժը Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով  հատել է  սահմանը և մինչ օրս չի հեռացել Հայաստանի տարածքից։ Դրա հետևանքով տեղի են ունեցել բախումներ ադրբեջանցի ու հայ զինվորականների միջև, կան զոհեր։ 

ՀԱՊԿ քարտուղարին  ներկայացվել են նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները նաև Նախիջևանի տարածքից։ Ուշադրություն է հրավիրվել նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Զասը խոստացել է,որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մի քանի  պատճառ է  նշում՝ թե ինչու է հենց հիմա Զասն այցելում Հայաստան։

«Հայաստանում ՀԱՊԿ-ի դիրքորոշման հետ կապված դժգոհություններ կան։ Ամեն դեպքում մենք պետք է հավատանք, որ ՀԱՊԿ-ի ղեկավարը  դժգոհությունը կքննարկի, ու կթուլացնեն լարվածությունը»։

Դեռ մայիսին՝ ադրբեջանական  ուժերի՝ ՀՀ ինքնիշխան  տարածք ներթափանցումից օրեր անց Հայաստանն աջակցության ակնկալիքով  դիմեց ՀԱՊԿ-ին։ Սակայն ՀԱՊԿ-ին ուղղված դիմումներն ակնկալվող արձագանքին  չարժանացան։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը լավատես չէ․ նշում է՝ չնայած Զասի այցի նպատակները բարձրաձայնված չեն, սակայն այցը չի փոխելու ՀԱՊԿ վարքագիծը Հայաստանի խնդիրների և հայ-ադրբեջանական հարցի հանդեպ։

Հակոբ Բադալյան․ «Չենք կարող ասել՝ ինչու է Զասն այցելել Հայաստան,․արդյո՞ք աշխատանքային այց է,քանի որ 2021 թ-ի սեպտեմբերին Հայաստանը ստանձնում է նախագահությունը, թե՞ ընթացիկ հարցեր կան,  որոնք առաջացրել են Երևան գալու անհրաժեշտություն։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը   հնչեցրեց սահմանին դիտորդների տեղակայման հարցը, որը թույլ կտա կազմակերպությանը  տեղեկանալ, թե  ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին։ Ու պարզ չի Զասի հետ քննարկելո՞ւ էայդ հարցը և ի՞նչ համատեքստում»,-ասաց Բադալյանը։

Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ անդամների  ճնշող մեծամասնությունն իրականում շատ ավելի լուրջ դաշնակցային հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, քան Հայաստանի հետ:

«Հայ-ադրբեջանական այս կոնֆլիկտի ֆոնին Երևանը որքան բարձրաձայնում է ՀԱՊԿ մեխանիզմների հարցը, այդքան ՀԱՊԿ-ը հայտնվում է անհարմար վիճակում։ Կազմակերպությունը բացարձակ ի վիճակի չէ անվտանգային պատասխանատվություն և պարտավորություն իրացնել,  քանի որ սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից էլ՝ որքան Երևանը այդ հարցերը բարձրացնում  է, ՀԱՊԿ-ը, հայտնվելով անհարմար վիճակում, ստիպված պատասխան է տալիս որոշ   հարցերի։ Գուցե Զասի այցը  նպատակ ունի Երևանի հետ ճշգրտել այս իրավիճակը, որպեսզի ավելի քիչ  բարձրացնի ՀԱՊԿ պատասխանատվության հարցը»,-ասաց Բադալյանը։

2021-ի սեպտեմբերին ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնում է Հայաստանը: Նախագահող ե րկրի կարգավիճակը գուցե տալիս  է որոշակի նախաձեռնությունների  հնարավորություն,  բայց կազմակերպության քաղաքականությունը  մշակվում է  անդամ երկների մակարդակով։  Այս իմաստով, ըստ  քաղաքագետի,  նախագահողի կարգավիճակ, այն կարգավիճակը չէ ,որը թույլ կտա քաղաքականություն փոխել։  Բայց, միևնույն ժամանակ, թույլ կտա Երևանին ավելի ակտիվ և հստակ օրակարգ կազմել ու դրանում ներառել այն հարցերը որ մեզ հուզում են։

«Սա իհարկե ՀԱՊԿ-ի երկրների համար  ստեղծում է դիսկոնֆորտ։Այս տեսանկյունից   հարցադրում եմ անում,արդյո՞ք Զասը չի եկել փորձելու համոզել Երևանին՝  չգնալ այսպիսի  սուր հարցադրումների ու   չստեղծել այդ անհարմար վիճակը  ՀԱՊԿ անդամ երկրների համար»,-ասում է Բադալյանը։

Արդյո՞ք  Զասի այցը Հայաստան փոփոխություն կմտցնի   ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում՝ քաղաքագիտական շրջանակներում դեռ սպասում են ընթացող այցի արդյունքներին։

Կարդացեք նաև

Back to top button